Վերլուծություն

Աննորմալությունների շքերթ

Աննորմալությունների շքերթ

Եվրամիության խորհուրդը հայտարարել է Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելության (EUPM Armenia) մեկնարկի մասին։ Խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է՝ աջակցել Հայաստանի իշխանություններին՝ հիբրիդային սպառնալիքների դեմ երկրի դիմակայունությունը բարձրացնելու եւ անվտանգային նոր մարտահրավերներին արձագանքելու հարցում։ Սա՝ պաշտոնապես:
Իրականում, դա Եվրամիության հերթական միջամտությունն է Հայաստանի ներքին գործերին: Թե ինչու է ասվում, որ այժմ է տրվել մեկնարկը՝ անհասկանալի է: Որովհետեւ դրա սկիզբը դրվել էր դեռեւս ապրիլին՝ նախընտրական ժամանակահատվածում: Դրա շրջանակներում Նիկոլենք, որպես գործող իշխանություն, 15 միլիոն եվրոյի դրամաշնորհ էին ստացել՝ իբրեւ թե հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու՝ հայաստանյան ներուժի զարգացման համար: Իրականում, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, վերը նշված բոլոր երեւույթներին, ինչպես նաեւ ապօրինի ֆինանսական հոսքերին դիմակայելու փոխարեն կանքի կոչեցին այդ ամենը, ինչը դրսեւորվեց, նախ, պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու տեսքով: Երկրորդ․ ընդդիմադիր ընտրողների հսկայածավալ հետապնդումների, ինչպես նաեւ՝ նրանց հասցեին ամենօրյա կտրվածքով արված սպառնալիքների տեսքով: Նախկինում երբեք չտեսնված ու չլսված զրպարտություններ ու վիրավորանքներ հասցեագրվեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող թեկնածուներին եւ ընտրողներին: Այո, հենց նաեւ ընտրողներին, ոչ միայն քաղաքական ուժերին: Նույնիսկ այն աստիճան, որ վերջիններս 100 տոկոսով համարվեցին ընտրակաշառքով քվեարկածներ: Այդ ամենը տեղի ունեցավ Հայաստանում Եվրամիության գրասենյակի, եվրոպական երկրների դեսպանատների աշխատակիցների ու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության անդամների աչքի առաջ: Իսկ նրանց կողմից չհետեւեց որեւէ լուրջ արձագանք, ինչը հետ կպահեր Նիկոլին այդ վարքագծից:

Դիտարկենք ԵՄ միջամտության առումով երկրորդ կողմը: Հայաստանը դեռեւս շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի անդամ: Փաշինյանի կողմից ՀՀ անդամության կասեցումը ֆորմալ առումով առ ոչինչ է, որովհետեւ նման դրույթ առկա չէ կազմակերպության կանոնադրության մեջ: Ի դեպ, ինստիտուցիոնալիզացումն ամեն պատեհ եւ ոչ պատեհ առիթով գովերգող Փաշինյանն այս դեպքում նահանջել է իր սկզբունքներից, ինչը, ի դեպ, նորություն չէ: Դա արվում է միշտ եւ այն ժամանակ, երբ այլ հարմար տարբերակ չի գտնվում: Ինչեւէ, աննորմալություն է միեւնույն անվտանգային համակարգում գտնվող երկրներից հիմնականին մյուսի համար որպես սպառնալիքների աղբյուր դիտարկելը, ինչը մինչ այդ արձանագրվել էր արտաքին հետախուզության ծառայության զեկույցում՝ առանց ՌԴ-ի անունը տալու: Դա էլ՝ ոնց որ նորահարսը սկեսրայրի հետ խոսեր՝ առանց նրան նայելու ու անունը տալու: Կարծում եմ, որ դա էլ արվել էր, որպեսզի ԵՄ-ն եվրոպացիներին հիմնավորեր, թե ինչու է այդքան գումար նվիրում ՀՀ-ում գործող հակաժողովրդավարական իշխանությանը:

Ինչ էր դա, եթե ոչ Հայաստանի ներքին գործերին եվրոպական միջամտության դրսեւորում, ինչը ոչ միայն ընդունելի է համարվում գործող իշխանության կողմից, այլեւ ողջունվում է: Ու այդ պարագայում Նիկոլենք ինքնիշխանության հոգսը քաշելու խնդիր չեն տեսնում: Մի պահ վերացարկվենք ՀԱՊԿ-ի խնդրից, հիշենք, որ ՌԴ-ն դիտարկվում է որպես սպառնալիքների աղբյուր՝ Հայաստանի տարածքում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան ու Երեւանի «Էրեբունի» ավիաբազան ունենալու պարագայում: Եվ գործող իշխանությունը չի մտածում դրանցից ազատվելու խնդիրն առաջադրելու մասին: Ինչ է դա, եթե ոչ մեկ այլ աննորմալություն:

Այժմ անդրադառնամ աննորմալության երրորդ դեպքին: Մի քանի ամիս շարունակ ՌԴ ղեկավարությունը Նիկոլին առաջարկում է կողմնորոշվել, թե որ ուղղությունն է վերջապես նախընտրում՝ հյուսիսը, թե՝ արեւմուտքը: Իրեն գժի տեղ դրած (ինքն էր, չէ՞, մի ժամանակ գլուխ գովում, որ իրեն գժի տեղ է դնում)՝ բանի տեղ չէր դնում այդ առաջարկը՝ իր «սիրելի» ժողովրդին ու ռուսներին հիմարի տեղ դնելով, թե դա կանի այն ժամանակ, երբ կգա հարմար պահը: Իսկ երբ եկավ այդ պահը, գլխի ընկավ, որ դա ոչ թե հարմար, այլ շատ անհարմար պահ էր: Ու ընկավ ռուսների ոտքը, թե մեզ մի զրկեք ձեզ գյուղմթերք վաճառելու հնարավորությունից: Ու պարզվեց, որ ոչ թե ռուսներին էր հիմարի տեղ դրել, այլ միայն իր «սիրելի» ժողովրդին, ու իրեն էլ կանգնեցրել անլուծելի խնդրի առաջ: Կարծում եմ, որ աննորմալությունների շղթան ասվածով չի ավարտվում: Բայց դա էլ բավարար է, որպեսզի ուղեղի ծալքեր ու դրանում գորշ նյութի որոշակի ծավալ ունեցող՝ ՔՊ ընտրող յուրաքանչյուր անձ հասկանա, թե ում է ձայն տվել հունիսի 7-ին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image