Քաղաքական ուժերն ու տարբեր գործիչներ այս օրերին արդեն 2026 թվականի ընտրություններին մասնակցելու հայտեր են ներկայացնում, ինքնառաջադրման հայտարարություններ անում: Ամենամեծ ընդդիմադիր ուժերը նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերն են։ Օրերս նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը նրանց ուղղված կոչ հնչեցրեց` հորդորելով հրաժարվել ընտրություններին մասնակցելու գաղափարից, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, միաժամանակ առաջադրելով ինքն իրեն` նորաստեղծ «Միասնության թեւեր» նախաձեռնությամբ: Ընդդիմադիրներն այս առաջարկը քննադատաբար են ընդունել, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսը, որի վարչության անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ Թաթոյանը լավագույն դեպքում 4 տոկոսանոց ընդդիմություն է լինելու, եւ նրա կոչն ուղղակի բերելու է ձայների փոշիացման: Նրան մի քանի հարց ենք ուղղել:
- Կարծում եք՝ հնարավոր չէ՞ պատկերացնել մի իրավիճակ, երբ Արման Թաթոյանն իշխանությունից հեռացնում է Նիկոլ Փաշինյանին:
- Որքան էլ Փաշինյանի էլեկտորալ ռեյտինգը, իմ գնահատմամբ, ծայրահեղ ցածր գոտում է գտնում, այնուամենայնիվ, երկրորդ տեղում իր հետեւից գնացող ուժն այս պահին չի կարող հավակնել ընտրություններում միայնակ հաղթելու կամ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու: Այդ հայտն այսօր ներկայացնել ու ասել, որ ես այն ուժն եմ, որ կարող եմ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, մի քիչ, ամեն դեպքում, հավանական չեմ համարում: Կարծում եմ, որ պետք է քաղաքական ուժերի այնպիսի վերադասավորումներ, այնպիսի կոնսոլիդացված հայտ լինի, ես չեմ ասում՝ մի ուժի, այլ՝ երկու, երեք ուժի, որոնք հնարավորություն կտան ընտրողներին՝ 2026 թվականին գնալ ընտրության:
- Գուցե հենց Թաթոյանն է այն ուժը, որը կարող է կոնսոլիդացնել այդ երեք-չորս ուժին:
- Եթե Թաթոյանն այդ հայտարարությանը զուգահեռ հույս տար, որ իր հայտն այնքան հզոր է, որ նա կարող է համաժողովրդական շարժում սկսել, քաղաքական ակտիվ մթնոլորտ ստեղծել, որ անտարբեր զանգվածը, որն էական զանգված է, դուրս գա, գնա քվեախցիկ ու քվեարկի, այդ զանգվածն ուզենա բան փոխել, գուցեեւ ես էլ համաձայնեի այդ առաջարկին՝ որպես ընտրող, որպես քաղաքացի, ոչ թե որպես քաղաքական շահագրգիռ անձ: Բայց այս պայմաններում ես տեսնում եմ, որ Թաթոյանն էլեկտորալ ռեյտինգի առումով այն ուժերի թվում է, որոնք միայնակ անգամ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր կունենան: Այս անտարբերության, ապատիայի, հուսալքության, կապված պետության, քաղաքացիների համար բնականորեն ստեղծված վիճակում մենակ գնալու, կոնսոլիդացիա չստեղծելու պարագայում նա կամ հավաքելու է 4 տոկոս, ինչի համար Նիկոլ Փաշինյանն իրեն շնորհակալ կլինի ու ավելի շատ շնորհակալ կլինի, եթե հանկարծ 4 տոկոսը չհավաքի եւ իր ձայները նվիրի ավելի շատ ձայն հավաքած ուժերին: Այս պարագայում ջլատված, առանձին-առանձին ընտրության գնալու պարագայում արդեն ասացի, թե ով կարող է լինել այդ ուժը, թե ում կգնան այդ փոշիացված ձայները: Այսօր խոսակցության թեման ու առարկան պետք է լիներ այն ռազմավարության մշակումը, որը կարող է բերել փոփոխության, ոչ թե՝ դուք բոլորդ պայմաններ ստեղծեք, որպեսզի ես կարողանամ այդ փոփոխությունն անել: Դա անհնար է միայնակ ուժերի համար եւ վտանգավոր: Հերիք չէ՝ իրենք չեն կարողանալու այդ համազգային բռնկումը, շարժումն առաջացնել, մի հատ էլ փորձում են ավելի թուլացնել, ոչ մրցունակ վիճակում դնել այն ուժերին, որոնք կարող են գնալ, մտնել պայքարի մեջ:
- Կարծում եք, որ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը Թաթոյանից բարձր ռեյտինգ ու հաղթելու շա՞նս ունեն:
- Ես չեմ գնահատի, թե ով ավելի շանս ունի: Եթե մենք ապրեինք նորմալ, ստանդարտ պայմաններում, շատ բնական կլիներ, որ ամեն մի քաղաքական ուժ իր քվեն ստանար, ու դրա արդյունքում որոշվեր նրա ներկայացվածությունը: Ի վերջո, մենք պետք է հասնենք նրան, որ սա լինի սովորական պրակտիկա: Մանավանդ եթե, օրինակ, Սահմանադրության հիմար դրույթը` կայուն մեծամասնության վերաբերյալ, վերացնենք, ունենանք կիսանախագահական համակարգ, որտեղ երկու առաջնային մանդատով օժտված մարմիններ են լինելու, որոնք իրար հակակշռելու են, եւ պետության կառավարման ճգնաժամերը կախված չեն լինելու քվեարկության ընթացքից: Ցավոք, մենք չենք գտնվում բնականոն իրավիճակում, որտեղ խնդիրն օրենսդիր մարմնի ձեւավորումն է՝ քաղաքական մշակույթի եղած ստանդարտներին համապատասխան: Բայց մենք մի իրավիճակում ենք, երբ որ բոլոր ընդդիմադիր ուժերն արձանագրում են, որ իշխանության վերարտադրության դեպքում ունենալու ենք շատ ավելի մեծ աղետներ, շարունակվելու է այս աղետալի պատմական ընթացքը, որի մեջ ենք այս պահին, ու գլխավոր խնդիրը դնում ենք աղետաբեր ուժին իշխանությունից հեռացնելը: Բայց միեւնույն ժամանակ մեր գործողություններով ոնց որ թե նպաստում ենք, որ այդ ուժը վերարտադրվի ու շարունակի իր այս ընթացքը:
- Մի քանի օր առաջ, ՀԱԿ նախաձեռնությամբ, տարբեր քաղաքական ուժերով հաղորդում էիք ներկայացրել դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության կանչել Փաշինյանին` Եկեղեցու դեմ կոնկրետ հանցագործություններ կատարելու համար։ Ի՞նչ եղավ դրա ընթացքը:
- Այժմ այն տեխնիկական, քրեադատավարական ընթացքում է, պատշաճ հաղորդման տեսք պետք է ստանա, այդ աշխատանքն ենք անում, կից փաստաթղթերն ենք հավաքում, մարդիկ ստորագրել են, միացել են, ու եթե ոչ այսօր, ապա վաղը դա փոստով կուղարկվի Գլխավոր դատախազություն: