Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանն անցյալ տարվա հուլիսից է զբաղեցնում նախարարի պաշտոնը: Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ նախարարին լսելով, թվում էր, թե նրանից առաջ չի եղել ո՛չ բնապահպանությամբ, ո՛չ շրջակա միջավայրով զբաղվող նախարարություն, որ զրոյից է ստեղծվում այդ ամենը, եւ ինքն ամեն ինչ սկսել է զրոյից: Հիշեցնենք, որ նրա նախորդը Հակոբ Սիմիդյանն էր, որն առեղծվածային պայմաններում ազատվեց աշխատանքից եւ գնաց դեպի անհայտություն:
Նախարարն ասուլիսի սկզբում հայտարարեց, որ զրոյից են ստեղծվում էկոպարեկային ծառայությունը, օրենքները: Այնուամենայնիվ, նա քիչ էր տարբերվում բնապահպանության ոլորտը կառավարող մյուս նախարարներից: Օրինակ, նրանք՝ բոլորն էլ հայտարարում են, որ վերահսկում են ջրառը Սեւանա լճից, որ ամեն ինչ անելու են՝ դրա մակարդակը բարձրացնելու համար։ Հունվարի 8-ի տվյալներով, օրինակ, լճի մակարդակը եղել է 1900 մետր, 22 սմ նիշի վրա, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16 սմ-ով ցարծր է:
Արփա-Սեւան ջրատարով լիճ է տեղափոխվել 120 մլն խորանարդ մետր ջուր՝ 2024-ի համեմատությամբ՝ 64 մլն խորանարդ մետրով պակաս: Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ են բոլոր նախարարները հավաստիացնում, որ Սեւանի մակարդակն իրենց ուշադրության կենտրոնում է, բայց ամեն տարի անգամ լճի մակարդակն իջնում է ու իջնում:
Նախարարը «Հրապարակի» հարցին պատասխանելով՝ նոր թիվ հրապարակեց: Արդեն ջուրը 17 սմ-ով է պակաս անցյալ տարվա ցուցանիշից: «Ես շատ կոնկրետ նշեցի, թե ինչ է արվում, որ լճի մակարդակի իջեցում չունենանք»,- ասաց նախարարը՝ նկատի ունենալով լճի մոնիտորինգի տվյալների ճշգրտման աշխատանքները, առափնյա գոտում ավտոմատ օդերեւութաբանական կայանի տեղադրումը, ավազանի 2 հիդրոլոգիական դիտակետի արդիականացումը: «Բայց պետք է հաշվի առնել տվյալ տարվա, տվյալ ժամանակահատվածի տվյալները: 2024 թվականն աննախադեպ ջրառատ տարի էր, նույնիսկ հեղեղումներ ունեցանք մարզերում, ջրամբարների բարձր լցվածություն ենք ունեցել, եւ 2025 թվականին արձանագրված ցուցանիշը կապ ուներ 2024 թվականի՝ ջրառատ տարի լինելու հանգամանքի հետ:
Սեւանա լճի ուղղությամբ, նախ, օրենսդրական սահմանափակում կա, որ 170 մլն խմ-ից ավել չի կարելի օգտագործել ոռոգման նպատակով, վարչապետի կողմից էլ կա հանձնարարական, որ այս տարի անենք ամեն ինչ, որպեսզի այս ցուցանիշը չանցնենք: Ձեւավորված աշխատանքային խումբ կա»,- ասաց նախարարը, կարծես 170 մլն խմ-ն նորություն է: Այս սահմանաչափը միշտ եղել է ու միշտ խախտվել է:
Մեր մյուս հարցը բոլոր երեւանցիներին հուզող՝ քաղաքի օդի աղտոտվածությանն էր վերաբերում, վտանգավոր սահմանագծի հասած: Ինչպե՞ս ստացվեց, որ Երեւանում հարյուրավոր ծառեր հատվեցին, առանց շրջակա միջավայրի գնահատման, եւ ո՞վ որոշեց, որ միջավայրի եւ բնակչության առողջության համար դա անվնաս է, Դուք կենսաբազմազանության եւ էկոլոգիայի համար վտանգ չե՞ք տեսնում։
Այս հարցին նախարարը, որի ամեն երրորդ բառը «կենսաբազմազանությունն» էր, կրկնեց նույնը, ինչ հարյուր անգամ լսել ենք Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ՀՈԱԿ-ի ղեկավարից. «Սանիտարական հատումները եւ էտումներն ընդունված պրակտիկա են: Երբ կա ծառերի հիվանդություն, դա պետք է իրականացվի հնարավորինս շուտ, որպեսզի հիվանդության տարածումը կանխվի, կամ երբ ծառերն իրենց կենսաբանական տարիքին հասել ու անցել են, սկսվում է կտրման գործընթաց: Երեւան քաղաքի ծառահատումների հետ կապված՝ ես տեղյակ եմ, որ արվել է այս սկզբունքներով, իսկ ՇՄԱԳ-ի հետ կապված՝ ես վստահ չեմ, որ ՇՄԱԳ գործընթաց իրականացվեր»:
Այս պատասխանից հետեւում է, որ Երեւանի քաղաքապետարանն իր համար առանձին մարմին է, ինչ ուզում, անում է, եւ նախարարը հարյուրավոր ծառերի սպանդի հետ կապված արձագանք ու անելիք չունի: Մինչդեռ հենց շրջակա միջավայրի նախարարը պետք է առաջինն անհանգստացած լիներ այս խնդրով: Թռչունները մեծ ծառերի վրա բնադրվում էին, հիմա քաղաքային իշխանությունը հանել է այդ բարձր ծառերը եւ բերել է փոքր, օտար ծառեր: Հասկանալի է, որ սա եւս շրջակա միջավայրի վրա է անդրադարձել: Միջազգային բազմաթիվ փորձագետներ գրում ու ահազանգում էին, որ այն, ինչ կատարվում է Երեւանում, ուղիղ վտանգ է բնակչության առողջության, շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության համար:
Բայց կենսաբազմազանությունը նախարարին հետաքրքրում է միայն COP 17-ի, այն է՝ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի տեսքով, որի հյուրընկալ երկիրն այս տարի Հայաստանն է լինելու, ու շրջակա միջավայրի նախարարն իր ասուլիսի մեծ մասը նվիրեց այս միջոցառման նախապատրաստման թեմային: «Սա մեզ հնարավորություն է տալիս համարվել կոնվենցիայի գլոբալ քաղաքական զարգացման առանցքային կենտրոնը»,- ասաց նախարարը: 196 երկիր է մասնակցելու COP 17-ին: Կլինի դրանց թվում Ադրբեջանը, թե ոչ, նախարարն առայժմ չգիտի: Նա հայտարարեց, որ բոլոր երկրներին հրավեր է ուղարկվում: «Հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է: Հայաստանը հյուրընկալում եւ նախագահում է միջոցառումը: Դա համաշխարհային միջոցառում է, հրավիրող կողմը ՀՀ-ն է՝ որպես նախագահող, եւ ՄԱԿ-ը»,- ասաց նա: