Այլ

Ինչո՞ւ է Ավինյանը Երեւան հրավիրում Զելենսկու ընդդիմախոս Կլիչկոյին

Ինչո՞ւ է Ավինյանը Երեւան հրավիրում Զելենսկու ընդդիմախոս Կլիչկոյին

Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից, Երեւան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին: Այս մասին տեղեկանում ենք Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից: Այցի ժամկետներն ու այլ մանրամասները չեն հաղորդվում, բայց լուրն ուշագրավ է մի քանի առումով:

Ինչպես հիշում եք՝ «Հրապարակը» գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից: Նա մայիսի 28-ին, երբ ՔՊ-ական վերնախավը գաղտագողի, ոստիկանների ուղեկցությամբ արշավում էր դեպի Սարդարապատի հուշահամալիր, մեկնել էր Արագածոտնի մարզ՝ շրջում էր Ապարանի փողոցներով, բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ թեւանցուկ: Ապարանում, իհարկե, ամեն տարի են Հանրապետության օրը նշել` Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված համալիրի տարածքում տոնական միջոցառում ու հյուրասիրություն կազմակերպելով, բայց նախորդ տարիներին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն էր այդ ամենի կազմակերպիչը, իսկ Սամվելի Ալեքսանյանը՝ Լֆիկը, բոլորովին այլ կազմի հետ էր այդ օրը նշում` նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ու նրա պատգամավոր եղբոր, Նապոլեոն Ազիզյանի, Վրեժ Մարկոսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ այլ ՀՀԿ-ականների։

Եվ ահա, այս ամենի ֆոնին հատկանշական է Կլիչկոյին արված հրավերը, մի մարդու, ով վերջին շրջանում անողոք քննադատում է իր անմիջական ղեկավարին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
Հայ-ուկրաինական ջերմացող հարաբերությունների ֆոնին, Փաշինյան-Զելենսկի շփումների, Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա կատարած այցի եւ այլ իրադարձությունների պայմաններում Կիեւի քաղաքապետին ուղղված հրավերը յուրօրինակ մարտահրավեր է Հայաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների սկիզբ դրած հարաբերությունների համար: Ի՞նչ է ուզում սրանով ասել Տիգրան Ավինյանը, արդյո՞ք սա մեկ այլ նախաձեռնություն չէ՝ Փաշինյանի վարած քաղաքականությունից տարանջատվելու եւ արտաքին ինքնուրույն խաղացողի համբավ ստեղծելու հեռահար ծրագրերի համատեքստում:

Հարցեր են ծագում՝ արդյո՞ք Կլիչկոյին հրավիրելը Զելենսկու սրտով է, չէ՞ որ նախկին տիտղոսակիր բռնցքամարտիկն ամեն պատեհ ու անպատեհ առիթով «քննադատական հարվածներ է հասցնում» Ուկրաինայի առաջնորդին, այդ թվում՝ նաեւ կադրային հարցերում քննադատելով նրան: Օրինակ, այս տարվա հունվարին, Կլիչկոն մտահոգություն է հայտնել նախագահի՝ Ուկրաինայի զարգացման ուղեգծի վերաբերյալ։

«Այն շարժումը, որը մենք հիմա տեսնում ենք, ես չեմ կարող անվանել ժողովրդավարական։ Սրանից ուղղահայացության եւ ավտորիտարիզմի հոտ է գալիս»,- ասել է Կլիչկոն The Globe and Mail-ին տված հարցազրույցում։ Նախկին աշխարհահռչակ բռնցքամարտիկը մտահոգություն է հայտնել, որ երկրում գրեթե չկա խոսքի ազատություն, եւ դժվարացել է կարծիք հայտնելը։

Դա, ըստ Կիեւի քաղաքապետի, հակասում է կառավարության՝ ավելի վաղ հռչակված քաղաքականության ու համընդհանուր դիրքորոշմանը։ Նա նշել է նաեւ, որ հենց ներկայիս քաղաքականության պատճառով է, որ «ուկրաինացիները չեն հասկանում, թե իրականում ինչ իրավիճակ է ռազմաճակատում»։ Ավելի վաղ պաշտոնյան ասել էր, որ Զելենսկու գործողությունների արդյունքում «Ուկրաինայում գործնականում իշխանության անկախ ինստիտուտներ չեն մնացել»։

Մարտին էլ Կիեւի քաղաքապետը մեծ սխալ անվանեց Զելենսկու որոշումը՝ Վալերի Զալուժնիին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ: «Մենք պետք է համախմբվենք այն մարդկանց շուրջ, ովքեր ունեն ամենաշատ աջակցությունը, ինչպիսին Զալուժնին է, ով ամենաբարձր վարկանիշն ունի հարցումներում»,- իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Կլիչկոն։ Նրա համոզմամբ, Զալուժնիի պաշտոնանկությունից հետո Զելենսկին «պետք է բացատրի իր որոշման պատճառը, որը ցնցել է յուրաքանչյուր ուկրաինացու», քանի որ այդ որոշումը շատերի մոտ հուսահատություն է հարուցել։

Թվում է՝ Ուկրաինայի իշխանական վերնախավում տեղի ունեցող հակասությունները, որոնք ժամանակ առ ժամանակ ուղեկցվում են հնչեղ պաշտոնանկություններով, այդ երկրի ներքին գործն են: Եվ դա իսկապես այդպես է: Սակայն բացառված չէ նաեւ, որ Հայաստանը փոթորկող բողոքի ընթացիկ ցույցերը կարող են պատրվակ դառնալ, որ Ավինյանը որոշակի վերադիրքավորումներ կատարի եւ օգտվի Փաշինյանից տարանջատվելու ցանկացած հնարավորությունից: Ի վերջո, Ավինյանը մշտապես աչքի է ընկել ինքնուրույնությամբ։ Նա գալիս է «Քաղպայմանագրի» ակունքներից եւ փորձում է պահպանել իր անհատականությունը՝ չդառնալով ուսապարկ, որը կուրորեն կատարում է Փաշինյանի հրահանգները: Հետեւաբար՝ նրա հրավերը չի կարող զուտ գործընկերային-կարգավիճակային լինել, այն միանգամայն իրավիճակային տրամաբանությամբ է բացատրվում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image