Հասարակություն

Մեր մարդն է` наш человек

Մեր մարդն է` наш человек

Արթուր Լյուդվիգի Աթաբեկյան. ծնվել է 1982 թ., Երեւանում: 2002-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2008-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան… Կարդում ես մարդու կենսագրությունն ու հաճույք ես ստանում: Ամեն ինչ պարզ, հասկանալի եւ, որ ամենակարեւորն է՝ մարդավարի: Էն մյուսների պես չէ, որ մեկ էլ տեսնում ես՝ մանկապարտեզից գնացել է Սորբոն, ինչ-որ դասընթացներ անցել, չգիտես ինչ մասնագիտություններ ստացել: Չէ, իրոք զուլալ կենսագրություն ունի ԲԴԽ-ի մեր նոր նախագահը: Նրա մասին հաստատ չես ասի, որ այսօր տաքսի կքշեր, եթե ԲԴԽ նախագահ չընտրվեր: Իսկ ինչ վերաբերում է նրա քաղաքական հայացքներին, ապա կենսագրության մեջ ոչ մի, նույնիսկ ամենափոքրիկ, ակնարկ չկա այդ մասին: Վճիտ առվակի պես է հոսում այդ կենսագրությունը: Մի քիչ էլ կարդանք՝ ուշադրություն դարձնելով հապավումների առատությանը.

«2005 թ. աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում`  սկզբում որպես գրասենյակի քարտուղար-օպերատոր, այնուհետեւ`  գրասենյակի պետ: 2005-2006 թթ. աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատական պրակտիկայի ամփոփման եւ դատական վիճակագրության բաժնում` որպես մասնագետ: 2006-ին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման եւ դատական վիճակագրության վարչությունում` որպես մասնագետ: 2006-2008 թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական վիճակագրության վարչությունում` որպես մասնագետ: 2008-2012 թթ. աշխատել է դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում` որպես ավագ մասնագետ: 2012-ին ավարտել է ՀՀ դատական դպրոցը: 2012-ին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում` որպես ավագ մասնագետ: 2012 թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: 

Հը՞, պատահաբար չձանձրացրի՞ ձեզ: Մի ձանձրացեք, սա իր գործին ու մասնագիտությանը նվիրված մարդու ճանապարհ է, որ նույնությամբ շարունակվել է նաեւ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական խեղկատակությունից հետո: Շարունակենք կարդալ. «ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2018 թ. օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր: 2022թ. հունվարի 13-ին ՀՀ նախագահի որոշմամբ` Սնանկության դատարանի նախագահ` 3 տարի ժամկետով: 2023 թ. ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ: 2024թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»: 

Երեկ էլ իմացանք, որ օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ընտրվել է Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայնով: Եվ պատկերացրեք` սա էլ ամբողջը չէ: Արթուր Աթաբեկյանը 2002-2004 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Եթե կարճ ասեմ՝ ամեն ինչից երեւում է, որ նա մեր մարդն է՝ наш человек, կասեր ռուսը: Մնում է, որ Արթուր Աթաբեկյանը կարողանա իրեն լավ դրսեւորել նաեւ ԲԴԽ նախագահի պաշտոնում՝ «գագիկություն» ու «կարենություն» չանի, չթողնի, որ իր վզին բան դնեն, Նիկոլի պատկերի առաջ նամազ չանի, արժանավոր դատավորներին չնեղացնի, փորձի անհիմն հեռացվածներին հետ բերել, կրկին կայացնել դատական համակարգը՝ ազատվելով նիկոլական կադրերից, որոնք արդեն պատիժ ու խարան են դարձել ՀՀ դատարանի ճակատին:

Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Աթաբեկյանին եւ հպարտանում նրա ցուցաբերած քաջությամբ, որ այս դժվարին ժամանակներում համաձայնեց մաքրել աստիճանաբար ախոռի վերածվող դատական համակարգը: Հուսամ՝ նա հենց այդ նպատակով է ընտրվել ԲԴԽ նախագահ: Էլ մի սկսեք՝ մինչեւ Նիկոլը չասեր, նա չէր ընտրվի… Ձեզ համար ամեն ինչ սկսվում ու վերջանում է Նիկոլով: ԲԴԽ-ի իսկական նախագահը կարող է միայնակ էլ անկախ պահել համակարգը, եթե, իհարկե, չի ցանկանում իր անցած ճանապարհին եւ իր կենսագրությանը վատություն խառնել:

Հարգելի Արթուր Աթաբեկյան, գիտեմ, որ մի փոքր զարմանքով կարդացիք այս հոդվածը եւ իմ մասին էլ գուցե մտածեցիք՝ кто этот потерпевший, что он хочет?, էս ինչ մի՝ սազը վերցրել` ինձ է գովում: Զարմանալու ոչինչ չկա: Պարոն Աթաբեկյան, մենք միմյանց չենք ճանաչում, եւ ես, չի բացառվում, գուցե իսկապես չափն անցա գովեստների առումով, բայց դա թող չանհանգստացնի Ձեզ, որովհետեւ լավ օրից չէ, որ նորմալ մարդ տեսնելիս այսպես ոգեւորվում եմ: Նույնիսկ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես այս 6,5 տարում շուրջս այսքան շատ, ներողություն, թրիք կուտակվեց: Սրանք մերկապարանոց խոսքեր չեն: Ես հաճախ եմ «հյուր» լինում «իրական Հայաստանի» դատական համակարգում եւ գիտեմ՝ ինչ եմ ասում: Պարզապես Ձեր կենսագրության մեջ ես տեսա «Չնիկոլականին», «ՉՔՊ-ականին», «Չսորոսականին»… Տեսա հայ իրավաբանին: Այնպես որ՝ հուսախաբ չանեք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image