Հարցազրույց

«Հրապարակ». Սկսել եմ կասկածել, որ մինչեւ 2026 թվականը Փաշինյանը կմնա իշխանության

«Հրապարակ». Սկսել եմ կասկածել, որ մինչեւ 2026 թվականը Փաշինյանը կմնա իշխանության

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու պատրաստակամություն հայտնելուց մի քանի ժամ հետո ձերբակալվեց:

Նիկոլ Փաշինյանն այդ մի քանի տողից ուղղակի կորցրել էր ինքնատիրապետումն ու իրեն բնորոշ ոչ կիրթ արտահայտչամիջոցներով սպառնում էր Կարապետյանին: Մարդիկ հավաքվել էին նրա տան մոտ, եւ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն խուսափել էին որեւէ քայլ անելուց` մինչեւ գիշերվա ժամը 3-ը, երբ բազմությունը մի քիչ նոսրացել էր: Սամվել Կարապետյանի տուն ժամանած փոխոստիկանապետի ուղեկցությամբ նա նստեց ոստիկանական մեքենան եւ գնաց ՆԳՆ 6-րդ` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:

Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանի հետ զրուցեցինք վերջին իրադարձությունների մասին:

- Ինչո՞ւ Փաշինյանն այդքան բուռն արձագանքեց Սամվել Կարապետյանի հայտարարությանը, եւ պատահակա՞ն էր, որ այն արվեց Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելուց առաջ:

- Իմ տպավորությունն այն է, որ Սամվել Կարապետյանն այս պահին մտադրություն չուներ մտնել ինչ-որ առճակատման մեջ: Ուղղակի այդ պահին լրագրողի էր հանդիպել, նա հարց էր տվել եկեղեցու մասին, եւ ինքը պատասխանել էր: Եվ դա համընկել էր Փաշինյանի` Թուրքիա այցի հետ ու, բնականաբար, կապ ուներ Եկեղեցու դեմ սկսված հալածանքների հետ: Դա արդեն ակնհայտ էր, մնացածն արդեն ենթադրությունների դաշտւմ է գտնվում:

- Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո մի շարք հայտնի ռուսներ հանդես եկան նրա օգտին, եւ շատերը դրա մեջ կազմակերպված ակցիա տեսան:

- Սամվել Կարապետյանը բավականին խոշոր գործարար է եւ Ռուսաստանում ունի համբավ, ընկերական շրջապատ, մարդիկ, որոնց ֆինանսավորել է, ըստ երեւույթին՝ բարեգործական ծրագրեր եւ այլն, եւ դրա համար իրեն, ես կարծում եմ, այդ անձինք պաշտպանում են՝ զուտ ելնելով նրա հետ ունեցած ընկերական կամ մտերմիկ հարաբերություններից: Չեմ կարծում, որ սա քաղաքական պաշտպանություն է, բնականաբար, նա Ռուսաստանի քաղաքացի է, նա Հայաստանում մեծ գործեր է արել, եւ տրամաբանական է, որ նրան պաշտպանում է ե՛ւ Ռուսաստանի իր շրջապատը, որի հետ ունի մտերիմ հարաբերություններ, ե՛ւ Հայաստանից են պաշտպանում, ե՛ւ սփյուռքի օջախներից է եղել պաշտպանության խոսք, եւ տեսաք, թե ինչքան մարդ էր եկել նրան պաշտպանելու, պատրաստ էին գիշերը մնալ այնտեղ։ Այսինքն՝ շեշտը դնել միայն Ռուսաստանից եկող հայտարարությունների վրա՝ այդքան էլ ճիշտ չէ:

- Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն երկար սպասում էին: Շատերն այս վարկածն առաջ քաշեցին` որ եթե նրանք Փաշինյանին ամբողջությամբ ենթարկվեին, ոտքները կախ չէին գցի: Արդյո՞ք այս կառույցները չեն կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգը:

- Ես չգիտեմ ներքին տեղեկություններ, կարող եմ միայն ենթադրություններ անել: Քանի որ Կարապետյանի ձերբակալությունը որոշ ժամեր պահանջեց, նաեւ աշխատանքից հեռացվեց ԱԱԾ ղեկավարը, կարելի է կապ տեսնել այդ՝ վարչապետ կոչվածի ուղիղ հրահանգները չկատարելու հետ: Ես կարծում եմ՝ իրավապահ համակարգը հասկանում է, որ իրենք եթե շարունակեն անօրինական հրահանգները, ապա մի օր պատասխանատվության են ենթարկվելու, եւ այդ օրը բավականին մոտ է: 2026 թ. ընտրությունները մոտ են, եթե մինչ այդ այս գործող վարչապետը չհեռացվի իշխանությունից: Բնականաբար, այդ մարդիկ հասկանում են, որ մի քանի ամիս մնալ իշխանության ու հանուն դրա, որ դու հետագայում պատասխանատվության ենթարկվես ու ամբողջ կյանքդ ամոթով ապրես, նախընտրում են առաջին տարբերակը՝ հեռանալ կամ չկատարել այդ հրահանգները: Դա նշանակում է, որ այս վարչապետի ոտքերի տակից հողը գնում է, որովհետեւ մարդիկ չեն ուզում անօրինական հրամաններ կատարել:

- Իսկ Աբազյանի հեռացումը կապ ունե՞ր Կարապետյանի հետ, թե՞ պարզապես «արժանապատիվ» հանգստի է ուղարկում` ցնցումներից առաջ:

- Ես կարծում եմ՝ մարդը չի ցանկացել անօրինական հրահանգներ կատարել, առավել եւս՝ նման հանրային հնչեղություն ունեցող գործի հետ կապված:

- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սասանվո՞ւմ է:

- Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սարսափելի ցածր է, եւ ինքը վերընտրվելու հնարավորություն չունի, նաեւ իր թիմը դա արդեն լավ հասկանում է, եւ կարող է թիմն էլ սկսել ճաքեր տալ, եւ դրա համար ինքը հենց այդ հիստերիկ վիճակի մեջ է ընկել, ուզում է ցույց տալ, որ ինքն իրավիճակը վերահսկում է, որ կարող է պատժել, եւ այս բառապաշարը, այս քայլերը ես գնահատում եմ որպես պանիկայի հետեւանք:

- Իսկ Կարապետյանին պատկանող պիցցայի մասնաճյուղերի գործունեության դադարեցումն ինչո՞վ եք պայմանավորում:

- Ես կարծում եմ, որ դրանով ինքն ազդանշան է տալիս նաեւ մյուս գործարարներին, որոնք ընտրությունների ժամանակ ֆինանսավորում են ՔՊ-ին եւ իր պարտնյորի հիմնադրամը, որը եւս կօգտագործեն քաղաքական նպատակների համար: Այսպես վախեցնում է, որ նրանք մնան իր ազդեցության տակ եւ չփորձեն ֆինանսավորել մյուս քաղաքական ուժերին, որն օրենքի տառին համապատասխանում է. գործարարները եւս քաղաքացի են եւ իրավունք ունեն օժանդակել այն քաղաքական ուժերին, որոնք իրենց համար ավելի ընդունելի են: Նույն ԱՄՆ-ում կան հիմնադրամներ, որոնք բացեիբաց ֆինանսավորվում են տարբեր գործարարների, քաղաքացիների կողմից։ Դա օրենքի շրջանակներում է: Հիմա ինքն ուզում է վախի մթնոլորտ ստեղծել, որ կպատժի, բիզնեսներին հարված կհասցնի, կսնանկացնի, եթե իրեն չենթարկվեն: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նրա համար սա ինչ-որ դաժան հարված չի լինելու՝ պիցցաների ցանցը, նույնիսկ էլեկտրացանցը եթե իր ձեռքից վերցնեն, նա դրանով չի սնանկանա, բայց դա ազդակ է մյուսների համար:

- Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը կհասնի՞ մինչեւ մյուս ընտրություններ:

- Տեսնելով վախի, պանիկայի մեջ գտնվող այս անձի քայլերը, խուճապը, որը գնալով ուժեղանում է, ես արդեն սկսել եմ կասկածել, որ մինչեւ 2026 թվականը ինքը կարող է մնալ իշխանության:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image