Այն հանգամանքը, որ Հայաստանում ամենամեծ վստահություն ունեցող պետական ինստիտուտը բանակն է, նորություն չէ, որքան էլ լեգիտիմությունը կորցրած վարչախումբը փորձեց այն նվազեցնել: Նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 5-ն իրականացված հեռախոսային հարցմանը բանակին հավանություն է տվել հարցվածների 81.8 %-ը: Ինչպեսեւ սպասվում էր, երկրորդ հորիզոնականում Հայ առաքելական եկեղեցին է՝ 77.7%, չնայած վարչախմբի կողմից Եկեղեցուն հայտարարված պատերազմին: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ հենց դրա շնորհիվ:
Այնուհետեւ գալիս են քաղաքական ուժերն ու առանձին գործիչներ: Բայց նախ քննարկենք հարցման խորագիրը․ հարցման կազմակերպիչ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն այն վերնագրել է՝ In Չագուչ We Trust: Թարգմանաբար՝ «Մենք հավատում ենք Չագուչին»: Գաղափարը փոխառնված է ԱՄՆ թղթադրամի դարձերեսին առկա գրությունից՝ IN GOD WE TRUST (Մենք հավատում ենք Աստծուն): Իսկ թե ինչու է Աստծո անունը փոխարինվել 2021-ին ԱԺ ընտրության քարոզարշավին Նիկոլի օգտագործած «չագուչով»՝ պարզ կլինի, եթե դիտարկենք քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների վարկանիշները:
Առաջին հորիզոնականում Գագիկ Ծառուկյանն է՝ 68 %-ով, չնայած նրա գլխավորած կուսակցությունը հավաքել է ընդամենը 4.5%: Թե ինչու է նման հսկայական տարբերություն առկա Ծառուկյանի եւ նրա հիմնադրած կուսակցության միջեւ՝ դժվարանում եմ ասել: Դա հաստատ առանձին վերլուծության խնդիր է: Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ի նկատմամբ ոչ հաճելի հիշողություններ են առկա, իսկ Ծառուկյանի վարկանիշը բարձրացել է Քրիստոսի արձանի կառուցման շնորհիվ: Երկրորդ հորիզոնականում գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանն է՝ 53.9 %-ով: Բայց «Մեր ձեւով» շարժումը հավաքել է ընդամենը 7.2%՝ օգոստոսին իրականացված նախորդ հարցման արդյունքից իջնելով 5 տոկոսային կետով: Նույն երեւույթն առկա է այստեղ, թեեւ այս դեպքում մենք գործ ունենք վաղուց կայացած գործարար-բարերարի ու ոչ անմիջապես նրա կողմից ղեկավարվող շարժման հետ:
Մոտեցանք «Մենք հավատում ենք Չագուչին» խորագրով պայմանավորված՝ զարմանքի սահմանագծին: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը ստացել է 50.5 %-անոց վստահության քվե: Չորրորդը «մեծարգո» վարչապետն է՝ 38.5 %-ով։ Նրան հետեւում է ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենը՝ 36.8%: Այս անձանց կողմից համահիմնադրված կուսակցությունն ունի 16.5% վստահություն: Այս դեպքում ունենք իրականին մոտ պատկեր: Որովհետեւ, եթե հարցվածները խնդիրներ ունենալու մտահոգությամբ վարչապետի անձին ավելի բարձր տոկոս են հատկացնում, կուսակցության հարցում ավելի համարձակ ու, ըստ այդմ, ավելի իրական վերաբերմունք են դրսեւորում: Ի դեպ, Փաշինյանի կողմից պատարագներին մասնակցելու հավանությունը կազմել է 37.1%, ինչը համապատասխանում է նրա անհատական վարկանիշին:
Պաշտոնյաների ցանկը եզրափակում է ՀՀ նախագահ աշխատող Խաչատուրյան Վահագնը՝ 31.3%: Իսկ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստացել են, համապատասխանաբար, 22.2 եւ 20.3 տոկոս: Չնայած ընդունված չէ իրար գումարել վստահության վարկանիշները, բայց եթե դա անենք, ապա կստացվի, որ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները միասին ավելի ցածր վարկանիշ ունեն, քան Միրզոյան Արոն: Եվ ընդամենը 4 տոկոսային կետով ավելի մեծ վստահություն ունեն, քան ՀՀ 1-ին նախագահի բնորոշած «ազգակործան պատուհասը»: Ու հենց դա էլ բացատրում է, թե ինչու է Արամ Նավասարդյանը հարցմանը տվել նման խորագիր: Որովհետեւ, որքան էլ զարմանալի հնչի, մարդիկ շարունակում են վստահել գործող իշխանությանը:
Անկեղծ ասած, դժվարանում եմ ընկալել Միրզոյան Արոյին տրված նման բարձր հավանությունը: Ընդամենը մի քանի անգամ ԱԳՆ-ն մեկ-երկու կիսատ-պռատ անհամաձայնություն է հայտնել Բաքվից հնչած ագրեսիվ հայտարարություններին: Բայց դա հաստատ բավարար չէր, որպեսզի նման հավանություն գրանցվեր: Մնում է ենթադրել, որ մեր հասարակությունը կողմ է վարչապետի հրահանգները գլուխը կախ իրականացնելու գործելակերպին՝ թեկուզ նրան մերժելու պարագայում: Իսկ թե ինչու է ՀԱԿ-ը եւ ՀՀ 1-ին նախագահի շրջապատը լքած Խաչատուրյան Վահագնը ստացել ավելի քան 30 տոկոս՝ դժվարանում եմ պատասխանել: Եթե նրա փոխարեն լիներ վերջինիս վիրտուալ «ավատարը», ապա դա որեւէ փոփոխություն չէր մտցնի նրա՝ որպես ՀՀ նախագահի «գործունեությունում»:
«Հայաստան» դաշինքը, ի դեպ, հավաքել է 6.8% քվե: Ու զարմանալին այն է, որ այսօր այն կազմված է դաշնակցականներից ու անկուսակցականներից՝ բացառությամբ մեկի, սակայն ՀՅԴ-ի վարկանիշն ընդամենը 1.4% է: Հասկանալի է, որ դա պայմանավորված է ՀՀ 2-րդ նախագահի անձով: Ու դա վկայում է, թե որքան ցածր է միջին ընտրողի քաղաքական մշակույթը, եթե հաշվի առնենք Դաշնակցության դերակատարումը մեր իրականությունում: