Վերջին օրերին ակնհայտ սրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու՝ մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև եղած լարվածությունը։ Վարչապետի հրապարակային ելույթներում գրեթե ամեն օր հնչում են ուղիղ մեղադրանքներ, որոնք միտված են վարկաբեկելու եկեղեցու դերը հանրային կյանքում։ Այդ ելույթները ուղեկցվում են պահանջներով՝ ուղղված Վեհափառ Գարեգին Բ-ին, որպեսզի վերջինս թողնի իր աթոռը և հեռանա Կաթողիկոսարանից։ Այս ամենը առավել մտահոգիչ է այն համատեքստում, երբ պետականության ու ինքնության շուրջ հյուսված խարիսխներից մեկը՝ եկեղեցին, կոշտ ճնշումների է ենթարկվում։
Փաշինյանի գրեթե ամենօրյա հռետորաբանությունը, որն ուղղված է ոչ միայն անձին, այլ ամբողջ հոգևոր ինստիտուտին, կարծես մի համակարգված արշավի մասին է խոսում։ Hraparak.am-ի հետ զրույցում գյումրեցի քաղակտիվիստ Մհեր Խաչատրյանն է նկատում․ «Սա ուղղորդված արշավ է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից, և նա դեռևս 2018-ից ձևավորում էր հակաեկեղեցական մթնոլորտը»։ Ըստ Խաչատրյանի՝ որքան էլ իրավիճակն իր դրսևորումներով խիստ է, միևնույն ժամանակ մեզ տրված է ինքնաճանաչման և արժեհամակարգային վերագնահատման հնարավորություն։ «Ես հիմա, որ անալիզ եմ անում, հասկանում եմ, որ սա ինչ-որ առումով ուրախանալու տեղիք է տալիս, որովհետև Նիկոլը բացահայտ դուրս է եկել մեր եկեղեցու դեմ ու պատերազմում է, իսկ սա առիթ է, որ մենք մեզ ճանաչենք, ի վերջո ում կողմն ենք բռնում, առիթ է վերջապես նեռից ազատվելու։ Վստահաբար ասեմ՝ ինքն այս պատերազմում չի հաղթելու»,- ասում է նա։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ պայքարը միայն ինստիտուտների միջև չէ, այլ արժեքների։
«Ես պատրաստ եմ հանուն իմ հավատքի մեռնել, ու ինձ նման հազարավորներ կան։ Բայց հանուն Նիկոլ Փաշինյանի անգամ նրա կենսաբանական որդին պատրաստ չէ մեռնելու։ Դա է տարբերությունը՝ հավատքի ու քաղաքական շահի։ ժամանակն է նաև, որ դուրս գանք ֆեյսբուքյան տիրույթից ու մտնենք իրական պայքարի մեջ՝ հանուն մեր ինքնության ու ապագայի»,-ասաց գյումրեցի քաղակտիվիստը՝ միաժամանակ ավելացնելով․ «Բայց չպետք է տրվենք սադրանքներին, չօգտագործենք այն բառամթերքը, ոնց իրենք են խոսում, բայց հանուն հավատքի, բարոյականության և ազգային ինքնագիտակցության համար պայքար մղելն արդեն օրհասական է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ Մհեր Խաչատրյանին ոստիկանություն էին հրավիրել ` դերասան, Նիկոլ Փաշինյանի համակիր Գնել Սարգսյանի դիմումի համաձայն։