Քաղաքականություն

Ցանկացած հայ, որի մոտ կա դանակ, պատառաքաղ եւ նույնիսկ՝ գդալ, պոտենցիալ ահաբեկիչ է

Ցանկացած հայ, որի մոտ կա դանակ, պատառաքաղ եւ նույնիսկ՝ գդալ, պոտենցիալ ահաբեկիչ է

Եվս մի անմեղ մարդ դարձավ Նիկոլ Փաշինյանի վախերի ու սարսափների զոհը: Եվս մի մարդ, որը դժբախտություն ունեցավ ինչ-որ, թեկուզ շատ միջնորդավորված շփվել Փաշինյանի հետ, իր վրա զգաց նման շփման աղետալի հետեւանքները: Հոկտեմբերի 14-ին Երեւանում կազմակերպվել էր Silicon Mountains 2025 «Արհեստական բանականության անատոմիա» անունով ֆորում-միջոցառում, որը նվիրված էր արհեստական բանականությանը: Ֆորումի կազմակերպիչները հրավիրել էին նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին` Նիկոլ Փաշինյանին, մեր ունեցած տեղեկություններով՝ այն ակնարկով, որ եթե մարդու մոտ բնական բանականությունը բացակայում է, ճիշտ կլինի գոնե օգտվել արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից: Փաշինյանն էլ ընդունել էր հրավերը եւ փոխանակ հաղորդակցվեր արհեստական բանականության հնարավորությունների հետ, որոշել էր ցուցադրել բանականության բացակայությունը: Բայց մեր խոսակցության թեման այլ է:

Այդ միջոցառմանը հրավիրված են եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հիմնականում՝ ծրագրավորողներ: Քանի որ միջոցառմանը ներկա էր գտնվելու Փաշինյանը, նրա անվտանգության աշխատակիցները շատ մանրակրկիտ ստուգել են հրավիրվածներին, նրանց, ովքեր հնարավորություն պետք է ունենային Փաշինյանի հետ գտնվել ընդհանուր տարածքում: Եվ այսպես, հրավիրված ծրագրավորողներից մեկի մոտ անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են ծրագրված ահաբեկչության գործիքը`մի փոքրիկ դանակ: Անվտանգության աշխատակիցները դրանից մեծ բոլոլա են սարքել, դե, մարդիկ պետք է, չէ՞, ցույց տան, թե որքան աչալուրջ են, ինչպիսի պրոֆեսիոնալիզմով են կատարում իրենց աշխատանքը եւ որքան հուսալի են պաշտպանում իրենց պաշտպանության տակ գտնվող օբյեկտին: 

Տեղեկությունը մեզ փոխանցած անձը հայտնեց, որ այդ դանակ կոչվածն այնքան փոքր եւ աննշան է, որ նույնիսկ գործող կարգավորումներով չի համարվում սառը զենք, դրա կրումը չի առաջացնում որեւէ քրեաիրավական հետեւանք, նրան չեն կարող սառը զենք կրելու մեղադրանք ներկայացնել: Շարքային պայմաններում դանակի վրա ուշադրություն չէին էլ դարձնի, բայց այս դեպքում իրավիճակն այլ է. դանակը հայտնաբերվել է մարդու մոտ, որը պատրաստվում էր մասնակցել մի միջոցառման, որին ներկա էր գտնվելու նաեւ Փաշինյանը: Անվտանգության աշխատակիցները միանգամից հասկացել են, որ սույն դանակն ուղղված էր լինելու Փաշինյանի դեմ, եւ ծրագրավորող երիտասարդը հաստատ ահաբեկչություն էր ծրագրավորել` դանակն օգտագործելու էր Փաշինյանի դեմ մահափորձ իրականացնելու համար: Այդ տղային ճանաչող ծանոթներս ասում են, որ իրավապահ մարմինները որոշել են շատ լրջորեն զբաղվել միջադեպով եւ բացահայտել նախապատրաստվող ահաբեկչական ակտի բոլոր մասնակիցներին, հնարավոր է՝ նաեւ դրա արտասահմանյան պատվիրատուներին: Չի բացառվում, որ առաջիկայում հաղորդագրություն տարածվի, որ ահաբեկչությունը ծրագրվել եւ նախապատրաստվել է Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Սուդանի ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ, որոնց թիկունքում երեւում է ռուսական հետք:

Ի՞նչ է սա նշանակում. Փաշինյանը եւ նրա անվտանգության ներկայացուցիչները համարում են, որ ցանկացած հայ մարդ, որի մոտ կա դանակ, պատառաքաղ եւ նույնիսկ՝ գդալ, պոտենցիալ ահաբեկիչ է, բոլոր հայ մարդիկ ամենափոքր հնարավորության դեպքում պատրաստ են ահաբեկչություն իրականացնել Փաշինյանի դեմ: Սա աննախադեպ իրավիճակ է, եւ գուցե այդ հանգամանքից ելնելով է, որ Փաշինյանը չի այցելում այնպիսի վայրեր, որտեղ կարող են իր կյանքին սպառնացող նման եւ այլ առարկաներ լինել: Օրինակ, վերջերս դիտում էի մի տեսահոլովակ, որտեղ Բելառուսի նախագահն այցելել էր այգեգործներին, որոնք խնձոր էին հավաքում: Այգեգործներից մի քանիսի մոտ այգեգործական մկրատ կար, բայց անվտանգության աշխատակիցները դրանում Լուկաշենկոյի անվտանգությանը սպառնացող վտանգ չէին տեսել: Հնարավոր է՝ դա նրանց ոչ պրոֆեսիոնալիզմից է գալիս:

Մյուս արձանագրումն այն է, որ չնայած Փաշինյանն այդքան շատ է վախենում իր անվտանգության համար, որ մտածում է, թե յուրաքանչյուր հայ մարդ երազում է իրեն վնասելու մասին, յուրաքանչյուրը պոտենցիալ ահաբեկիչ է, բայց իրեն մինչեւ հիմա ոչինչ չի պատահել, մինչդեռ իր գործունեության եւ անգործության հետեւանքով տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ են սպանվել ու շարունակում են սպանվել, ՀՀ-ին անսահման վնասներ են պատճառվել եւ շարունակում են պատճառվել: Խոսքը միայն նրա իշխանության օրոք տեղի ունեցած երեք պատերազմներում 5 հազար զոհվածների մասին չէ, այլ նաեւ ամեն օր Հայաստանում տեղի ունեցող հանցագործությունների զոհերի ու կորուստների մասին, որն իշխանությունների անգործության կամ հանցավոր գործունեության արդյունք եւ հետեւանք է: 

Արձանագրում երրորդ։ Չի բացառվում, որ Փաշինյանն այնպիսի համբավ ունի, որ մարդիկ, լսելով այն մասին, որ նա լինելու է այս կամ այն միջոցառմանը, ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով՝ ինչ-որ բան են պահում գրպաններում: Եթե ես լինեի այդ ծրագրավորողի փոխարեն, Քննչական կոմիտեում կհայտարարեի, որ դանակը վերցրել եմ զուտ ինքնապաշտպանությունից ելնելով: Եթե իշխանությունը, պետական մարմինները մատնված են անգործության, մարդն ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image