Նախօրեին Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ շուրջ 2 ժամ տեւած աշխատանքային քննարկումն անցավ թեժ մթնոլորտում: Արտահայտվել ցանկացողները շատ էին, ժամանակը` քիչ, մինչդեռ յուրաքանչյուր բանախոս դիտողությունների եւ մտահոգությունների լայն շրջանակ էր մատնանշում:
Մշակութային մարդաբան, ազգագրագետ Գայանե Շագոյանի դիտարկմամբ` «Ի-դրաֆտում» տեղադրված օրենքի նախագծում, մասնավորապես՝ հիմնավորման տեքստում, ընդամենը 2 դրույթ կա, որն ուղղակիորեն վերաբերում է գիտության զարգացմանը, մեկը՝ Ակադեմիայի պահպանման ու նրա ինստիտուտների վերացման, մյուսն` ակադեմիական քաղաքին առնչվող հարցն է:
Ըստ Գ. Շագոյանի, մենք ունենք բազմաթիվ բուհեր, որոնք վերաձեւակերպվելու խնդիր ունեն, բայց. «Չգիտեմ՝ արդյոք այստեղ խոշորացո՞ւմն է բուն պրոբլեմը, որովհետեւ ես չեմ հասկանում, թե ինչու է բուհերի լիցենզավորումը պայմանավորված ուսանողների, կներեք` «գլխաքանակով». 4 հազար ուսանողի առկայությունն ինչո՞վ է ավելի հիմնավորված 3 հազար 999 ուսանողից: Կամ՝ ինչո՞վ ենք մենք բացատրելու վաղը, մյուս օրը մարզերում բուհերի անհետացումը եւ այդտեղից երիտասարդության արտահոսքը դեպի Երեւան կամ ակադեմիական քաղաք: Եվ եթե իսկապես ուզում էիք ինչ-որ խնդիր լուծել, երեւի պետք էր այս քաղաքը Սյունիքում հիմնել եւ դրանով ինչ-որ ձեւով նաեւ անվտանգության խնդիր մշակել: Էլ չեմ ասում՝ մեր գիտական, կրթական պոտենցիալի այս գերկենտրոնացումը մի տեղ ու դա հաշվի առնելով՝ մեր երկրի անվտանգային խնդիրները: Ինչքանով է սա հաշվարկված՝ չեմ կարող ասել»:
ԿԳՄՍ նախարարի դիտարկմանն ի պատասխան, որ համակարգում առկա խնդիրները քննարկվում են դեռ 2015-ից, եւ օրենքի ընդունումն անխուսափելի է, Գ. Շագոյանը նկատում է. «Այո, այս հարցերը քննարկվում են 2015-ից, բայց այն հիմնական վերլուծությունը, որը հանդիսացել է ամենակարեւոր հիմքը, դա 2019-ի վերլուծությունն է, որից հետո եղել է 2020-ի համավարակը, որը կտրականապես փոխել է նաեւ կրթելու համակարգի հետ կապված խնդիրները, դրանից հետո կտրուկ զարգացել է արհեստական բանականությունը։ Այս 2 հանգամանքները որեւէ կերպ անդրադարձված ու հաշվարկված չեն այս օրենքում: Մենք ապրում ենք այնպիսի մի կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան, որ չենք կարող սա անտեսել»։
Շագոյանն անդրադարձավ մեկ այլ կարեւոր խնդրի. ԿԳՄՍՆ-ի կողմից ձեւավորված աշխատանքային խմբերի հանդեպ վստահության խնդիր կա: «Այստեղ կա ներառականության հարցը: Բացեք եւ տեսեք, թե ովքեր են ներառված այդ աշխատանքային խմբերում, որոշ ինստիտուտների աշխատակիցներ իմանում են, թե իրենց ինստիտուտից ովքեր են ներառված նախարարի հետ հանդիպման ժամանակ եւ ոչ մեկ օր առաջ: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր ներկայացնում են ինստիտուտները, ներառված չեն նաեւ ինստիտուտային քննարկումների մեջ եւ չգիտեն, թե ինչեր են քննարկվում աշխատանքային խմբերում»:
Որպես հաջողված ու աստիճանաբար իրականացված բարեփոխման օրինակ՝ ԿԳՄՍ նախարարը մատնանշեց ի սկզբանե Տավուշում ներդրված հանրակրթության պետական չափորոշիչը, սակայն այս մասով Գ. Շագոյանն առարկություն ուներ. «Դուք նշում եք Տավուշում իրականացված չափորոշիչների փորձարարական ընթացքը, շատ լավ է, որ սկզբից պիլոտային ծրագիր է արվել, բայց ես հանդիպել եմ այդ դասատուների հետ՝ շատ այլ առիթներով, եւ ստորին օղակից գիտեմ, թե ինչքան ձեւական է այդ ամեն ինչը տեղի ունեցել եւ իրականում որեւէ կերպ չի արտացոլում այդ գործընթացը: Այսինքն՝ այստեղ մի հատ էլ մոնիթորինգի մոնիթորինգ պետք է իրականացնել՝ հաշվի առնելով, որ այս ամեն ինչը երկրի համար ունի ռազմավարական կարեւորություն: Այս տիպի նախագծերն իսկապես պետք է ունենան քաղաքական եւ քաղաքացիական կոնսենսուս, որովհետեւ կրթությունը մի իշխանության շրջափուլի բան չէ, 2015-ից քննարկում ենք եւ անընդհատ ունենք այս խնդիրը, որովհետեւ չունենք մեծ հայեցակարգային մոտեցում, թե մենք մեր երկրում ինչ տիպի գիտություն ենք զարգացնում, որովհետեւ չգիտենք, թե ինչ տիպի պետություն ենք զարգացնելու: Եվ այստեղ շատ կարեւոր է ու առանցքային ինձ համար, որ մենք չենք տարանջատում սոցիալ-հումանիտար ոլորտը եւ բնագիտությունը, մինչդեռ պետք է հասկանանք, որ այս 2 տարբեր ոլորտների համար մենք ունենք տարբեր շահառուներ, որովհետեւ առաջինի դեպքում շատ կարեւոր են քո երկրի քաղաքացիները, ուստի քո արտադրած գիտական պրոդուկտը նույնպես պետք է լինի քո քաղաքացիների համար հասանելի, առնվազն` հայերենով հասանելի»:
Հիշեցնենք, որ 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման պահանջներին համաձայն, գիտնականները պետք է ունենան «Սկոպյուս» եւ «Վեբ օֆ սայնս» միջազգային ամսագրերի հարթակներում տպագրված աշխատանքներ, դրանից հետո նոր ատեստավորվեն. «Շատ տրամաբանական կլիներ նախեւառաջ ունենալ «Սկոպյուսում» կամ «Վեբ օֆ սայնսում» ամրագրված հայալեզու կամ առնվազն երկլեզու ամսագրեր եւ հետո այդ չափորոշիչները դնել որպես պարտադիր պայման կամ առնվազն ունենալ այդ ամսագրերը, թեկուզեւ՝ անգլերեն, նոր հետո այդ չափորոշիչները դնել, այլապես մենք ստիպում ենք, որ մեր գիտնականները մտածեն եւ աշխատեն` սպասարկելով միայն այլ երկրների գիտական պահանջները»: