Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ Hraparak.am-ի աղբյուրը այսօր առավոտյանն էր մեզ տեղեկացրել, որ ժամը 18։00-ի դրությամբ ռուս սահմանապահներից որևէ մեկը այնտեղ չի մնալու, այնտեղից հեռացվելու են նաև սահմանային բազաները, որտեղ ռուս զինծառայողների թիվը հազարավոր է։
Մեզ պատմեցին, որ մինչև երեկո ռուս սահմապահները Մարգարան լքել են՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ կարգավիճակ է ստանալու այդ հատվածը, նրանց խոսքերով՝ հայկական կողմը հերթական զիջման գնալով Թուրքիային, կարծես թե պատրաստվում է միակողմանի սահման բացել, մինչդեռ հակառակ կողմում ոչինչ դեռ չի արվել ։ Մեզ ասացին, որ մինչ հայկական կողմը, սահմանը բացելու հույսով, թանկարժեք սարքավորումներ է տեղափոխել Մարգարայի սահմանակետ , թուրքական կողմը չափազանց պասիվ վիճակում է, ավելին , հայկական կողմի վրա ճնշում գործադրելով՝ հասավ իր նպատակին, այն է՝ ռուս սահմապահների դուրս բերումը ։ Պատմեցին, որ Փաշինյանն անձամբ է խոստացել թուրքական կողմին, որ մինչև փետրվարի 28-ը ոչ մի ռուս զինծառայող Մարգարայում չի մնա, եւ միայն այս դեպքում է, որ նրանք համաձայնել են քննարկել՝ սահմանի բացման հարցը, իհարկե կրկին իրենց նախապայմաններով եւ առաջ քաշած ժամկետով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ ռուսները մտավախություն են հայտնել, որ ըստ իրենց տեղեկությունների, չի բացառվում, որ հաջորդը Շիրակի մարզի սահմակետերից իրենց դուրս գալու հարցը քննարկվի , ինչպես արվեց Մեղրիում։
Նշենք նաև, որ նախօրեին կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Մարգարայի սահմանի բացման մասով տեղեկություն չունի, բայց նաև տեղյակ է, որ Հանրապետության վարչապետի հետ այց է եղել Մարգարայի սահմնային կետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է, իսկ մյուս մասը քաղաքական որոշման հարց է, որը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից: