Վերլուծություն

Կացին ախպեր

Կացին ախպեր

Արամ Զավենի Սարգսյանը ՔՊ-ի հաղթանակի համար հետաքրքիր սցենար է շրջանառում: Որտեղ նստում՝ խոսում է այն մասին, որ ԿԸՀ-ն պետք է արգելափակի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունն ԱԺ ընտրություններին: Նաեւ մի այդպիսի նախադեպի մասին է պատմում, թե բա՝ Մոլդովայում, այսպես ու այսպես, ռուսական կողմնորոշում ունեցող ուժին արգելեցին մասնակցել ընտրություններին: Ինքը՝ Արամ Զավենիչը, «Ուժեղ Հայաստանին» ընտրություններից դուրս թողնելու «իր պահանջը» բացատրում է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության թուլացման անհրաժեշտությամբ, բայց եւ ընդունում է, որ այդ ուժը հետեւորդների (ՀՀ քաղաքացիների) մեծ բանակ ունի Հայաստանում՝ ընդհուպ մի քանի հարյուր հազար: Եվ հարց է առաջանում՝ ի՞նչ են անելու այդ հարյուր հազարավոր ընտրողները, ինչպե՞ս են իրացնելու ընտրելու իրենց իրավունքը, եթե ԿԸՀ-ն Արամ Զավենիչի «խնդրանքով» ու Նիկոլի կարգադրությամբ որոշի արգելել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին:

Արամ Զավենիչի հաշվարկը որքան չոր, նույնքան էլ պարզունակ է… Կարծում եմ՝ նա այսպես է մտածում․ «Ուժեղ Հայաստանի» հարյուր հազարավոր կողմնակիցները դուրս կգան փողոց, կշրջափակեն ԿԸՀ-ն, գործող վարչապետը ոստիկաններին կուղարկի դեպքի վայր, որ մարդկանց ծեծեն, բերման ենթարկեն, կալանավորեն, լցնեն բանտերը: Սրանից օգտվելով էլ՝ ՔՊ-ն ու ինքը, ինչպես 2021 թվին արին, կկարողանան վերարտադրվել: Գաղափարը «փայլուն է», իհարկե, բայց, ինչպես Արամ Զավենիչի բոլոր գաղափարները՝ տափակ ու անիրականանալի: Բանն այն է, որ Արամ Զավենիչն ամեն անգամ, երբ որեւէ հակառուսական բան է մտածում, մոռանում է, որ ինքն էլ Հայաստանի համար վտանգավոր է իր արեւմտյան (ամերիկյան) անսահմանափակ, ես կասեի՝ անմնացորդ կողմնորոշումով: Եթե ռուսական կողմնորոշումը վտանգավոր է, ապա վտանգավոր է նաեւ արեւմտյան (մեր դեպքում՝ ամերիկաթուրքական) կողմնորոշումը… Այդպես չէ՞:

Եթե հետեւենք Զավենիչի «փայլուն» եւ միեւնույն ժամանակ տափակ գաղափարին, ապա Չինաստանի ԿԸՀ-ն պետք է մոտ մեկ միլիարդ մարդու արգելի՝ քվե տալ երկրի միակ կուսակցությանը, որովհետեւ վերջինս լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ «հակամարտության» մեջ է արեւմտյան ուղղություն դավանող Թայվանի հետ: Իսկ ի՞նչ անել մոտ 2 միլիարդ հնդիկներին, հարյուր միլիոնավոր արաբներին, որոնք առանձնապես հիացած չեն, այսպես կոչված, արեւմտյան կողմնորոշում ունեցող «քաղաքական ուժերով»: Ուկրաինայում, որպեսզի հաղթի Զելենսկին, ի՞նչ անեն, Արամ Զավենիչ, արգելե՞ն ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի մասնակցությունը երկար սպասված ընտրություններին: Բայց Զելենսկին մի քիչ ավելի խելացի է, քան Զավենիչը, հասկանում է, որ այդ սցենարն իր ավարտը կնշանակի։

Այսուհանդերձ տարօրինակ է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ չկողմնորոշվող ՀՀ իշխանությունները հենց Արամ Զավենիչին են հրահանգել գնալ CIVIC եւ բզբզել մոլդովական սցենարը, այն է՝ ինչ-ինչ օրենքներ մատնանշելով՝ հասկացնել «Ուժեղ Հայաստանին», որ դուրս կմնա ընտրապայքարից, եթե «շատ համը հանի»: Ինչո՞ւ ՔՊ-ի ռահվիրան անձամբ չի խոսում այս մասին: Ահավասիկ, Արամ Զավենիչը CIVIC-ի եթերում բաներ է ասում, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի հետ կապված ինչ-որ միջազգային քրեական գործեր է «բացահայտում», որոնց մասին, վստահաբար, ՀՀ վարչապետի աթոռին թառած էակը ավելի շատ բան կարող էր իմանալ, քան «Հանրապետություն» կուսակցության շարքային ղեկավարը: Մի՞թե ՔՊ-ի լիդերը վախենում է Սամվել Կարապետյանից եւ «Ուժեղ Հայաստանից»…

Բայց ինչո՞ւ եք զարմանում, եթե հայտնի է, որ երկու էշի գարի իրարից ջոկել չկարողացող ՀՀ իշխանությունների համար ամեն ինչ քաղաքական կատեգորիա է, այդ թվում՝ եւ վախը՝ վախն անծանոթ, անսպասելի, իրենց համար անհասկանալի բաներից: Ահավասիկ՝ ազգությամբ հայ Սամվել Կարապետյանը, որ Ռուսաստանից է եկել եւ ուզում է «իր ձեւով» վերաշինել մեր քանդված երկիրը, վախեցնում է սրանց մինչեւ քաղաքական հիստերիայի աստիճանի, եւ սրանք կորցնում են տարրական ադեկվատությունը:

Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում․ առաջարկում եմ միասին կարդալ Հովհաննես Թումանյանի «Կացին ախպեր» հեքիաթը: Ինչո՞ւ… Որովհետեւ 1907 թվին գրված այդ հրաշալի պատմությունը, կարծես, Սամվել Կարապետյանի եւ մեր մասին է:
«Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։
- Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։
- Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։
Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․
- Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։
Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։ Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։ Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։
- Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։
Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։ Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։
- Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։ Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։
Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։ Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետեւից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image