Քաղաքականություն

Սպանե՞լ, թե՞ միայն կալանավորել կաթողիկոսին. Փաշինյանը՝ ընտրության առաջ

Սպանե՞լ, թե՞ միայն կալանավորել կաթողիկոսին. Փաշինյանը՝ ընտրության առաջ

Նիկոլ Փաշինյանն արդեն երկու ամիս հոգեբանական, քարոզչական եւ ֆիզիկական գրոհներ է կազմակերպում քրիստոնեության, Հայ առաքելական եկեղեցու եւ նրա ղեկավար Ամենայն հայոց հայրապետի դեմ: Նպատակը կաթողիկոսին պաշտոնանկ անելն է, որի լեգիտիմ իրավունքն ինքը չունի, դրա համար հոգեբանական գրոհների, քարոզչական արշավների, սրբազանների կալանավորումների բիրտ ուժի կիրառման միջոցով փորձում է հասնել նրան, որ կաթողիկոսն ինքը հրաժարական ներկայացնի: Կաթողիկոսն արհամարհում է, չնկատելու է տալիս Փաշինյանի հարձակումները: Բայց այսպես երկար շարունակվել չի կարող, եթե այսպես երկար շարունակվի, կստացվի, որ Փաշինյանը միայն դատարկ հոխորտացող է, ինչը նրա համար հղի է հեղինակության կորստով` իր մերձավոր շրջապատի, պետական ապարատի մոտ, չէ՞ որ ինքն է հայտարարել, որ առաջնորդելու է ազատագրումը: 

Փաշինյանը, իհարկե, կարող է հրահանգ տալ, որ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներն օրը ցերեկով մտնեն Վեհարան եւ հարյուր- հազարավոր հավատացյալների ներկայությամբ կալանավորեն կաթողիկոսին: Ճիշտ է՝ նա որեւէ հանցանք չի կատարել, բայց մի՞թե Փաշինյանի համար կարեւոր է մարդու հանցագործ լինելը՝ ազատությունից զրկվելու համար, ճիշտ հակառակը՝ հիմա հալածվում եւ կալանավորվում են ազնիվ եւ պարկեշտ մարդիկ: Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը հապաղում, ինչո՞ւ նրան չի կալանավորում, չէ՞ որ պատրաստի մեղադրանք էլ կա` ահաբեկչությանն օժանդակելը կամ նույնիսկ՝ ահաբեկչական խմբավորում գլխավորելը: Կարող է, չէ՞, հայտարարել, որ հենց Ամենայն հայոց կաթողիկոսն է եղել իր հորինած եւ իր բացահայտած ահաբեկչական խմբավորման ոգեշնչողն ու հովանավորը: Արդ, ինչո՞ւ մինչեւ հիմա չի կալանավորել կաթողիկոսին:

Մի պահ պատկերացնենք, որ Փաշինյանը ոստիկանության հատուկ ջոկատայիններին Վեհարանը գրոհելու եւ կաթողիկոսին կալանավորելու հրաման է տալիս, եւ նրանք հաջողությամբ իրականացնում են օպերացիան: Կաթողիկոսին կալանավորել եւ տեղափոխել են ԱԱԾ բանտ, Բագրատ եւ Միքայել սրբազանների կողքին: Նրա հետ կալանավորված է մի քանի սրբազան եւս, նույն մեղադրանքով: Ո՞րն է լինելու Փաշինյանի հաջորդ քայլը: Նա պետք է անմիջապես նոր կաթողիկոս նշանակի, որովհետեւ, եթե նոր կաթողիկոս չնշանակի, իսկ նրա օրոք որեւէ նորմալ ընտրության մասին խոսք լինել չի կարող, նա կարող է միայն բռնազավթել։ Եվ կաթողիկոսական աթոռը թափուր մնա, հայ ժողովուրդն ամբողջ Հայաստանում եւ սփյուռքում շարունակելու է Ամենայն հայոց կաթողիկոս ճանաչել Գարեգին Բ-ին: Եթե նույնիսկ նշանակի էլ, օրինակ, Արսեն Թորոսյանին, նա հենց այդպիսի նշանակում է անելու, որ հնարավորինս պղծի Հայ առաքելական եկեղեցին եւ քրիստոնեական հավատքը, միեւնույն է՝ մարդիկ Ամենայն հայոց կաթողիկոս են ճանաչելու Գարեգին Բ-ին եւ ոչ թե Արսեն Ն-ին` Նիկոլի վկա աղանդի հետեւորդ: Ավելին՝ կալանավորված կաթողիկոսի հեղինակությունն էլ ավելի է մեծանալու, նրան դիտարկելու են որպես խղճի կալանավոր, որը հալածվում եւ հետապնդվում է իր քրիստոնեական հավատքի եւ հանուն Հայ առաքելական եկեղեցու անաղարտության համար մղվող պայքարի համար: Կալանավայրում գտնվող կաթողիկոսը տեղով մեկ գլխացավանք է դառնալու Փաշինյանի համար, մանավանդ որ նրան կաթողիկոսությունից զրկելու ոչ մի օրինական իրավունք կամ լիազորություն ինքը չունի: Գործող կաթողիկոսի պարագայում՝ թեկուզ կալանավորված, նոր կաթողիկոս չի կարող նշանակել:

Քանի դեռ Ամենայն հայոց կաթողիկոսը ֆիզիկապես կենդանի է, նրան հնարավոր չէ փոխարինել, նրա տեղը նոր կաթողիկոս նշանակել: Փաշինյանը կարող է կաթողիկոսի պաշտոնը բռնազավթել միայն մի դեպքում, եթե ֆիզիկապես չեզոքացնի նրան եւ սպանելու հրաման տա՝ նրա մահը ներկայացնելով որպես դժբախտ պատահարի կամ հիվանդության հետեւանք: Գիտեմ՝ կարող եք ասել, որ շատ եմ չափազանցնում կամ խտացնում գույները։ Ամենեւին:

Հիշում եք, չէ՞, թե ինչ էր հայտարարում իրեն Պապ թագավորի հետ նույնականացնող անձը․ «Այս անգամ Պապ թագավորը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն, երաշխավորում եմ»: Ինչպես գիտեք, Պապ թագավորը սպանվեց ոչ թե կաթողիկոսի կողմից, այլ՝ Հայաստանի արեւմտյան դաշնակիցների`բյուզանդացիների: Իսկ ինքը՝ Պապ թագավորը, ըստ Փավստոս Բուզանդի, սպանեց Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Մեծին: Նեսես Մեծ կաթողիկոսը Հուսիկ Ա կաթողիկոսի թոռն էր, նրան էլ սպանել էր տվել Տիրան թագավորը՝ ընդամենը իրեն քննադատելու համար: Ի դեպ, Տիրանը, իր անվանը հավատարիմ, սպանել է նաեւ Հուսիկ Ա կաթողիկոսին հաջորդած մյուս կաթողիկոսին եւս: Ի տարբերություն Պապ թագավորի, որը բյուզանդացիներից անկախ քաղաքականություն վարելու փորձի համար սպանվեց, Նիկոլ Փաշինյանը խոնարհաբար ծառայում է նրանց եւ այդ հիմքով էր երեւի ասում, որ Պապ թագավորն այս անգամ չի սպանվելու: Ո՞վ է իր խոնարհ ծառային սպանում, սպանում են ըմբոստներին: 

Ի՞նչ կլինի, եթե Փաշինյանի հրամանով կաթողիկոսը սպանվի: Այդ դեպքում կաթողիկոսական գահը թափուր կմնա, եւ Փաշինյանը միայն այդ դեպքում հնարավորություն կստանա նոր կաթողիկոս նշանակել: Նրա բոլոր ընդդիմախոսները բանտերում կլինեն, եւ ոչ մեկն իրավունք չի ունենա կաթողիկոս առաջադրվել, ովքեր էլ հարաբերական ազատության մեջ կլինեն, կվախենան նրա կամքին հակառակ առաջադրվել, կվախենան, որ կարող են արժանանալ Գարեգին Բ-ի ճակատագրին: Միայն այդ դեպքում նա կկարողանա իր ուզած մարդուն նստեցնել կաթողիկոսի գահին եւ ստիպել մյուս հոգեւորականներին՝ ճանաչել նոր կաթողիկոսի իշխանությունը: Այնպես որ, Փաշինյանն այլընտրանք չունի, քան Ամենայն հայոց կաթողիկոսին սպանելը:

Գարեգին Բ-ն հասկանո՞ւմ է այս վտանգը, եթե ես եմ հասկանում, նա, անշուշտ, հասկանում է: Բայց քանի որ դիմադրում է, նշանակում է՝ պատրաստ է նաեւ դրան: Ի վերջո, նա Հուսիկ Ա, Դանիել, Ներսես Մեծ կաթողիկոսների եւ հանուն քրիստոնեական հավատքի մեր մյուս անմեղ նահատակ կաթողիկոսների գահի օրինական իրավաժառանգորդն է եւ ոչ թե հակասահմանադրական հեղաշրջման միջոցով իշխանությունը բռնազավթած մի շարքային շանտաժիստ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image