Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, որոշել է SMS-ներով պաշտոնանկ արված ՔՊ-շնիկներին փոխարինել այլ ՔՊ-շնիկներով՝ դարձյալ SMS-ների միջոցով: Դա շատ հեշտ է անելը: Պատկերացրեք՝ ազատված պաշտոնների փայլից առաջին պատրաստության եկած մի ՔՊ-շնիկ հանկարծ առարկություն չընդունող տոնով SMS է ստանում Նիկոլից՝ վաղը կգնաս ՊԵԿ, կնստես նախագահի աթոռին ու կսկսես աշխատել` չուշանաս, ստուգելու եմ: Սա վերսիաներից ընդամենը մեկն է, իսկ թե ինչու օրինակը հենց ՊԵԿ-ի վրա բերեցի, հիմա բացատրեմ: Նոյեմբերի 21-ին, արձագանքելով մամուլում տարածված տեղեկություններին, թե հենց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն է նշանակվելու ՊԵԿ նախագահի պաշտոնում, Ռոմանոսն ասել էր, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չի ստացել, եւ նման քննարկում չկա: Ուշադրություն դարձրեք ամսաթվին՝ նոյեմբերի 21-ն էր:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե առաջարկն ամեն դեպքում լինի, պատրա՞ստ է ստանձնել ՊԵԿ նախագահի պաշտոնը, ՔՊ-շնիկ Ռոմանոսն ասել է. «Ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ, վարչապետը որտեղ ինչ խնդիր դնի, կգնամ լուծելու»: Սա հենց այն է, ինչ ես ասացի վերեւում՝ ՔՊ-շնիկը պատրաստ սպասում է թափուր պաշտոններից մեկում նշանակվելու իր SMS-ին, որ հենց ստանա, վազ տա կատարելու «վոժդի» առաջադրանքը:
Իսկ հիմա՝ մի երկու խոսք այն մասին, թե ինչպես կպահի իրեն ՔՊ-շնիկը՝ իր նոր պաշտոնի մասին մամուլից տեղեկանալու պարագայում, եթե SMS-ը դեռ ուշանում է: Դրսեւորումները կարող են տարբեր լինել: Համարձակ ՔՊ-շնիկը, օրինակ, կարող է վերցնել հեռախոսն ու զանգել Նիկոլին՝ մեծարգո վարչապետ, քիչ առաջ մեկը զանգել էր եւ լրագրողի ձայնով ասում էր, որ Դուք ինձ եք նշանակելու ՊԵԿ նախագահի պաշտոնում, ճի՞շտ ա: Սակայն սա շատ հանդուգն քայլ կլինի այդ ՔՊ-շնիկի կողմից, որովհետեւ Նիկոլը կարող է ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել լուրը՝ այդ համարձակ ՔՊ-շնիկին մատնելով անորոշության: Առավել ինքնավստահ ՔՊ-շնիկը, մտածելով, որ Նիկոլը հենց իրեն կնշանակի թափուր պաշտոնում, գուցե ընդհատի արտասահմանյան գործուղումն ու շտապ կարգով վերադառնա Հայաստան՝ Նիկոլի աչքին մի ավելորդ անգամ երեւալու եւ իր մասին հիշեցնելու համար:
Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, ոչ այնքան քաջ էր, որ Նիկոլին զանգեր, ոչ էլ արտասահմանում էր, որ վերադառնար: Ռոմանոսը, քանի որ ունիկալ երեւույթ է, որոշեց հենց ունիկալ ձեւով ինքնադրսեւորվել: Նա գրառում կատարեց իր իմացած միակ հերոսի՝ Չինգիզ խանի մտքերի հիման վրա: Ահա, թե ինչ է գրել Ռոմանոսը. «Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա… Չինգիզ խանին են վերագրվում այս խոսքերը՝ դեռեւս 12-րդ դարից: Չգիտեմ՝ այդ խոսքերն իրոք իրենն են, թե՝ ոչ, բայց վստահաբար քաղաքական գործունեության մեջ շատ արդիական են»: Վերածելով ՔՊ-երենի՝ կտեսնենք, որ Ռոմանոսն ուղղակի «դուխ» է տալիս Նիկոլին, որ եթե նա որոշել է հենց իրեն նշանակել ՊԵԿ նախագահ, թող նշանակի առանց վախենալու: Ըստ էության, Ռոմանոսի այս գրառումը մի յուրատեսակ SMS է Նիկոլին՝ Նիկոլ ջան, թե նշանակելու ես՝ նշանակիր, էլ մի ծամծմիր:
Մինչ գրվում էր այս հոդվածը, Ռոմանոսի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկար: Իսկ թե ինչ տեղի կունենա մինչեւ «Հրապարակի» հերթական համարի լույսընծայումը, չեմ կարող ասել: Մեկ էլ տեսար՝ Նիկոլը կարդա Ռոմանոսի SMS-ն ու հենց նրան էլ նշանակի ՊԵԿ նախագահ: Մի SMS-ի բան չի՞ եղած-չեղածը՝ կգնաս, կնստես ՊԵԿ-ի աթոռին ու կոլխոզը կղեկավարես: