Փետրվարի 20-ին լրացավ Արցախյան շարժման 31-րդ տարեդարձը։
Արցախյան շարժման 31-րդ տարեդարձի առթիվ 1999-2003 թթ․ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը կարծում է, որ այսօրվա մթնոլորտում շարժման պատմությունը հետին պլան է մղվել, իսկ նոր սերունդը չզգաց այդ հզոր շարժման շունչը։
Ռազմիկ Մարտիրոսյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ։
-Այսօրվա սերունդն ավելի շատ հիացած է, ավելի շատ ապրում է թավշյա հեղափոխությամբ։ Իսկ 88-ի շարժումը նախ ազգային հզոր զարթոնք առաջացրեց։ Բերեմ մի փաստ։ 88-ի շարժումը սկսվեց «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսով։ Մենք մտածում էինք, որ Մոսկվան պետք է այդ հարցը լուծի, որովհետեւ մենք ճիշտ ենք, արդար ենք։ Մենք շարունակում էինք մնալ միամիտ ժողովուրդ։ Ավելին՝ իմ դիտարկումները հատկապես Սումգայիթից հետո ցույց տվեցին, որ մեր ժողովրդի մտածողությունը փոփոխություններ չի կրել։ Սումգայիթում տեղի ունեցավ ջարդ, իսկ մենք փորձում էինք Ռուսաստանի, միջազգային կազմակերպությունների միջոցով լուծել մեր հարցերը՝ բնավ չմտածելով, որ այդպիսի հարցերը լուծվում են զենքով։ Եվ Ղարաբաղի, հարակից շրջանների ազատագրումը կարող է լուծվել զենքով։ Այդ ժամանակ էր, որ գտնվեցին տղաներ, որոնք փորձեցին զենքով լուծել այդ խնդիրը։ Այս ընդհանուր շարժման մեջ ես հատկապես կառանձնացնեմ Շուշիի ազատագրումը։ Այն սոսկ մի քաղաքի ազատագրում չէր։ Այն հոգեւոր պայթյուն առաջացրեց, երբ ցեղասպանված, ընկճված ժողովուրդը, որը 60-70 տարի մնում էր այդպիսի վիճակում, հանկարծ հասկացավ, որ ինքը կարող է խնդիրներ լուծել՝ լուծել իր ազգային խնդիրները։ Շուշիի ազատագրումն այդ առումով սրբազան նշանակություն ունեցավ, եւ մենք ինչ-ինչ առումով թոթափեցինք ցեղասպանվածի հոգեբանությունը։ Ե՛վ մեր սերունդը, եւ՛ այսօրվա սերունդն այլեւս այն ընկճված սերունդը չէ, որի վրա խոր հետք էր թողել ցեղասպանությունը։ Շուշիի ազատագրումն այդ հզոր ոգին բերեց բոլորիս։ Ես շատ ափսոսում եմ, որ մեր արվեստագետները Շուշիի ազատագրման մասին մի հրաշալի սիմֆոնիա չեն գրել, կամ էլ գրական ստեղծագործություն չեն գրել, որպեսզի այն մնար, քանդակվեր ժողովրդի հիշողության մեջ։
Ես կարծում եմ, որ Շուշիի ազատագրումն առանցքային իրադարձություն էր։ 88-ը դարձավ նաեւ կամավորական շարժման ժամանակաշրջան։ Եթե ոչ բոլոր բնակավայրերում, ապա շատ տեղերում ձեւավորվեցին կամավորական ջոկատներ, եւ վերականգնվեցին ֆիդայական շարժման ավանդույթները։ Ֆիդայիզմն ինքը պատմական երեւույթ էր, որն առաջացել էր 19-րդ դարի վերջերին, եւ նույն միջազգային կազմակերպությունները, ռուս-թուրքական պատերազմը չլուծեցին հայկական հարցը։ Եվրոպական պետությունները փորձեցին խոստումներով կերակրել, ոչինչ չարեցին, եւ մարդիկ զենք վերցրեցին, փորձեցին վրեժ լուծել։ 90-ական թվականներին շատերն եկան այն եզրակացության, որ ֆիդայիզմով չես կարող պատերազմ շահել։ Սա շատ կարեւոր գաղափար էր։ Օրինակ՝ ես եղել եմ Երասխում, եւ այն ժամանակ կային տարբեր խմբեր, որոնք մեկ ընդհանուր ղեկավարությանը չէին ուզում ենթարկվել։
Հիշում եմ մի դեպք, երբ Երեւանից մի «Վիլիս»-ով զայրացած տղաները գալիս էին, առանց նայելու նրանք սահմանն անցան եւ գերի ընկան։ Եվ մենք բան ու գործ պետք է թողնեինք, մտածեինք, թե ինչպես պետք է նրանց հետ բերել։ Այսինքն՝ այն ժամանակ հասունացավ այն գաղափարը, որ պետք էր ստեղծել միասնական հրամանատարություն, միասնական բանակ։ Օրինակ՝ եթե ինձ հարցնեին, թե որն է Վազգեն Սարգսյանի ամենամեծ ծառայությունը հայ ժողովրդին, ապա ես կասեի՝ Վազգեն Սարգսյանին հաջողվեց հայկական կամավորական ջոկատներից ստեղծել միասնական բանակ։ Այսօր շատ դժվար է պատկերացնել 90-ական թվականների սկիզբը, երբ հայ տղաների ձեռքին զենք կար, եւ միշտ չէ, որ իրենք գործում էին միասնաբար։ Նույնիսկ մեկ գյուղը մեկ այլ գյուղի դեմ դուրս էր գալիս հրանոթներով։ Կամ էլ՝ խմբերի մեջ էին առաջանում կոնֆլիկտներ։ Եվ ամենադժվար խնդիրը նրանց մեկ միասնական հրամանատարության մեջ միավորելն էր։
Եվ Վազգեն Սարգսյանի ամենամեծ ծառայությունը հենց դա էր։ Երբ ձեւավորվեց ազգային բանակը, ավարտվեց ֆիդայիզմի ժամանակաշրջանը։ Փոխաբերական իմաստով ֆիդայիզմի մշակույթը պետք է փոխարինվեր զինվորի մշակույթով։ Այսինքն՝ ֆիդայիզմը նշանակում էր պետություն չունեցող ազգ, որը պայքարում էր վրեժի համար, իսկ զինվորը նշանակում էր պետություն։ Ցավով պետք է ասեմ, որ մեր քաղաքականության, մշակույթի մեջ դեռեւս շարունակվում է ֆիդայիզմը։ Եթե նայում ենք մեր քաղաքական դաշտին, ապա իշխում է խմբակայնությունը։ Նայեք ճարտարապետությանը, քաղաքաշինությանը, որ խմբապետը որտեղ հասնում է, հանրային հատվածից ինչ-որ բան է փախցնում։ Եվ այս առումով մենք խնդիր ունենք մեր ֆիդայական հոգեբանությունը փոխարինելու զինվորի հոգեբանությամբ, պետության մշակույթով։ Այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը դեռեւս չի ավարտել այն հզոր պետականաստեղծ գործընթացները, որպեսզի ողջ հասարակությունը լծվի պետական շինարարությանը։ Եվ առաջին հերթին պետք է կայացնել պետությունը, որը նշանակում է՝ պետություն բոլորի համար, եթե հասարակություն, ապա ներդաշնակ հասարակություն։ Իսկ դրան էլ կհաջորդեն ուրիշ զարգացումներ, եւ կայացած պետությունը կարող է իր առջեւ դնել նոր խնդիրներ։ Բայց քանի դեռ պետության կայացումը դեռեւս երերուն է, այլ խնդիրներ են առաջադրվում։ Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի, ժամանակակից Հայաստանի հոգեւոր աղբյուրը դարձավ։
-Վերջին շրջանում զուգահեռներ են անցկացվում 1988-ի եւ 2018-ի շարժումների միջեւ։ Ի՞նչ ընդհանրություններ կան, ըստ Ձեզ, այդ երկու շարժումների միջեւ։
-88-ի շարժումը տարիներով կուտակված ազգային իղձերի պոռթկում էր։ Բերեմ մի պատմական փաստ։ Մոսկվայի կնքած ռուս-թուրքական պայմանագրով կար արձանագրություն, որով երկու երկրները՝ Թուրքիան եւ Խորհրդային Ռուսաստանը, պայմանավորվում էին, որ իրենց տարածքներում չպետք է թույլ տան մյուս պետության հասցեին հակապետական գործունեություն կամ քայլեր։ Այդ պատճառով բազմաթիվ հայեր ոչ միայն Հայաստանից, այլեւ Հյուսիսային Կովկասից, Սեւծովյան շրջանից, Ուկրաինայից աքսորվեցին Սիբիր միայն այն բանի համար, որ հիշում էին իրենց հետ կատարվածը։ Եվ մինչեւ 60-ական թվականներն արգելված էր խոսել ցեղասպանության մասին։ 88-ը միանգամից առաջացրեց ազգային պոռթկում։ Այն հետո վերածվեց անկախության համար շարժման։ Կային եւ՛ Ղարաբաղի ազատագրման գաղափարը, եւ՛ անկախ պետություն ստեղծելու գաղափարը, որը միավորող էր ամբողջ հայ հասարակության համար։
2018թ․ շարժումը շարժում էր սոցիալական անարդարությունների դեմ, այն բարոյական շարժում էր։ Խախտված էին մարդկանց սոցիալական իրավունքները, երկիրը թաղված էր կոռուպցիայի մեջ, եւ դա հիմնական պատճառը դարձավ, որ տեղի ունեցավ այդ հզոր շարժումը։