Դեկտեմբերի 18-ին էկրան բարձրացավ նոր ֆանտաստիկ մելոդրամա՝ «Հավերժություն» վերնագրով։ Ֆիլմը պատմում է այն կնոջ մասին, որը հայտնվում է անդրշիրիմյան աշխարհում՝ իր առաջին ու երկրորդ ամուսինների հետ, եւ պետք է կողմնորոշվի, թե ում հետ է շարունակելու անցկացնել հավերժությունը։ Ամերիկյան իրականության համար, ըստ կինոքննադատների, սա ոչ տիպիկ փիլիսոփայական կինոնկար է։ Այն պատմում է կյանքի ընտրությունների, նախկին սիրեցյալների իդեալականացման եւ ներկա սիրեցյալներին գնահատել չկարողանալու ու այն բանի մասին, թե ինչպես կարող էինք վարվել, եթե ամեն բան նորից սկսելու հնարավորություն տրվեր մեզ։
Պատահական չէ, որ կինոնկարի արտադրությամբ զբաղվել է Նյու Յորքի Ա 24 ստուդիան, որը դարձել է կուլտային՝ աշխարհում հեղինակային կինոյի արտադրության ոլորտում։ Հենց այս ստուդիան է, որ փառք է բերել Արի Աստերին, Գրետա Գերվիգին, Ռոբերտ Էգերսին, Դենիել Քվանային, Դենիել Շայներթին, Սելին Սոնին ու շատ այլոց, ովքեր իրենց խոսքն ունեն ամերիկյան անկախ կինոարվեստում եւ ստեղծել են ամբողջ աշխարհում իրենց երկրպագուների բազմամիլիոնանոց բանակ։ Կինոնկարի ռեժիսորը Դեւիդ Ֆրեյնն է։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Ընտրիր ողջ կյանքիդ սիրուն», ինչը թերեւս այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ֆիլմի առաջին 15 րոպեներում բոլոր հերոսները, որոնց ճակատագրերին հետեւելու ենք ողջ ֆիլմի ընթացքում, պարզապես մահանում են։
Սյուժեի համաձայն, Լարի եւ Ջոան ամուսինները, որոնց կերպարները մարմնավորել են Մայլզ Թելերն ու Էլիզաբեթ Օլսենը, 65 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո, տեսնելով իրենց զավակներին, թոռներին ու ծոռներին, մեկ շաբաթվա տարբերությամբ մեռնում են ու հայտնվում քավարանում՝ ժամանակավոր մի կայանատեղիում, որը հիշեցնում է հարմարավետ հյուրանոց, որտեղ յուրաքանչյուրն ընտրելու է, թե հավերժության «մնացյալ մասը» որտեղ է ցանկանում անցկացնել։ Կա «դրախտի» մի քանի տարբերակ՝ ծովային առողջարան, լեռնային գեղատեսիլ գյուղ, վայր, որտեղ չկան տղամարդիկ ու 1960-ականների Փարիզ։ Յոթ օրվա ընթացքում էլ յուրաքանչյուրն ըստ իր ճաշակի պետք է կատարի ընտրություն։ Լարին ու Ջոանը հանդիպում են մահվանից հետո, եւ կարծես թե ընտանեկան սիրառատ կյանքը շարունակվում է նաեւ «այն աշխարհում», սակայն պարզվում է, որ Ջոանի առաջին ամուսինը՝ Լյուքն էլ, որ շատ երիտասարդ ժամանակ էր զոհվել՝ Կորեական պատերազմի ժամանակ, այստեղ սպասել է ողջ ժամանակ։ Լյուքի կերպարը մարմնավորել է Քալում Թյորները։ Հանգուցյալները կարող են, իհարկե, այդ անցակետում մնալ, սակայն միայն որպես սպասարկող անձնակազմ՝ նոր ժամանածների հարցերով զբաղվող կոորդինատոր, բարմեն կամ պարզապես հավաքարար։