Հարցազրույց

«Հրապարակ»․ Եղե՞լ է մի դեպք, երբ արեւմտյան երկրները չհամագործակցեն ՀՀ իշխանությունների հետ

«Հրապարակ»․ Եղե՞լ է մի դեպք, երբ արեւմտյան երկրները չհամագործակցեն ՀՀ իշխանությունների հետ

Հարցազրույց քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանի հետ

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Ի դեպ, Խաղաղության խորհրդի անդամ երկրները հիմնականում աֆրիկյան, լատինաամերիկյան մայրցամաքից են, այնտեղ չկան եվրոպական առաջադեմ պետություններ։ Ի՞նչ եք կարծում` ո՞րն է այս խորհրդի նպատակը, ինչո՞ւ է Փաշինյանը մասնակցում դրան:

- Այն ունի շատ տարբեր նպատակներ: Դոնալդ Թրամփն առաջ է քաշում խաղաղության աղավնու իր օրակարգը, իբրեւ թե ինքը զորավոր ուժով` ամենուր կոնֆլիկտներ հարթելու համար է եկել: Մենք տեսնում ենք, որ այնտեղ հիմնականում ներգրավված են աֆրիկյան երկրներ: Այժմ պայքարը գնում է աֆրիկյան եւ ասիական երկրների համար, որովհետեւ հենց վերջերս Մերշմայմերը` այդ հայտնի պրոռուսական եւ հակահրեական մեկնաբանը, խոսել էր այն մասին, որ այժմ վճռորոշ ձայն են ստանում` քաղաքական թատերաբեմում ասիական եւ աֆրիկյան երկրները եւ, բնականաբար, Թրամփը խնդիր է դրել հենց այդ երկրներին ցույց տալու, թե որքան կարեւոր են դրանք իր համար, ինչպես նաեւ՝ նա գիտի, որ տվյալ պետությունները չունեն ձեւավորված անկախ մշակութային եւ ժողովրդավարական համակարգ, խոչընդոտ չեն դառնալու իր համար: Կարճ ասած` Խաղաղության խորհուրդը դակիչ հանձնաժողովի նման մի բան է լինելու, որը հաստատելու է Թրամփի բոլոր որոշումները: Իսկ ինչ է անհրաժեշտ Նիկոլ Փաշինյանին․ նրան անհրաժեշտ է, որ ՔՊ-ի առաջ քաշած ու խիստ խնդրահարույց խաղաղության օրակարգն առաջ քաշվի, քանզի այս աշխարհում կա պացիֆիզմ, երբ գտնվում ես բարվոք պայմաններում եւ ձգտում ես խաղաղության, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ն է, իսկ անգլիացիները դիֆիթիզմ են կոչում պարտվողականությունը, երբ խաղաղության օրակարգը պաշտպանում ես ամեն ինչ զիջելու, տալու եւ ամեն ինչի հետ համակերպվելու գնով, որովհետեւ այն ձեռնտու է քո իշխանությանը եւ քո ֆինանսական վիճակին, կարճ ասած` քո ամեն ինչին, սակայն ո՛չ պետությանը: Հայտնի դիֆիտիզմի օրինակ կարող ենք ներկայացնել բոլշեւիկներին, որոնք, գալով իշխանության, ահագին տարածքներ հանձնեցին, քանի որ այն Գերմանիայի թելադրանքն էր: Նրանք եւս խնդիր ունեին՝ իրենց իշխանությունը պահելու: Այժմ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ խաղաղության թեման դառնա միջազգային` դրսից բերված, որպեսզի բոլորը կարծեն, թե այս խաղաղությանը չկա այլընտրանք: Ինչու եմ ասում` «այս խաղաղությանը», որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, կա արժանապատիվ ու իրական խաղաղություն: Խաղաղության մեկ այլ տեսակ էլ նշեմ. ժողովուրդները երբեմն գիտակցում են, որ պետք է դադար վերցնեն, հանգստանան եւ նոր թափ հավաքեն հաղթանակի համար, սակայն Փաշինյանի տարբերակը լրիվ այլ է: Ստացվում է այնպես, որ հակադարձ ուժերի չձեւավորումը, օրակարգերի անընկալունակությունը բերում են նրան, որ կեղծ ու մանիպուլյատիվ թակարդներին որեւէ մեկը չի արձագանքում, չի վերլուծում.... Արդյունքում` շատերը հույսները կորցրել են, շատերն էլ թեւերը թափ տալով՝ անտարբերության են մատնվել, սակայն իրականում ես կարծում եմ, որ եթե համապատասխան աշխատանք տարվեր եվրոպական, ամերիկյան տարբեր շրջանակների հետ, այս խորհուրդը նման իրավիճակով առաջ չէր գնա:

- Իսկ ինչո՞ւ ԵՄ երկրները ներգրավված չեն այս խորհրդում:

- Նրանք հիմա խիստ զբաղված են, ունեն լուծելու որոշակի խնդիրներ: Ամերիկյան հովանավորչության դադարեցումից հետո Եվրոպան խնդրահարույց պրոբլեմների առաջ է կանգնել:

- Վերջերս էլ Հայաստանում ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանի իշխանության վերարտադրմանը: Ինչո՞ւ նա այդպիսի հայտարարություն արեց:

- Նա հայտարարեց, որ աջակցում է խաղաղությանը: Առհասարակ, ե՞րբ է եղել մի դեպք, երբ եվրոպական երկրները կամ ԱՄՆ-ն առերեւույթ չհամագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ` բոլոր ժամանակներում: Ուզում եմ հիշեցնել, որ խիստ պրոբլեմատիկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ընտրությունների ժամանակ էլ դիտորդները, խոսելով որոշակի թերությունների մասին, այնուամենայնիվ ասել են, որ ընտրությունները չեն կեղծվել: Խոսքը բոլոր ընտրությունների մասին է: Դրսի ստրուկտուրաները հասկանում են, որ իրենց պլանները, ծրագրերն իրականացնելու համար պետք է աշխատեն գործող իշխանության հետ, քանի որ այն հեշտ ու նպատակահարմար է, մանավանդ, որ գործող իշխանությունները շատ ավելի ճկվող են, իհարկե, ձեռնտու են բոլորին: Ռուսաստանն էլ որեւէ հակադարձ խնդիր չունի օրվա իշխանությունների հետ: Խրախուսում է նրանց, ընդունում է ներկա օրակարգը: Նորմալ երկրները մտածում են իրենց շահերի մասին, թե ինչ կլինի Հայաստանի հետ, դա ոչ մեկին չի հետաքրքրում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image