Քաղաքականություն

Քաղաքական սպանություններն Ադրբեջանում՝ Ալիեւների օրոք․ Մաս 2-րդ

Քաղաքական սպանություններն Ադրբեջանում՝ Ալիեւների օրոք․ Մաս 2-րդ

1991 թվականի դեկտեմբերին նոր-նոր անկախացած Ադրբեջանում առաջին անգամ քաղաքական սպանության զոհ է դառնում բարձրաստիճան պաշտոնյա։ Շուշիի շրջանի գործադիր կոմիտեի նախագահ Միքայել Գյոզալովը հրազենային կրակոցից սպանվում է իր աշխատասենյակում։ Նշենք, որ Գյոզալովն ընտրվել էր Շուշիի շրջանի գործկոմի նախագահ 88 թվականին՝ Ժողպատգամավորների խորհրդի կողմից, հաստատվել այդ պաշտոնին Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Այազ Մութալիբովի կողմից։

Սպանության կատարման մեջ մեղադրվում է Է․ Իբրահիմովը։ Նա դատավարության ժամանակ իր կատարած հանցագործության մոտիվը չի բացահայտում։ Իբրահիմովը դատապարտվում է ցմահ բանտարկության եւ բանտում մահանում 2019 թվականին։ Սպանության պատճառները մնում են անհայտ։

Նույն թվականի դեկտեմբերին Ադրբեջանի այն ժամանակվա Գերագույն խորհրդի պատգամավոր, Ժողովրդական ճակատի Աղդամի շրջանային բաժանմունքի ղեկավար Էլդար Բաղիրովը երեկոյան նիստից տուն վերադառնալիս՝ քրոջ տան մոտ գնդակահարվում է։

1992 թվականին Ադրբեջանում իշխանափոխություն է տեղի ունենում, որը, սակայն, նույնպես զերծ չի մնում քաղաքական սպանություններից։ 1993 թվականի սկզբին մեկը մյուսի հետեւից սպանվում են մի քանի սպաներ։ Մասնավորապես՝ հունվարի 2-ին սպանվում է ՆԳՆ բաժանմունքի ղեկավար Ալեքպեր Ասկերովը, ապրիլի 26-ին՝ կոնտրծովակալ Էդուարդ Հուսեյնովը, ով այն ժամանակ ղեկավարում էր Բաքվի բարձրագույն ռազմածովային ուսումնարանը։ 2000 թվականին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ երկու սպաներն էլ սպանվել են ՕՄՕՆ-ականների կողմից, ամենայն հավանականությամբ՝ հանուն իշխանության մղված պայքարում։
93 թվականի նոյեմբերին սպանվում է Բաքվի թիվ 1 քաղաքային շուկայի տնօրեն Անվար Մամեդովը։ Սպանության մոտիվը պարզված չէ։ Սակայն ավելի մեծ աղմուկ է հանում Յագուբ Ռզաեւի մահը բանտում, ով հայտնի էր «Գաթիր Մամեդ» մականունով։ Նա բանտում մահացավ խորհրդավոր հանգամանքներում։ Տարիներ անց՝ 90-ականներին, բավականին հայտնի Հաջի Աբդուլն իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ այդ ժամանակ գտնվել է բանտում եւ զրուցել Յագուբ Ռզաեւի հետ, եւ վերջինս ասել է, որ Ղարաքենդի ողբերգության մեջ մեղավոր են Ադրբեջանի Ժողովրդական ճակատն ու Թամերլան Գարաեւը։

Քաղաքական սպանությունների մասշտաբներն Ադրբեջանում աճում են հատկապես այն բանից հետո, երբ 93 թվականի հունիսին իշխանության է գալիս Հեյդար Ալիեւը։ Արդեն 94 թվականի սեպտեմբերի 29-ին միանգամից երկու սպանություն է կատարվում։ Այդ օրն առավոտյան, իր տան մուտքի մոտ սպանվում է Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, Ադրբեջանի նախագահի խորհրդական Աֆիադին Ջալիլովը։ Մի քանի ժամ անց սպանվում է նախագահին կից հատուկ վարչության ղեկավար, գնդապետ Շամսի Ռահիմովը։ Երկու սպանությունն էլ ամբողջությամբ բացահայտված չեն։ Տեղի ունեցածից մեկ օր անց ձերբակալվում է Ֆազիլ Մուխթարովը, ով Մահիր Ջավադովի՝ ՕՄՕՆ-ականների ղեկավար Ռովշան Ջավադովի թիկնապահն էր։ Նա 11 տարի անցկացնում է բանտում եւ ներման արժանանում Իլհամ Ալիեւի կողմից։

1995-ի հունիսին սպանվում է Ադրբեջանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Նախիջեւանի սահմանապահ ջոկատի նախկին հրամանատար Շահմարդան Ջաֆարովը։ Սպանությունից երեք շաբաթ առաջ նրա դեմ քրեական գործ է հարուցվում, նա զրկվում է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Սպանվում է հունիսի 17-ին՝ Ջուլֆայի շրջանում, Քելեքի գյուղից վերադառնալուց հետո, որտեղ գնացել էր Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին այցելության։ Ջաֆարովի վրա կրակողը դեպքի վայրից դիմում է փախուստի եւ թաքնվում։ Ջաֆարովին նախ տեղափոխում են հիվանդանոց, ապա՝ Բաքվի մոտակայքում գտնվող Շուվելյանիի գյուղում գտնվող մեկուսարան։ Շահմարդանի եղբայրը եղբոր խցակիցների պատմածի վրա հիմնվելով՝ հայտարարում է, որ մեկուսարանում հունիսի 26-29-ին նա ենթարկվել է կտտանքների, իսկ ամսի 29-ին նրան մեքենայով տարել են բանտային հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

1996 թվականին սպանվում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ալի Անցուխսկին։ Նրան գնդակահարել էին Բաքվի կենտրոնում՝ իր տան մոտ։ Անցուխսկին նախքան քաղաքականություն մտնելը զբաղվել էր գործարարությամբ։ Սպանության պատճառները պարզված չեն։

Նյութի աղբյուրը՝ MeydanTV
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image