Հասարակություն

«Հրապարակ». Երկարամյա մանկավարժը հաղթել է Ավինյանի կնոջ ազգականին

«Հրապարակ». Երկարամյա մանկավարժը հաղթել է Ավինյանի կնոջ ազգականին

Մեկ տարի առաջ սկանդալային պատմության մեջ հայտնված թիվ 20 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Դումանյանն աշխատանքից ազատել էր դպրոցի երկարամյա նախկին տնօրեն, այդ ժամանակ դպրոցում ուսուցիչ աշխատող Անահիտ Խոսրովյանին։ Խոսրովյանը դեմ էր արտահայտվել Դումանյանի նշանակմանը եւ լրատվամիջոցներով հայտնել էր իր կարծիքը՝ նոր ԺՊ-ի նշանակման հետ կապված, ինչն էլ, թերեւս, եղել էր նրա ազատման պատճառը։ Անահիտ Խոսրովյանը մեզ հետ զրույցում դեռ այն ժամանակ ներկայացրել էր իրեն ազատելու պատճառները․ «Ամեն բան գնում էր դրան, որ չմնամ դպրոցում աշխատելու։ Իրենք փնտրում էին օրենքի այդ կետերը․․․ սկզբում ասում էին՝ չկա անձնական գործը, հետո հասկացան, որ բոլորի հրամանները կան, դրա հիման վրա էին ուզում աշխատանքից ազատել։ Հիմա էլ, թե` դաստիարակության գծով փոխտնօրեն եմ եղել եւ դասաժամեր եմ պարապել, բայց անհրաժեշտ էր, որ, օրենքի համաձայն, երկու անգամ հայտարարություն տալուց հետո նոր պարապեի, բայց դե՝ ես վաղուցվա դասաժամեր պարապող անգլերենի ուսուցիչ եմ, տնօրեն էլ եմ եղել, դասաժամերը չեմ թողել, ես միշտ պարապել եմ։ Իմ աշխատանքային գրքույկում էլ է գրված՝ պահպանելով անգլերենի դասաժամերը»։
Դպրոցից հեռացնելուց հետո երկարամյա մանկավարժը ձեռքերը ծալած չի նստել, նա իրեն ազատելու որոշումը բողոքարկել է դատարան եւ հաղթել։ Դատարանի որոշմամբ՝  Անահիտ Խոսրովյանը վերականգնվել է անգլերենի ուսուցչի աշխատանքում, եւ դպրոցից, հօգուտ Խոսրովյանի, բռնագանձվելու է մեկ տարվա հարկադիր պարապուրդում եղած ժամանակի համար ստանալիք ողջ միջին աշխատավարձը։ 

Անահիտ Խոսրովյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ հոկտեմբերի 1-ին գնացել է աշխատանքի․ «Մասնակի է բավարարվել հայցը, առաջին կետը կապված էր աշխատանքային պայմանագրի հետ, երկրորդ կետը վերաբերում էր անգլերենի ուսուցչի աշխատանքում վերականգնվելուն, ես գիտեի, որ պետք է վերականգնվեի։ Իրենք հիմքը վերցրել էին «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետը: Համենայնդեպս, վերականգնվեցի օրենքով։ Ըստ նրանց՝ ես իրավունք չունեի դասավանդելու, ես աշխատում էի նաեւ որպես վարչական աշխատող, իսկ վերջինս իրավունք ունի դասավանդելու միայն այն դեպքում, երբ 2 անգամ տրվում է թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն, ու ոչ մեկը չի դիմում, եւ վարչական աշխատողն իրավունք ունի դաս տալու, քանի որ ես դիմում գրեցի անցած տարի, որ ինձ ազատեք փոխտնօրենի (վարչական աշխատողի) պաշտոնից։ Ինձ նաեւ ասացին, որ ձեզ ժամերն էլ են տրված անօրինական, քանի որ դուք վարչական աշխատող եք, եւ հայտարարությունը տրված չի, մինչդեռ կարգն այնպես է, որ հայտարարություն կարող էինք չտալ, քանի որ ֆիզարձակուրդում էր գտնվում»։

Ինչպե՞ս է աշխատելու տնօրենի հետ, քանի որ մեկ տարի առաջ վերջինս ամեն ինչ անում էր՝ իրենից ազատվելու համար։ «Ի՞նչ կա որ, ես դպրոց գնում եմ երեխաներին դասավանդելու համար, ինչպես պետք է, այնպես էլ կլինեն հարաբերությունները։ Ես կարծում եմ՝ պետք է խաղաղ մտնեմ դպրոց, պետք է գիտելիքներս հաղորդեմ երեխաներին։ Գիտե՞ք, թե ինչքան մարդ է ինձ զանգել, շնորհավորել եւ ասել, որ ապրեք, որ մինչեւ վերջ գնացիք, եւ արդարությունը հաղթեց։ Դա պայքար էր ե՛ւ քաղաքապետարանի վարչության դեմ, ե՛ւ նորանշանակ տնօրենի դեմ, ո՞նց կարելի էր, ախր, այդպես: Լավ, էլ չշարունակեմ․․․»։

Հիշեցնենք, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում 2024 թվականի հոկտեմբերին տնօրենի ԺՊ էր նշանակվել Քրիստինե Դումանյանը, դրանից հետո աշակերտները բողոքի ակցիա էին կազմակերպել` ընդդեմ այդ նշանակման։ Նրանց պահանջն էր՝ տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին` Անահիտ Խոսրովյանի դստերը: Նշենք նաեւ, որ, ըստ տեղեկությունների, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Երեւանի քաղաքապետի կնոջ հետ ազգակցական կապ ունի, իսկ ամուսինն ուժային կառույցում է աշխատում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image