Քաղաքականություն

Մոլդովայի «անվտանգ եվրոպական ապագան»

Մոլդովայի «անվտանգ եվրոպական ապագան»

Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ վկայեցին, որ եվրոպական ժողովրդավարությունն իրականում կեղծիք է: Այն հիմնված է ոչ թե մարդու իրավունքների եւ նմանատիպ քաղաքական այլ սկզբունքների, այլ ռուսատյացության վրա: Իսկ ազգայինը, որ ազգն էլ այն լինի, բացառելու հենքով ժողովրդավարություն ես չեմ պատկերացնում: Ես չեմ պատկերացնում նաեւ այնպիսի ժողովրդավարություն, որը հիմնված լինի ոչ թե պետության ներսում, այլ արտերկրում բնակվողների քվեների վրա: Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ հարցում եւս առկա է էթնիկ առումով խտրականություն: 

3,6 միլիոն (մեկ այլ տվյալով՝ 4 միլիոն) բնակչությամբ երկրի մշտական բնակչության թիվը 2024-ին կազմել է 2.6 միլիոն մարդ: Արտասահմանում բնակվում է 1,11-1,25 միլիոն մարդ: Ամենամեծ սփյուռքն Ուկրաինայում էր՝ շուրջ 260 հազար: Այնուհետեւ գալիս է Ռուսաստանը՝ ավելի քան 77 հազար (մեկ այլ տվյալով՝ 200 հազար), Իտալիան՝ ավելի քան 68 հազար, Պորտուգալիան՝ 21 հազարից մի փոքր ավելի: Ղազախստանում ու Ռումինիայում՝ մոտ 15-հազարական, իսկ մյուս երկրներում՝ դրանից ավելի պակաս: Առանձին ներկայացվում է Մերձդնեստրի (Մոլդովայի կազմում առկա՝ հետխորհրդային չճանաչված հանրապետություններից մեկը) բնակչության քանակը՝ ավելի քան 177 հազար մարդ:
Թե՛ նախորդ տարվա նախագահական ընտրության եւ թե՛ երեկ անցկացված խորհրդարանականի դեպքում Ռուսաստանում բացվել է ընդամենը երկու ընտրատեղամաս՝ Մոսկվայի մոլդովական դեսպանատանը: Խորհրդարանականին հատկացվել է ընդամենը 10 հազար քվեաթերթ, հասցրել է քվեարկել 4 հազարից մի փոքր ավելին: Նախագահական ընտրության ժամանակ Իտալիային հատկացվել էր ավելի շատ քվեաթերթիկ, քան մոլդովացի էր ապրում այնտեղ:

Ավելի հետաքրքիր պատկեր է ստացվել Մերձդնեստրում: 2024-ի նախագահական ընտրության ժամանակ այնտեղ բացվել էր 30 (2019-ին 47-ն էին) ընտրատեղամաս, խորհրդարանականում դրանց թիվը պակասեցվեց մոտ եռակի: Իսկ քվեարկությունից 3 օր առաջ հայտարարվեց, որ 12 ընտրատեղամասից 4-ը (մեկ այլ տվյալով՝ 5-ը) տեղափոխվում է ավելի անվտանգ վայրեր: Ըստ ԿԸՀ-ի, պատճառն այն էր, որ հաղորդումներ էին ստացվել ընտրատեղամասերում ռումբերի տեղակայման մասին: Ենթադրաբար, ուղարկողներն էլ իշխանության շրջապատից էին: Դրանով չբավարարվելով՝ երկրամասը երկրի մնացած տարածքին կապող՝ Դնեստրի կամուրջներից 5-ը որոշվել էր վերանորոգել հենց քվեարկության օրը: Եվ, բնականաբար, դրանք փակվել էին: Կարծում եմ, որ քվեարկությունից մի քանի օր անց՝ հիանալի վերանորոգված, դրանք կբացվեն, եթե, իհարկե, արդեն չեն բացվել: 

Իսկ երկրամասի տարածքում գործող ընտրատեղամասերից 2-ում քվեաթերթիկները վերջացել էին ժամը 21.00-ին փակվելուց մի քանի ժամ առաջ: Չնայած այդ եւ այլ սահմանափակումներին, քվեարկության պատկերն այլ կլիներ, եթե դրա իրավունքն ունենային միայն երկրում մշտապես բնակվողները, ինչպես Հայաստանի դեպքում է: Ինչպեսեւ նախորդ տարվա նախագահականի ժամանակ, իշխող կուսակցությունը հաղթանակեց եվրոպական երկրներում բնակվողների եւ այդ ընտրատեղամասերում վստահաբար կատարված խախտումների հաշվին: Չմոռանանք, որ նախագահականի ժամանակ խախտումները բացահայտող սորոսական դիտորդներին գործող իշխանությունը հրահանգում էր փակել աչքերը՝ կենտրոնանալով ռուսական, գոյություն չունեցող, միջամտության վրա:

Վերն ասվածը տեխնիկական սահմանափակումների մասին էր: Իսկ նախքան քվեարկությունը՝ մի քանի օր առաջ, ընդդիմադիր հիմնական դաշինքի կազմում ներառված երկու կուսակցության առումով կայացվեց ընտրություններին մասնակցելու արգելքի որոշում: Դրան գումարած՝ դեռեւս գարնանը դատարանով ձերբակալվել էր Մոլդովայի նախագահ Սանդուի հիմնական մրցակիցը՝ թյուրքախոս Գագաուզիայի (տեղական ինքնավարությամբ ազգային երկրամաս) ղեկավար, ռուսամետ Եվգենիա Գուցուլը: Թե՛ կուսակցություններին արգելելը եւ թե՛ տիկնոջը ձերբակալելը պատճառաբանված է իբրեւ թե ռուսական անօրինական ֆինանսավորմամբ: Իսկ եվրոպական ֆինանսավորումը, բնականաբար, օրինական է: Դա էլ՝ երկակի չափանիշների դրսեւորում:

Ինչեւէ, Մոլդովայի ԿԸՀ-ն հայտարարել է, որ քվեարկության ընթացքում կատարվել է 236 տարբեր ընտրախախտում: Ենթադրում եմ, որ դրանց մեծ մասը վերագրվել է հենց ընդդիմությանը: Եթե այդ ամենը կատարվեր, օրինակ, այսօրվա Վրաստանում, ԵՄ-ն համաեվրոպական ու նույնիսկ համաշխարհային աղմուկ կբարձրացներ վրացիների ընտրական իրավունքների խախտումների կապակցությամբ: Բայց քանի որ նախագահ Մայա Սանդուի ողջ գործունեությունը թաթախված է հակառուսականությամբ, ապա եվրոպացիները ողջունել են իշխող եվրոպամետ կուսակցության հաղթանակը: Իսկ ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է. «Նրանք ընտրեցին ժողովրդավարությունը, բարեփոխումները եւ եվրոպական ապագան՝ Ռուսաստանի ճնշման եւ միջամտության պայմաններում»: Իրականում, ճնշումը եղել է գործող իշխանության, իսկ միջամտությունը՝ հենց իրենց կողմից, ինչն ունեցել է ֆինանսական օգնության հատկացման եւ թե այցերի ու հայտարարությունների տեսք: 

Մնում է, որ նախագահ Սանդուն շարունակի «ժողովրդավարության ու բարեփոխումների» գործընթացը: Չմոռանա կատարել նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու ցանկությունն ու ռուս-ուկրաինական հակամարտության մի ուղղություն էլ բացի Մերձդնեստրում՝ դրանով ապահովելով մոլդովացիների «անվտանգ» եվրոպական ապագան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image