Շառլ Ազնավուրի անվան հրապարակում վերջերս տեղադրվել է մեծանուն շանսոնյեի արձանը։ Ազնավուրն իր կյանքում և ստեղծագործական ճանապարհում խոր հետք է թողել հայկական մշակույթում ու համաշխարհային երաժշտության պատմության մեջ ։ Արձանի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը, և այն կրում է Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ «La Bohème» անվանումը։ Արձանը ձուլվել է Գյումրիում և տեղադրվել Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։
Նախապես Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժինը սահմանել էր արձանի ստեղծման կարճ ժամկետներ՝ էսքիսների մշակման, դիրքի ընտրության և վերջնական տարբերակի հաստատման համար։ Սակայն հետագայում պարզվեց, որ այդ ժամկետները խիստ են և կարող են խոչընդոտել ստեղծագործական գործընթացին։ Արձանը տարբեր արձագանքներ է ստացել․ ոմանք նկատում են, թե ինչպես է արձանը փոխանցում Ազնավուրի բեմական էներգիան, իսկ ոմանք նշում են, որ այն չի համապատասխանում իրենց պատկերացրած կերպարին։
Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանն է hraparak.am-ի հետ զրույցում մասնագիտական դիտարկումներ անում՝ ասելով․
«Ես, անկեղծ, մի փոքր ավելին էի պատկերացնում՝ ավելի մեծ կամ ընդգրկուն, սակայն հասկանում եմ, որ հեղինակը ժամանակի սղության պատճառով ստիպված էր որոշ պրոցեսներ արագացնելով գործը ավարտել։ Պատվիրատուն երկու ամիս ժամանակ էր տվել, որը չափազանց սուղ ժամկետ էր, ես ինքս հանդես եկա, նշեցի այդ մասին, հետո պատվիրատուն, որ Երևանի քաղաքապետարանն էր, մրցույթի ժամկետը երկարացրեց, և մեկ տարի տևեց։ Նշեմ, որ մրցույթի առաջին փուլին այնպիսի էսքիզներ էին ներկայցվել, որոնք ի սկզբանե պիտի կանխվեին եւ չհասնեին այնտեղ, քանի որ խայտառակություն էին։ Հետո Դավիթ Մինասյանի վերջնական նախագիծը ներկայացվեց, որը հավանության արժանացավ փորձագիտական խմբի կողմից։Շառլի արձանը կանգնեցնելու համար նախ պիտի հասկանանք, թե մենք ազգովի ինչ ենք զգում, երբ ասում ենք Շառլ Ազնավուր, և ինչպես պետք է արտացոլվի նրա մեծությունը, Ազնավուրի բեմական էներգիան և հայ ժողովրդի հանդեպ նրա կապը։ Ասեմ, որ ես արձանի Էսքիզային տարբերակը հավանել էի, իսկ այս պահին արձանը ներկայացված է արդեն էսքիզի մեծացված տարբերակով՝ հանրային տարածությունում, որն ինչ-որ տեղ տարբերվում է էսքիզից։ Ինձ մոտ ներքին հակասություն կա այն ձողերի հետ կապված, որի վրա կանգնեցված է արձանը։ Մասնագիտական տեսակետից կարելի է ասել, որ արձանը ավելի «կամերային» է ստացվել։ Ըստ իս՝ այն կարող էր լինել մի փոքր ավելի մեծ ՝ ամբողջ տարածությունը առավել ամբողջական կերպով ընդգրկելու համար։ Դավիթ Մինասյանը լավ քանդակագործ է։ Վստահաբար կարելի է ասել, որ եթե ժամանակի սղություն չլիներ, նա շատ ավելի լավ, ամբողջական և ազդեցիկ արդյունք կստեղծեր։ Մենք Դավիթի հետ լավ ընկերներ ենք, սակայն ինչպես ասում են՝ Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի եմ նախընտրում։ Եթե համեմատություններ անենք Առնո Բաբաջանյանի արձանի հետ, պիտի ասեմ, որ ի տարբերություն Շառլի, այն սկզբում գրեթե ոչ ոք չէր հավանում, մինչև որ Մայա Պլիսեցկայան եկավ Հայաստան, տեսավ արձանը, անմիջապես գնահատեց ու ասաց․ «էտո ՝ Առնո»։ Մայա Պլիսեցկայայի գնահատականը փոխեց հանրության տեսակետը, և մարդիկ սկսեցին ավելի դրական ընկալել ստեղծագործությունը՝ գնահատելով նրա որակներն ու արտահայտված կերպարը։ Առնոյի արձանը մոնումենտալ է և առանձնահատուկ՝ հատուկ երաժիշտներին և նրանց պատկերող քանդակագործական մշակույթին։ Անդրադառնալով կրկին Շառլ Ազնավուրի արձանին՝ կարելի է նշել, որ ամեն դեպքում կա որոշ չափի պոպուլիզմ․ կերպարը ստեղծվել է այնպես, որ մարդկանց համար հասկանալի, ընդունելի և հաճելի լինի։ Սա հենց Դավիթ Մինասյանի առավելությունն է ։ Գիտենք, որ Շառլ Ազնավուրի առաջին արձանը կանգնեցվել է Գյումրիում, և այն ավելի պալատական ոճով է մշակված։ Հատկանշական է, որ ինքը՝ Շառլ Ազնավուրը, անձամբ տեսել է այդ արձանը։ Ես անկեղծ լինելով՝ պետք է նշեմ, որ այդ երկու արձանն էլ Շառլի ճանաչողական ամբողջությունն ու էներգիան ամբողջությամբ չեն արտացոլում։ Չնայած, անկեղծ ասեմ, եթե ես ինքս անդրադառնայի Շառլ Ազնավուրի կերպարին, թ ինչպիսի ոճով կստեղծեի նրան, այդ հարցին հեշտությամբ պատասխանել չեմ կարող։ Ես էլ չեմ կարող հիմա կոնկրետ պատասխան տալ՝ սա պահանջում է ավելի երկար մտածողություն և ստեղծագործական պատկերացում։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ այս երկու արձաններով Շառլի կերպարը չի սահմանափակվելու, ապագայում կկերտվեն երրորդը, չորրորդը, հինգերորդը․․․․, որոնք ավելի ամբողջական ու զարգացած կերպով կարտահայտեն նրա կերպարը։ Ես համոզված եմ, որ Դավիթ Մինասյանի համար էլ Շառլ Ազնավուրի թեման դեռ ամբողջությամբ չի ավարտվել»։