Հասարակություն

Ինչպես է ներկայացվում «Ղարաբաղ» կոմիտեի պատմությունը

Ինչպես է ներկայացվում «Ղարաբաղ» կոմիտեի պատմությունը

«Կրթական բարեփոխումներ․ ե՞րբ եւ ինչպե՞ս է փոփոխվելու դասագրքերի բովանդակությունը» թեմայով քննարկման ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե փոխվելո՞ւ են այն դասագրքերը, որոնցում մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները ներկայացված են խեղաթյուրված։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ նշեց, որ երբ նայում ենք 90-ականների դասագրքերը, այն ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացված է բավականին դրական լույսի ներքո։ 2000-ականներին արդեն նրա մասին կան չեզոք հիշատակումներ։ Ինչ վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին, ապա, ըստ փորձագետի, այն բավականին կողմնակալ է ներկայացված, ինչը պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով։

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ պատմության դասագրքեր գրելիս դժվար է անդրադառնալը մեր օրերին, քանի որ հասարակությունը մասնակցել է այդ պրոցեսներին, մարդիկ եղել են տարբեր խրամատներում։ Այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա, այդ դասագրքերը պետք է գրեն հնարավորինս փաստարկված, չեզոք, ժամանակագրական, եւ միայն որոշ ժամանակ անցնելուց հետո պատմաբանները կարող են օբյեկտիվ եւ անաչառ գրել։ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն էլ նշեց, որ միայն մարտի 1-ը չէ խնդիրը, պատմության դասագրքերը գրվում են շատ հին, էսենցիալիստական մոտեցումներով՝ հայ ժողովրդի ունիկալության, իր ծագման եզակիության սկզբունքներով։ Մինչդեռ, ըստ նրա, պատմության դասավանդումն այսօրվա աշխարհում պետք է բազմատեսակության սկզբունքով իրականացվի, երբ պատմության այս կամ այն դրվագը մի տեսանկյունից չէ մատուցվում, այլ հնարավորություն է տրվում այն քննարկելու, եւ հենց այդ քննարկումների արդյունքում են պատմություն սովորում դպրոցում, ոչ թե թվեր սերտելով։

Նրա կարծիքով՝ պատմության դասագրքերը պետք է վերանայվեն գլոբալ առումով, ոչ թե սոսկ մարտի 1-ի իրադարձությունների, քանի որ այդ դեպքում այն դառնում է նոր կոնյունկտուրայի պահանջ։ Արեւիկ Անափիոսյանը նշեց, որ Միքայել Զոլյանն ու Հովհաննես Հովհաննիսյանն ուսումնասիրություն էին կատարել եւ պարզել, թե երեք պատմության դասագրքերում ինչքան տարբեր է ներկայացված «Ղարաբաղ» կոմիտեի պատմությունը։ Իսկ դրանից էլ հստակ երեւում է, որ մեթոդի հետեւողականություն չի կիրառվել։ Քննարկման մասնակիցները հետաքրքրվեցին նաեւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցով։ Արեւիկ Անափիոսյանը նշեց, որ կան սկզբունքներ, համաձայն որոնց՝ պետք է դասավանդվի կրոնի պատմություն։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image