Վերլուծություն

ԵՄ-ն պահանջում է ռուսական զորքերի դուրսբերում Հայաստանից

ԵՄ-ն պահանջում է ռուսական զորքերի դուրսբերում Հայաստանից

Փետրվարի 23-ին Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հավաքի ժամանակ քննարկում էին Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության համաձայնագրի կետերը, որտեղ ներկայացված էին ԵՄ պահանջները ՌԴ-ին, որոնց ընդունման դեպքում միայն ԵՄ-ն կհամաձայնի, որ Ուկրաինան խաղաղության պայմանագիր կնքի Ռուսաստանի հետ: ԵՄ պահանջների ցանկը ոչ միայն չափազանց ընդարձակ է, դրանք հանգում են, ըստ էության, Ռուսաստանի կողմից իր պարտության եւ կապիտուլյացիայի ընդունմանը: Քանի որ ռազմաճակատում ՌԴ-ը պարտություն չի կրում, հակառակը՝ գրավում է տարածքներ, որը շատերն անվանում են «սողացող առաջխաղացում», որեւէ հավանականություն չկա, որ Ռուսաստանը կընդունի այդ պահանջները, ինչն էլ նշանակում է, որ պահանջներն առաջ են քաշվել խաղաղության պայմանագրի ստորագրումը թույլ չտալու համար: ԵՄ-ն չի թաքցնում, որ այս պահին խաղաղությունն իրենց շահերից չի բխում, իրենք ցանկանում են հասնել Ռուսաստանի տնտեսական եւ ռազմական ռեսուրսի մաշեցմանը, ինչի մասին խոսեց նաեւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Նաեւ պահանջների ամբողջականությունն է ցույց տալիս, թե ընդհանրապես ինչ է ուզում Եվրոպան ռուս-ուկրաինական պատերազմից, ինչ է ակնկալում ստանալ միացյալ Եվրոպան` Բրյուսելը, պատերազմի արդյունքում:

ԵՄ-ի կողմից Ռուսաստանին ներկայացվող պահանջների մեջ կա նաեւ Հայաստանին վերաբերող պահանջ` Ռուսաստանի զորքերի դուրսբերում Հայաստանից: Այդ պահանջը չի վերաբերում միայն Հայաստանին, այլեւ՝ Ուկրաինային․ ենթադրվում է, որ Ռուսաստանն իր զորքերը պետք է դուրս բերի Ուկրաինայի գրաված տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից, եւ ստեղծվի ապառազմականացված գոտի։ Մոլդովայից նկատի ունեն Մերձդնեստրի Հանրապետությունը, Վրաստանից նկատի ունեն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հանրապետությունները, որոնք Ռուսաստանի կողմից ճանաչվել են անկախ պետություններ, ինչպես նաեւ՝ Բելառուսից: Եթե Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի դեպքում ԵՄ պահանջները միջազգային իրավունքի տեսակետից հիմնավոր են, ռուսական զորքերը գտնվում են այդ երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքներում եւ դուրս են այդ երկրների վերահսկողությունից, այդ երկրների իշխանություններն իրենք են պահանջում ռուսական զորքերի հեռացում այդ տարածքներից, ապա Հայաստանի եւ Բելառուսի դեպքում ռուսական զորքերի հեռացման պահանջը փոքր-ինչ տարօրինակ է հնչում: Ո՛չ Հայաստանի եւ առավել եւս ո՛չ էլ Բելառուսի իշխանությունները Ռուսաստանի առաջ պաշտոնական պահանջ չեն բարձրացրել՝ զորքերը դուրս բերելու իրենց երկրների տարածքից: ԵՄ այդ պահանջն ընդամենը նշանակում է, որ Եվրամիությունն այս երկրները համարում է ոչ թե ինքնիշխան պետություններ, այլ՝ իր ազդեցության գոտի, հետեւաբար, իրեն իրավասու է համարում՝ որոշելու, թե այդ երկրների տարածքում ինչ զորքեր կարող են տեղաբաշխված լինել: Իհարկե, անիմաստ է ակնկալել, որ Հայաստանի իշխանությունները որեւէ կերպ կարձագանքեն Բրյուսելի պահանջին:

