«Գիտուժ» նախաձեռնությունն Ազգային ժողովում կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրինագիծը ներկայում լրամշակման փուլում է՝ հաշվի առնելով մասնագիտական համայնքի ներկայացրած առաջարկներն ու դիտարկումները։
Քննարկման նպատակն էր, որ օրենքի նախագիծը մշակած մարմինը մասնագիտական դաշտին ներկայացներ դրա շրջանառության ընթացքում ստացված հիմնական առաջարկներն ու դիտարկումները, ներառված կամ ներառվելիք կետերը, ինչպես նաեւ պարզաբաներ այն առաջարկները, որոնք չեն ընդգրկվել լրամշակված նախագծում։
Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն արդեն երկար ժամանակ քննարկվում է, ավելին` ամիսներ առաջ 80 էջանոց օրենքի նախագծի վերաբերյալ Ակադեմիան ներկայացրեց 80 էջանոց դիտողություններ: Մասնագիտական հանրության կարծիքով, օրենքում բազմաթիվ են հակասությունները տարբեր կետերի միջեւ, կան բազում չպարզաբանված հասկացություններ, վտանգավոր կետեր, որոնք կարող են խաթարել գիտական ոլորտի բնականոն գործունեությունը։ Դրանցից ամենակարեւորը թերեւս այն է, որ գիտական կազմակերպությունները բուհեր են տարվում, որը, ըստ ակադեմիական շրջանակների, մեծ ռիսկեր է պարունակում:
ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը նախ խոսեց ԿԳՄՍ նախարարը` ներկայացնելով օրենքի կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 500 էջից ավելի առաջարկություններ են ստացել, որն իրենց էապես օգնել է օրենքի նախագիծը լրամշակելու, իսկ որոշ դեպքերում էլ՝ իրենց մոտեցումները վերանայելու հարցում: Միայն «Գիտուժի» կողմից 10 առաջարկ է արվել, որոնցից ընդունվել է 6-ը։ «Հիմնական դիտարկումը, որի շուրջ մենք չունենք համաձայնություն՝ «Գիտուժի» գործընկերների առաջարկի տրամաբանության մեջ, դա ինստիտուտների չմիավորման եւ Ակադեմիայի տիրույթում ինստիտուտները թողնելու առաջարկն է, որը մեզ համար սկզբունքային փոփոխություն է, եւ սա մի առաջարկ է, որը սկզբունքորեն չի կարող ընդունելի համարվել»,- նշեց նախարարը` համոզմունք հայտնելով, որ կիսատ լուծումները կամ կոսմետիկ փոփոխությունները բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում չեն աշխատելու:
«Այս ընթացքում բազմաթիվ մեղադրանքներ էին հնչում, մեղադրանքների տակ` տարբեր հանրային հայտարարություններ, քննարկումներ, թե սա օրենք է առավելապես բարձրագույն կրթության մասին, որն իրեն սպասարկող է դիտում գիտությանը: Սա համարում եմ չհիմնավորված ու որեւէ կերպ իրականության հետ կապ չունեցող պնդում»,- նշեց նա ու որպես ապացույց՝ առաջ քաշեց այն հանգամանքը, որ կառավարությունը 2018-ից ի վեր գիտության ոլորտում իր ներդրումային ծավալներով ցույց է տալիս գիտության ոլորտի առաջնահերթությունը, քանի որ այս ընթացքում ավելի քան 74 մլրդ հավելյալ գումար է ուղղվել գիտության ոլորտին:
ԳԱԱ համակարգում գործում է 34 գիտական կազմակերպություն, որոնցից մի քանիսը դուրս է եկել ֆինանսավորման ցանկից: Այս մասին տեղեկացրեց Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Որպես գիտության ոլորտի կարեւոր մի խնդիր՝ նա մատնանշեց գիտական համակազմի ծերացումը, իսկ բոլոր այն ծրագրերը, որ իրականացնում են, միտված են նաեւ գիտության ասպարեզ նոր, երիտասարդ մասնագետներ բերելուն։ «3-րդ տարին է, որ մենք արդեն գիտնականների թվի աճ ենք գրանցում, բայց պետք է գիտակցենք, որ այդ աճը դեռեւս թվերի տեսքով է եւ որակական աճ չէ, որովհետեւ համակարգից հեռանում են մեծ փորձառությամբ, գիտությամբ զբաղվող մարդիկ, եւ գալիս են անփորձ, երիտասարդ կադրեր, որն իրավիճակն ամենեւին դեռ չի բուժում»,- նկատեց նա:
«Այն, ինչ նախատեսվում է օրենքի նախագծով, ենթադրում է նոր համակարգի ստեղծում, մենք հավաքագրել ենք գիտական ինստիտուտների մտահոգությունները՝ իրենց անկախության, ինքնավարության, ազատությունների մասով, այդ մտահոգությունները մաքսիմալ ձեւով արտացոլված են օրենքի մեջ: Օրենքի նախագծով բուհական եւ գիտական համակարգի կազմակերպման նոր սկզբունք է ձեւավորվում, որտեղ կլինեն մեծ, խոշոր հետազոտական համալսարաններ, որոնք իրենց կառուցվածքում կունենան գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք կունենան իրենց ազատությունները, այդ թվում` ֆինանսական»,- հայտարարեց Հայոցյանը:
«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը նկատեց․ այս օրենքի նախագծի օրինակով տեսնում ենք, որ մենք շատ հաճախ սայլը դնում ենք ձիերից առաջ։ «Փոխանակ ջանքերն ուղղենք նպատակները հստակեցնելուն, ակադեմիական գիտության ռազմավարության հստակեցմանը, մասնավորապես՝ թե ինչ բնագավառների պետք է առաջնահերթություն տրվի, մենք հավելյալ ռեսուրսներ ենք դնում ակադեմիական գիտության համակարգի կտրուկ փոփոխությունների մեջ` չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու մեզ»,- նշեց նա ու հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է արդյոք բարեփոխումն այս համակարգում իրականացնել այնպես, որ, մի կողմից, զարգացնենք կարողունակությունները` ելնելով ՀՀ կարիքներից, մյուս կողմից՝ էլ ավելի չբարդացնենք իրավիճակը: ««Գիտուժը» դեմ չէ գիտության բնագավառում օրենսդրական բարեփոխումներին, «Գիտուժը» դեմ է այս նախագծում տեղ գտած չհիմնավորված, հատվածական գործողություններին»,- նշեց նա, միաժամանակ ցավ ու ափսոսաք հայտնեց, որ ինստիտուտները բուհերին չմիավորելու իրենց առաջարկը նախարարը որակեց կոսմետիկ փոփոխություն:
Ընդհանուր խնդիրը լուծելու ճանապարհների ընտրությունն է կարեւոր՝ նկատեց ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, որը 2 դիտողություն արեց Ժ. Անդրեասյանին եւ Ս. Հայոցյանին. «Տիկին Անդրեասյան, երբ Դուք ասում եք, որ պետության վերաբերմունքը ֆինանսավորման ծավալների աճով ցուցադրում է պետության վերաբերմունքը գիտության համակարգի հանդեպ, միանգամայն ճիշտ է, բայց դա չի կարող հանդիսանալ հիմնավորում, որ օրենքի այս մոդելը եւս ճիշտ է: Ես ամենայն հարգանքով ասում եմ, որ սա մանիպուլյատիվ մոտեցում է: Նույնպիսի դիտողություն ունեմ պարոն Հայոցյանին, երբ նա ասում է՝ այսքան գիտաշխատող է աշխատում Ակադեմիայում, այսքան հոդվածներ են տպագրվել։ Այո, դրանք ճիշտ թվեր են, բայց մանիպուլյատիվ է հայտարարելը, որ դա կարելի է ուղղել այդպիսի արմատական փոփոխությամբ: Նախ պետք է հիմնավորեք, թե ինչու պետք է արվի այս փոփոխությունը, որից հետո տեղի կունենա որակական լավացում։ Այ, սա չկա: Կա փիլիսոփայական հարց. բոլոր ձվերը մի զամբյուղում դնել չի կարելի, եւ արդյոք վտանգված չէ՞ համակարգը, հատկապես՝ այսպիսի աշխարհաքաղաքական պայմաններում»:
«Մանիպուլյացիա» բառի կրկնակի կիրառումը հունից հանեց ԿԳՄՍ նախարարին, նա նեղսրտած եւ զայրացած նշեց, որ ինքը մանիպուլյացիաներով չի զբաղվում։ «Դրանք օգնում են ոչ թե խնդիրները լուծել, այլ դրանք լղոզել, եւ կարծում եմ, որ ոչ մեկս կարիք չունենք դրանով զբաղվել»,- նշեց նա ու հորդորեց չօգտագործել այդ բառը: Չնայած Իշխանյանի հավաստիացմանը, թե ամենայն հարգանքով է այն արտաբերել, Անդրեասյանը մնաց անդրդվելի. «Մանիպուլյացիան հարգանքի հետ քիչ է համադրելի...»:
Անդրադառնալով ԳԱԱ համակարգից ինստիտուտները դուրս բերելու հարցին՝ Անդրեասյանը նշեց, որ չի հասկանում, թե այստեղ որն է խնդիրը. «Կոնֆլիկտն այն է, թե ով պետք է կառավարի...»: Ըստ նախարարի, Ակադեմիայի ներգրավվածությունն ավելի մեծ է լինելու այս նոր համակարգում, որտեղ մարդիկ զբաղվելու են եւ ներկայացնելու են իրենց փորձագիտական կարծիքները: Իսկ մեր մտահոգություններն էլ բխում են նրանից, որ այս նոր համակարգը մեզ անծանոթ է, եւ այստեղ ամենակարեւոր հանգամանքը ճանապարհային քարտեզի ճիշտ պլանավորումն է, ավելին` հենց այստեղ է հաջողելու կամ ձախողելու ամենամեծ ռիսկը:
«Գիտուժ» նախաձեռնության անդամ՝ իրավաբան, ճարտարագետ Խաչատուր Պապանյանն իր հարցադրումն ուղղեց ԿԳՄՍ նախարարին` նշելով, որ ճիշտ բարեփոխումներն արվում են աստիճանաբար. «Բայց բարեփոխումները Հայաստանում միշտ փորձում են կտրուկ անել ու նույնիսկ՝ պարտադրված»։ Անդրեասյանն այս դիտարկմանը չհամաձայնեց եւ դա փաստարկեց նրանով, թե ավելի հաճախ իրենց մեղադրում են դանդաղ՝ ոչ կտրուկ գործելու մեջ: Ապա նշեց, որ հենց աստիճանական տրամաբանությամբ էլ գործել են, բուհերի խոշորացման մասին դեռ 2023-ին են հայտարարել, որից հետո աշխատանքային խմբեր են ձեւավորվել, որոնք մեկ տարուց ավելի է՝ աշխատում են այդ ուղղությամբ: Հատկանշական է, որ նախարարը ներկաներին հորդորեց` այս գործընթացին ու օրենքի նախագծին նայել իբրեւ անխուսափելի ու անշրջելի փոփոխության հրամայական, որն առաջիկայում օրենքի տեսքով կուղարկվի ԱԺ: