Այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ:
Նախկին գնդերեց Տեր Պսակ քահանան hraparak.am֊ի հետ զրույցում նշեց` ցավով է վերաբերում որոշմանը. «Ափսոսանքով եմ վերաբերվում, թերևս հոգեւոր առաջնորդությունն ամենակայացած կառույցն էր, 20 եւ ավելի տարիներ մենք մեր ծառայությունը բերում էինք Զինված ուժերում։ Չեմ կարծում հետևանքները, որ լավ կլինեն, ժամանակն էլ ցույց կտա, հասարակությունն էլ, ժողովուրդն էլ։ Եւ վստահ եմ, որ զինվորականներն էլ իրենց գնահատականները կտան, թե ինչ եղավ գնդերեցների բացակայությամբ»։
Տեր Պսակի խոսքով` Վեհափառ հայրապետը տնօրինություն կանի եւ բոլորն էլ իրենց ծառայությունը կշարունակեն։