ԵՄ-ի կողմից Ռուսաստանին ներկայացվող պահանջների ամբողջությունը հանգում է նրան, որ Ռուսաստանը եւս պետք է վերածվի ԵՄ ազդեցության գոտու, ընդունի ԵՄ գերիշխանությունը Ռուսաստանի նկատմամբ: Ահա, դրանցից մի քանիսը․ «Վերջ դնել ապատեղեկատվությանը, դիվերսիային, կիբերհարձակումներին, օդային տարածքի խախտումներին եւ ընտրություններին միջամտությանը ԵՄ-ում եւ հարեւան երկրներում։ Ռուսաստանի ազգային օրենսդրության գերակայության վերացումը միջազգային իրավունքի նկատմամբ։ Փոխհատուցման վճարումներ Ուկրաինային, եվրոպական պետություններին եւ ընկերություններին, այդ թվում՝ շրջակա միջավայրին հասցված վնասի համար։ Ռուսաստանի ժողովրդավարացում. ընտրություններ միջազգային հսկողության ներքո, քաղբանտարկյալների ազատ արձակում, լրատվամիջոցների ազատություն, օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկում, համագործակցություն Նավալնիի եւ Նեմցովի գործերի քննության գործում»:

Ինչպես տեսնում եք՝ այս պահանջների ընդունումը Ռուսաստանի համար կնշանակի ԵՄ-ից վասալային կախվածության ընդունում, այնպիսի կախվածություն, ինչպիսին ունի Հայաստանը կամ նույն Մոլդովան, կամ Ուկրաինան: Ռուսաստանը մերժում է ընդունել այս ուլտիմատիվ եւ ոչնչով չհիմնավորված պահանջները, որոնք իմաստ կունենային միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի կամ ԵՄ-Ուկրաինա համատեղ զինված ուժերը լինեին Սմոլենսկի մատույցներում կամ պատրաստվեին Մոսկվայի գրավման օպերացիային:

Ինչո՞ւ են եվրոպացիներն այդքան կատեգորիկ, մի՞թե նրանք չեն հասկանում, որ այսօր Ռուսաստանին նման պահանջներ ներկայացնելը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ ֆանտաստիկայի ժանրից է: Իհարկե, հասկանում են, բայց այս պահանջները նոր չէ, որ գրվել են, դրանք գրվել են դեռ 2022-ին, երբ պատերազմը նոր էր սկսվել, եւ ԵՄ-ում հույս ունեին, որ Ուկրաինան իրենց աջակցությամբ շատ արագ հաղթանակի կհասնի Ռուսաստանի նկատմամբ: ԵՄ-ում հասկանում են նաեւ, որ առանց Ռուսաստանի ռեսուրսներին տիրանալու, իրենք զարգացման որեւէ հեռանկար չունեն: Ինչպես ԱՄՆ-ն տիրացավ Վենեսուելայի նավթին եւ ոսկուն, հիմա էլ փորձում է տիրանալ Իրանի, Գրենլանդիայի եւ այլ երկրների հանքահումքային ռեսուրսներին, ԵՄ-ի համար միակ հնարավոր կերակուրը Ռուսաստանն է, առանց Ռուսաստանի նավթի, գազի եւ մյուս հանածոների անվճար շահագործման ԵՄ-ն զարգացման որեւէ հեռանկար չունի: Իսկ դրան հնարավոր է հասնել միայն Ռուսաստանին պարտության մատնելու, այնտեղ դրածո իշխանություն նշանակելու միջոցով: ԵՄ պահանջների իմաստն այն է, որ քանի դեռ Ռուսաստանի պարտությունն արձանագրված չէ, խաղաղություն չի լինի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image