«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ տնային կալանքից ազատել են ԱՄՆ-ում դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։ Դատարանը վերացրել էր խափանման միջոց տնային կալանքը՝ կիրառելով վարչական հսկողություն, անփոփոխ է թողել կիրառված 2 միլիոն դրամը գրավն ու բացակայելու արգելքը։
Նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին Քննչական կոմիտեից մեզ հայտնել էին․ ««Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով` հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»,-հայտնել են ՔԿ-ից։
Ըստ ՔԿ-ի` նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Վարույթից օրեր առաջ պարեկները Փարաքարում ստուգումների նպատակով կանգնեցրել էին մեքենա, որը վարել էր դեսպանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, այդ ընթացքում մեքենայից իջել ու փախել էր ուղևորը՝ նետելով ատրճանակ ու փոշենման զանգված: