Հասարակություն

Բեթղեհեմի լույսի փոխարեն հրթիռների բոցկլտո՞ց

Բեթղեհեմի լույսի փոխարեն հրթիռների բոցկլտո՞ց

2023 թվականը դեռ չի ավարտվել, դեռ բուռն ռազմական եւ դիվանագիտական իրադարձություններ են ծավալվում թե´ Արեւելյան Եվրոպայում, թե´ Մերձավոր Արեւելքում։ Անշուշտ, բոլորն են ցանկանում, որ թնդանոթները, ռումբերն ու հրթիռները լռեն գոնե Սուրբծննդյան տոներին եւ Ամանորին, սակայն միջազգային իրադրությունն այնքան էլ տոնակատարության չի տրամադրում ո´չ քրիստոնյաներին, ո´չ մահմեդականներին, ո´չ էլ հրեաներին։ 

Քրիստոնյաներին տխրեցնողն այն է, որ այս տարի Հիսուսի ծննդավայրում՝ Բեթղեհեմում, ոչ մի տոնակատարություն չի լինելու։ Անգամ քրիստոնյա արաբ հոգեւորականները սովորաբար ծննդյան խանձարուրի մեջ փաթաթված փոքրիկ Հիսուսի արձանիկի փոխարեն այս տարի նորածին Հիսուսի՝ փլատակներում հայտնված արձանիկն են հավատացյալներին ցուցադրում՝ հավատալով ու հավատացնելով, թե Հիսուսն այսօր իր ծննդավայր Պաղեստինի մի հատվածում՝ Գազայում, փլատակների տակ մահացող երեխաների հետ է։ Եթե Պաղեստինի քրիստոնյաներին այդպես մտածելը մխիթարում է, հույսի թեկուզ մի նշույլ է արթնացնում մահվան ու ավերածության այն դժոխքում, որում հայտնվել են, արժե, որ այդպես մտածեն, աղոթեն ու հավատան։ Իսկ մնացյալ քրիստոնյաները, աշխարհի որ ծայրում էլ լինեն, չեն կարող ցավ չապրել Գազայի մահացող երեխաների նման՝ քարերի մեջ ու փլատակների տակ հայտնված Հիսուսի արձանիկի համար եւ չտխրել այն մտքից, որ ինչպես հրեաները 1990 տարի առաջ Հիսուսին խաչեցին ու սպանեցին, հիմա էլ հերթական խելագարությամբ բռնկված՝ Քրիստոսի ծննդավայրում՝ Բեթղեհեմում, Սուրբծննդյան տոնն են խափանում, չասելու համար՝ սպանում։ 

Մահմեդականները համատարած եւ ողջ աշխարհում չեն կարող ճնշված ու տխուր չլինել՝ ի տես այն դժոխային վիճակի, որ մոլեգնում է Գազայում, եւ առավել եւս ի տես Գազայի իրադրության վրա ազդելու իրենց բացարձակ անկարողության։ Նույնիսկ արաբական երկրները, հայտարարություններից այն կողմ ոչինչ չեն անում, ոչ միայն ռազմական դիմակայության չեն գնում Իսրայելի դեմ, այլեւ անգամ դիվանագիտական հարաբերությունները չեն խզում Իսրայելի հետ։ Գոհանում են միայն նրանով, որ փառք Բարձրյալին, քրիստոնյա Եվրոպան է Իսրայելի հանդեպ վերաբերմունքը փոխում, քրիստոնյա Եվրոպան այլեւս Գազայում մոլեգնող անմարդկային վայրագությունը հանդուրժել չի կարող եւ միջազգային հանրության անվան ներքո կգա Գազային օգնության ու փրկության։ Նորից հին, բարի Եվրոպան․ չլինի Եվրոպան, որտե՞ղ կհայտնվի մարդկությունը․․․ 

Ի դեպ, դատելով նրանից, թե ինչ ինտենսիվության դիվանագիտական շփումներ են ընթանում այս օրերին Եվրոպայում, կարելի է հուսալ, որ Եվրոպայի դիրքորոշման փոխվելու արդյունքում այլեւս ԱՄՆ-ն էլ անցել է զգալիորեն Իսրայելին ճնշելուն, որպեսզի մինչեւ դեկտեմբերի 25-ի Սուրբծննդյան տոները հրադադար հաստատվի, գուցե ռազմական գործողություններն ավարտվեն։ Անկախ նրանից, թե Իսրայելի ղեկավարությունն ինչ է դատարկախոսում տեսախցիկների եւ բարձրախոսների առջեւ, կուլիսների ետեւում, ինչպես հայտնի դարձավ, անցյալ շաբաթավերջին Իսրայելի Արտաքին հետախուզության՝ MOSSAD-ի ղեկավարը գործուղվել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո՝ Կատարի վարչապետին հանդիպելու եւ HAMAS-ի հետ միջնորդավորված բանակցություններ վերսկսելու համար։ Հնարավոր է, որ բանակցային սեղանին իսրայելցի պատանդներին եւ պաղեստինցի բանտարկյալներին՝ բոլորը բոլորի դիմաց փոխանակելու եւ տեւական, եթե ոչ վերջնական հրադադարի հարցերն են։ Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը՝ Բըրնս Ուիլյամսն էլ է ժամանել Օսլո եւ միացել բանակցություններին, ինչը զգալիորեն լրջացնում է այդ բանակցությունները եւ բարձրացնում համաձայնության հասնելու հավանականությունը։

Միեւնույն ժամանակ երեկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Քուվեյթից ժամանեց Իսրայել՝ իրենց պատերազմական կառավարության՝ Բիբի Նաթանյահու-Բեննի Գանց-Յոավ Գալանտ տրիումվիրատի հետ բանակցելու համար։ Թեեւ «բանակցելը» մի քիչ շատ է ասված, ԱՄՆ-ն այնքան լծակներ ունի Իսրայելի վրա ազդելու՝ զինամթերքի մատակարարումներից սկսած, որ կուլիսների ետեւում կարող է Իսրայելին պարտադրել, ինչ անհրաժեշտ համարի։ Մնում է տեսնել՝ ի՞նչ անհրաժեշտ կհամարի։ Ամեն պարագայում ասում են՝ անցյալ ամիս արաբական երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ Գազայում կատարվողի առնչությամբ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է․ “I’m disappointed in myself” (Ես ինձնից եմ հիասթափվել)։ Դա նշանակում է՝ Իսրայելին վստահելու եւ աջակցելու ԱՄՆ իներցիան հատել է ռուբիկոնը․ աջակցությունը պետք է պահպանվի այլեւս սահմանափակումներով եւ փոփոխություններով։

Գալով հրեաներին․ հրեաների համար, իհարկե, կատարելապես դժբախտ տարեմուտ է, քանի որ իրենք իրենց ներշնչել են, թե հոկտեմբերի 7-ի HAMAS-ի հարձակումը Հոլոքոստից հետո իրենց վիճակված ամենամեծ դժբախտությունն է, աղաղակում են, թե իբր ընդամենը մի պարտիզանական HAMAS սպառնում է իրենց վերացնել, իրենք էլ աշխարհի աջակցությամբ, թե առանց դրա, պետք է HAMAS-ից ինքնապաշտպանվեն՝ ամբողջ գազանությամբ, որին ընդունակ են։ Սակայն այն խելագարությունը, գազանային պատերազմը, որ մղվում է Գազայում, ինչպես ամենքը տեսան, 70 օրում Իսրայելին մարդասպանությունից բացի ոչ մի տեղ չհասցրեց։ 70 օրում շուրջ 19 հազար մարդ սպանելով (ճնշող մեծամասնությամբ՝ կանայք եւ երեխաներ), ավերածություն ու դժոխք սփռելով, Իսրայելի բանակը՝ TSAHAL-ը, հազիվ սեփական քթի տակ գտնվող (դեպի Իսրայել Գազայի սահմանային անցակետերից մեկից ընդամենը 400 մ հեռավորության վրա) մի տպավորիչ չափերի ստորգետնյա թունել է հայտնաբերել, եւ ուզում են հավատալ, թե հաջողություն են արձանագրել։ Դա՝ այն պարագայում, երբ ո՛չ HAMAS-ի ղեկավարությանն են կարողանում հասնել, ո՛չ HAMAS-ի հրթիռներին ու զինյալներին են կարողանում չեզոքացնել, ո՛չ էլ գոնե մի իսրայելցի պատանդ են կարողանում ազատել։ Վերջնահաշվում այնպիսի խելագար կառավարություն ունենալով, ինչն Իսրայելում ունեն, դժվար էլ որեւէ արդյունքի կամ տեղ հասնեն։ 

Մնում է միայն հուսալ եւ մաղթել, որ ԱՄՆ-ին հաջողվի Իսրայելի կառավարության խելագարությունը սանձել, որ գոնե Սուրբծննդյան տոներին՝ կաթոլիկ տոնացույցից մինչեւ ուղղափառ տոնացույց, Բեթղեհեմի Ծննդյան Այրից բարձրացող լույսի փոխարեն Իսրայելի ու HAMAS-ի հրթիռները չշարունակեն լուսավորել Պաղեստինի երկինքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image