Փաշինյանը միջին աշխատավարձի մանիպուլյացիայով փորձում է մարդկանց համոզել, որ հիմա նրանք 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան մինչեւ 2018 թվականին իր կողմից իրականացված իշխանազավթումը, ինչն իր իշխանության կարեւորագույն ձեռքբերումն է: Նա ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հրապարակում է 2018 եւ 2025 թվականներին միջին ամսական աշխատավարձերի ցուցանիշները եւ դրանց տարբերությունից հանելով անցած տարիների գնաճի ցուցանիշը՝ գալիս է այդպիսի եզրակացության: Հիմա՝ ուշադրություն․ ըստ Փաշինյանի հրապարակած տեղեկության, 2025 թվականին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 304 հազար դրամ է, 75 տոկոսով ավելի, քանի 2018 թվականին էր, իսկ գնաճն էլ այդ ընթացքում 25 տոկոս է եղել, եւ ըստ դրա ստացվում է, որ հիմա մարդիկ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան մինչեւ իշխանազավթումը: Մի՞թե մարդկանց կարելի է կերակրել թվերով կամ՝ թվեր կեղծելով կարելի է լցնել մարդկանց ստամոքսը եւ նրանց համար բարեկեցություն ապահովել:
Հարցը միայն այն չէ, որ մարդիկ չեն հավատում Փաշինյանի արտաբերած ոչ մի մտքի, ոչ մի բառի եւ ոչ մի տառի, եւ որ նա բացարձակ ստի եւ կեղծիքի աղբյուր է: Փաշինյանը կարող է հանձնարարել հավերժ վիճվարչության պետ աշխատող Ստեփան Մնացականյանին, եւ նա կգրի, որ միջին ամսական աշխատավարձը ոչ թե 304, այլ 500 հազար դրամ է կամ մեկ միլիոն: Մի՞թե ինչ-որ կերպ հնարավոր է հերքել այդ տեղեկությունը կամ հավաստիանալ դրա ճշմարտացիության մեջ: Յուրաքանչյուր մարդ գիտի, թե որքան է ինքը վաստակում, որ իր աշխատավարձն անհամեմատ ավելի ցածր է, քան, այսպես կոչված, միջին ամսական աշխատավարձը: Ըստ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, Հայաստանի բնակչության 40 տոկոսն ապրում է աղքատության մեջ, նրանց եկամուտները չեն բավարարում նվազագույն ծախսերի համար: Սա կոչվում է թաքնված ստրկություն. երբ մարդու ստացած աշխատավարձը չի փակում նրա նվազագույն սոցիալական ծախսերը, ի՞նչ է դա, եթե ոչ ստրկություն, ստրուկներին իրենց ստրկատերերն ապահովել են սննդով, հագուստով եւ կացարանով: Հայաստանում նվազագույն աշխատավարձով նույնիսկ այդ խնդիրները հնարավոր չէ լուծել:
Եթե նույնիսկ ընդունենք, որ Փաշինյանի հրապարակած վիճակագրությունը ճիշտ է, դա ամենեւին վկայությունը չէ այն բանի, որ Հայաստանում մարդիկ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 7 տարի առաջ, դա ընդամենը նշանակում է, որ մարդկանց ինչ-որ մի խումբ, շատ փոքրաթիվ, սկսել է ավելի լավ ապրել, քան յոթ տարի առաջ, որ լավ եւ վատ ապրողների միջեւ եղած տարբերությունն այդ յոթ տարիների ընթացքում էականորեն աճել է, հարուստներն ավելի են հարստացել, իսկ աղքատները՝ աղքատացել: Սա խոսում է հասարակության սոցիալական բեւեռացվածության աստիճանի մեծացման մասին, որը ոչ թե ձեռքբերում է, այլ, ընդհակառակը՝ հետընթաց:
Ենթադրենք՝ խոշոր ընկերությունների, բանկերի, պետական հաստատությունների եւ պաշտոնյաների աշխատավարձերն այս յոթ տարիների ընթացքում աճել են մի քանի անգամ, իսկ շարքային աշխատակիցներինը՝ ընդամենը 10 տոկոսով: Ինչպե՞ս է հաշվվում միջին աշխատավարձը. գումարում են բոլոր աշխատողների ստացած աշխատավարձը եւ դա բաժանում բոլոր աշխատողների թվի վրա: Մի պարզ օրինակ. ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, 2018 թվականին ստանում էր մեկ միլիոն դրամ աշխատավարձ, հիմա ստանում է երկու միլիոն դրամ, իսկ ես 2018 թվականին ստանում էի 200 հազար դրամ, հիմա 220 հազար եմ ստանում, մեր միջին աշխատավարձն այն ժամանակ 600 հազար էր. մեկ միլիոնին գումարած 200 հազար, բաժանած երկուսի, իսկ հիմա այն դարձել 1 միլիոն 110 հազար, պատկերացնո՞ւմ եք՝ միջին աշխատավարձն աճել է գրեթե կրկնակի, թեեւ իմ աշխատավարձն աճել է ընդամենը 10 տոկոսով: Շնորհիվ նման հաշվարկի, որը թվաբանորեն ճիշտ է, բայց ոչ մի առնչություն չունի իրականության հետ, Փաշինյանը կարող է ասել՝ քանի որ միջին աշխատավարձը երկրում բարձրացել է, ուրեմն մարդիկ սկսել են 50 տոկոսով ավելի լավ ապրել: Սա ճիշտ է՝ ինչպես երկու մարդու, այնպես էլ ամբողջ երկրի մակարդակով, որովհետեւ հնարավոր չէ բարձր աշխատավարձ ստացողի աշխատավարձը բաժանել ցածր աշխատավարձ ստացողի աշխատավարձի վրա եւ ասել, որ ցածր աշխատավարձ ստացողը սկսել է լավ ապրել, ի վերջո՝ երբ Նիկոլ Փաշինյանն իր կամ իր նախարարների, պատգամավորների, մարզպետների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում է, դրանից շարքային ուսուցչի կամ գրադարանավարի աշխատավարձը չի բարձրանում: Բայց Փաշինյանը նման ընդհանրացում է անում, քանի որ ոչ միայն գիտելիք չունի, այլեւ որովհետեւ այդպես իրեն հարմար է, ինքը դրանով ուզում է ցույց տալ, որ աշխատավարձերի բարձրացումն իր կառավարման արդյունավետության ապացույցն է:
Պարզ ասած՝ Հայաստանում ինչ-որ խումբ մարդիկ իսկապես 2018 թվականից հետո սկսել են լավ ապրել, անհամեմատ ավելի լավ, քան ապրում էին մինչեւ իշխանության գալը, եւ դա պետական պաշտոնյաներն են, որոնց աշխատավարձերն անհամամասնորեն են բարձրացել, քան մյուս պետական ծառայողներինը, Փաշինյանի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում մասնավոր սեկտորում եւս կան ընկերություններ, որոնք ստանում են գերշահույթներ, որն այդ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին ապահովում է աստղաբաշխական աշխատավարձեր, ինչպես, օրինակ, բանկային ոլորտն է, տարբեր տեսակի վարկային կազմակերպությունները կամ շահումով խաղերի կազմակերպումը, բայց այդ մարդկանց աշխատավարձը գումարել եւ բաժանել բոլորի աշխատավարձերի վրա եւ հայտարարել, որ մարդիկ սկսել են լավ ապրել, մեղմ ասած, գիտակցված խաբեություն է: Մի բան, որով արդեն յոթ տարուց ավելի զբաղված է Փաշինյանը: Որովհետեւ նա չի կարող հրապարակային ելույթ ունենալ եւ հայտարարել. մարդիկ, իմ կառավարման արդյունքում ես եւ իմ շրջապատը հարստացել ենք, ապրում ենք շքեղ ու ապահով, եւ դա՝ ձեր շնորհիվ, ձեզնից բռնությամբ եւ խաբեությամբ հավաքվող հարկերի ու տուգանքների շնորհիվ, իսկ դուք հարկային բեռի ավելացման եւ տուգանքների հաճախակիացման արդյունքում, բնականաբար, աղքատացել եք, հազիվ եք գոյություն քարշ տալիս, հազիվ եք սննդի փող աշխատում, իսկ շատերդ հայտնվել եք վարկերի ու պարտքերի տակ, բայց դա հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ ես իշխանությունը բռնազավթել եմ ինձ եւ ոչ թե ձեզ համար: