Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մտահոգված է վերջին իրադարձություններով եւ տավուշյան շարժման ու արցախյան շարժման միջեւ նմանություններ է տեսնում.
«Ցավոք, արցախյան շարժումը մարեց եւ կռվից հետո թրեր ճոճելն արդեն անիմաստ է։ Նաեւ անկեղծորեն խոստովանեմ, որ Արցախի կորստից ու Արցախի հայաթափումից հետո՝ մեր սերունդը, որն արցախյան առաջին ազատամարտի տարիները իր մաշկի վրա զգաց, այսօր մի փոքր հիասթափված է։ Պետք էր ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը դուրս չգար Արցախից, ժողովուրդը դուրս եկավ, նրանք էլ բանակը հզորացրել են, ի տարբերություն եւ ի ցավ մեզ։ Հիմա իրենք այնպիսի պատնեշ են կառուցում այնտեղ, որ ես չգիտեմ նորից հնարավոր կլինի՞ Արցախի հարցին անդրադառնալ, թե ոչ։ Գուցե սերունդները անդրադառնան, բայց մեր սերունդը դժվար դա տեսնի ու սա ցավով եմ ասում։ Արցախյան շարժումը շարունակություն կունենար, եթե արցախցիները մնային Արցախում։ Արցախի կորստից հետո ես ուրիշ կյանք եմ ապրում եւ երանի եմ տալիս հորս՝ Երվանդ Ղազանչյանին, որ չտեսավ դա, թե չէ այդ ցավից կմահանար»։