Հասարակություն

«Հրապարակ». Ուղեւորափոխադրումները նվազում են շաբաթից շաբաթ. բոյկոտ մինչև վե՞րջ

«Հրապարակ». Ուղեւորափոխադրումները նվազում են շաբաթից շաբաթ. բոյկոտ մինչև վե՞րջ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ամեն շաբաթ «Երևանի Ավտոբուս» ընկերության տնօրենը ներկայացնում է շաբաթվա ընթացքում իրականացված ուղևորափոխադրումների քանակը: Եւ ամեն շաբաթ այդ թիվը նախորդից ցածր է լինում: Օրինակ, փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացվել է 1 մլն 375 հազար 601 ուղևորափոխադրում: Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը հաշվել է, որ այդ շաբաթ օրական ավտոբուսով տեղափոխվել է 171 հազար 949 մարդ: Իսկ մինչ այդ՝ փետրվարի 14-ից 20-ը ուղևորափոխադրումների քանակը եղել է օրական 210 հազար 622 մարդ: Սա նշանակում է, որ բոյկոտը ոչ միայն շարունակվում է, այլև ընդլայնվում: 

«Շաբաթ-շաբաթ թվերը իջնում են: Երեկ էլ ենք ակցիաներ արել շատ կանգառներում, շատ քաղաքացիներ են մեզ միանում: Ես անձամբ եղել եմ Երրորդ մասի հրապարակում, ժամը 17:30-18:00 կողմերը, պիկ ժամի մեծ մասը վճարումներ չեն անում: Վարորդը դուռը չէր բացում, ես վարորդին հորդորեցի, որ դուռը բացի, քաղաքացիները նստեն, որ խցանում չստեղծվի: Մեծ մասը չվճարեցին, եւ ես նույնիսկ զարմացա, որ սադրիչներ, քաղաքապետարանի աշխատողներ չկային, որոնք եղել են երբեմն», - ասում է Արշակ Սարգսյանը: 

Ավագանու անդամ Կրիստինա Վարդանյանն էլ հարցում էր արել քաղաքապետարան և պարզել, որ քաղաքային ավտոբուսների վարորդների պայմանագրում չկա ոչ մի կետ առ այն, որ նա հսկիչի պարտականություններ ունի և իրավասու է տրանսպորտային ծառայությունից զրկել ուղևորին։ «Պարզ գրված է 3.2.8 կետում՝  «Անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենքով սահմանված կարգով»… Մի կետ էլ նշեմ. «Նպաստել ԳՈՐԾԱՏՈՒԻ հեղինակության ամրապնդմանը»… Դեպքերը վերլուծելով հասկանում եմ, որ գործատուի հեղինակությանն այսքան «ջանասիրաբար» դեռ ոչ մի թիմ չէր նպաստել…», - եզրակացնում է Կրիստինա Վարդանյանը:

Նա պատրաստվում է այս մասին ելույթ ունենալ ավագանու նիստի ժամանակ, բայց հարցին, թե ինչ կփոխվի իր կարծիքով դա, արդյոք քաղաքապետարանը կդադարեցնի ճնշել վարորդներին ու պահանջել, որ նրանք էլ իրենց հերթին ճնշեն ուղևորներին, ասում է. «Ոչինչ չեմ ակնկալում: Քաղաքապետարանը հիմա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»:

Ուղևորափոխադրումների նվազման պատճառներից մեկն էլ այն է, որ երևանցիների մի մասը պարզապես խուսափում է ավտոբուս նստել, քանի որ չի կողմնոոշվում՝ վճարել, թե ոչ: Վճարել` նշանակում է դավաճանել ժողովրդին, իսկ չվճարելով, կոնֆլիկտ եւ տհաճ իրավիճակներ են առաջանում վարորդի հետ, ուստի քաղաքացիները նախընտրում են մետրոյով, կամ տաքսիներով երթեւեկել:  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image