Քաղաքականություն

Չեն օպտիմալացնելու, նոր աշխատանք են առաջարկելու

Չեն օպտիմալացնելու, նոր աշխատանք են առաջարկելու

Դեռ անցյալ տարեվերջից  էր հայտնի, որ 17 նախարարությունը մեր երկրի համար շռայլություն համարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց էլ պետք է որոշ նախարարություններ միավորվեն։  Այս ընթացքում, իհարկե, անորոշության եւ կամուկացի մեջ հայտնվեցին հատկապես միավորվող նախարարությունների աշխատակիցները։ Հայտնի է, որ մշակույթի եւ սպորտի նախարարությունները միավորվելու են կրթության եւ գիտության նախարարության հետ, լինելու են նոր՝  տարածքային կառավարման  եւ ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, ինչպես նաեւ՝ տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն։ 

Քանի որ մայիսի 16-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, կառավարությանը հարցում հղեցինք եւ հետաքրքրվեցինք, թե ինչ ժամկետներում է տեղի ունենալու նախարարությունների միավորումը։

ՀՀ վարչապետի աշխատակազմից  մեզ հիշեցրել են, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ (ՀՕ-31-Ն) օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Եվ այդ իրավանորմի վերլուծությունից էլ բխում է, որ նախարարությունների վերակազմակերպման գործընթացը սկսվելու է վերը նշված օրենքի ուժի մեջ մտնելուց, այն է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից անմիջապես հետո։ 

Մեր երկրորդ հարցը վերաբերում էր նրան, թե ինչ ժամկետներում են նշանակվելու միավորված նախարարությունների նոր փոխնախարարները։ Հայտնի է, որ մինչ օրս, տեւական ժամանակ, նրանք ներկայանում են կա՛մ որպես նախարարի պարտականությունները կատարող, կամ որպես  նախարարի պաշտոնակատար։ Իրենց ապագա գործունեության մասին լրագրողական հարցերին էլ նրանք տալիս են անորոշ պատասխաններ։ 

Այս հարցին արձագանքել են, որ պետական մարմնի վերակազմակերպման դեպքում նախարարի տեղակալների ազատման եւ վերանշանակման հետ կապված կարգավորումներ առկա չեն։ Միակ կարգավորումը տեղ է գտել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախարարի տեղակալի պաշտոնը պետական քաղաքական պաշտոն է։

Այնուհետեւ մեզ հղված պատասխանում ընդարձակ մեջբերում են արել նույն օրենքից, հիշեցրել 5-րդ հոդվածի 6-րդ մասը, որի համաձայն՝ նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը։ 

«Նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի նշանակման, իսկ համայնքի ղեկավարի դեպքում՝ պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Վերը նշված իրավանորմի տրամաբանությունից հետեւում է, որ գոյություն չունեցող պետական մարմնում, որտեղ չկա նախարար, չի կարող լինել նաեւ նախարարի տեղակալ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնը քաղաքական է, ուստի՝ նախարարի տեղակալը պետք է ազատվի եւ նշանակվի համապատասխան իրավական ակտով՝ նախարարի հետ միաժամանակ»,- արձագանքել են մեր հարցին։
Հետաքրքրվել էինք նաեւ, թե քանի՞ աշխատակից է օպտիմալացվել, միավորված նախարարությունների դեպքում ո՞ր բաժիններն ու վարչություններն են միավորվել։ 
Մեր հարցին ի պատասխան՝ արձագանքել են․ «Այս պահին աշխատակիցների օպտիմալացում, որպես այդպիսին, տեղի չի ունենալու, սակայն աջակցող եւ/կամ կրկնվող ստորաբաժանումների ղեկավարներին՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կառաջարկվի համապատասխան աշխատանք։

Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատվում են վերակազմակերպված պետական կառավարման համակարգի մարմինների նոր կանոնադրությունները, եւ կատարվում են օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ, ուստի՝ վերակազմակերպվող նախարարություններում վարչությունների եւ բաժինների վերակազմակերպման մասին տեղեկությունները կլինեն կանոնադրությունները հաստատվելուց հետո»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image