Գյումրիից այսօր «Հրապարակին» ահազանգել են, որ առավոտյան 10-11-ից Գյումրու մի շարք թաղամասերում գազն անջատել են՝ առանց բնակչությանը պատշաճ իրազեկելու։ Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ միայն մեկ բան են ասում՝ «Սովխոզում փորել են, գործ են անում, մինչեւ երեկոյան ութը գազամատակարարումը կվերականգնվի», բայց թե ինչ պատճառով է գազամատակարարումն անջատվել մի լրիվ օր, այն էլ ձմեռվա այս ցուրտ եղանակին, հայտնի չէ։
Հարցին, թե գուցե վթա՞ր է եղել, մեզ ահազանգած քաղաքացիները նշեցին, որ եթե արտադրամասերի, հացի փռերի կամ այլ նմանատիպ օբյեկտների գազամատակարարումը կա, իսկ բնակիչ բաժանորդներինն անջատել են, ուրեմն եզրակացությունները պետք է կատարեն նաեւ իրավապահ մարմինները, պարզելու համար, թե ինչումն է խնդիրը, եւ արդյոք ինչ որ մասնավոր գազամիացման կամ այլ «սեւ գործերի» համար չի արվում սա։
«Հրապարակին» ահազանգած քաղաքացիները մեկ բան են ուզում, որ գազի մատակարարման գրասենյակը պատշաճ եւ բարեխիղճ աշխատի, իսկ եթե չեն կարող, ապա գոնե իշխանություններն ունենան բավարար կամք, «դուխ»` նրանց տուգանելու։