Հարցազրույց

«Հրապարակ». Մի անգամ ասվեց՝ երբ ԵՄ-ին միանալու օրենք ընդունեցիք, երկրորդ անգամ՝ երբ «Թրամփի ուղու» մասին պայմանավորվեցիք

«Հրապարակ». Մի անգամ ասվեց՝ երբ ԵՄ-ին միանալու օրենք ընդունեցիք, երկրորդ անգամ՝ երբ «Թրամփի ուղու» մասին պայմանավորվեցիք

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւի հետ զրուցել ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների եւ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության մասին:

- Որոշ քաղաքագետների մոտ տպավորություն կա, որ ՀՀ իշխանությունների այս քայլերը՝ ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելը, ամենուր ռուսական գործակալներ փնտրելը, կարող են բերել մի կետի, երբ Ռուսաստանը Հայաստանին դիտարկի որպես թշնամի երկիր, ու դրան հետեւեն կոնկրետ քայլեր:

- Տեսեք, եթե կարդանք Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը, ապա այդ ալիքն իսկապես կարող ենք անվանել ոչ բարեկամական, չգիտեմ՝ երկրի մասով ոնց, բայց այդ ալիքը՝ հաստատ: Հետո՞ ինչ, որ ոմանք մեզ չեն սիրում, հետո՞ ինչ, որ ոմանք այնքան էլ բարիդրացիական տրամադրություններ չունեն։ Մեզ պարտավորեցնող իրավական համաձայնագրեր կան, ես նույնիսկ չեմ խոսում ԵԱՏՄ-ի կամ ռուսական ռազմաբազայի մասին: Ի՞նչ անենք՝ խարխլե՞նք ԵԱՏՄ-ն, որովհետեւ Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը մեր մասին վատ բաներ է գրում, ախր, դա հիմարություն է, դա անհամատեղելի է:

- Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայիս լարված, իսկ որոշ փորձագետների դիտարկմամբ՝ ճգնաժամային վիճակը, Ռուսաստանը կարո՞ղ է դիմել կոշտ քայլերի:

- Դա կախված է Հայաստանի կողմից արվող քայլերից, կարծում եմ, որ 2022 թվականի աշնան ու 2025 թվականի սկզբի միջեւ ինչ-որ տեղ Հայաստանում լրջորեն կարծում էին, որ Հայաստանը կընդունեն Եվրամիության ու ՆԱՏՕ-ի կազմ, կամ ինչ-որ այլ ձեւաչափով Արեւմուտքն անվտանգության երաշխիք կտրամադրի: Դա տեղի չունեցավ, պարզվեց, որ Արեւմուտքն ունի սեփական խնդիրները եւ Հայաստանին որեւէ լավություն չի անելու: Այդ պահից սկսած, ինձ թվում է՝ գնում են մի տեսակ անորոշ, անհետեւողական որոնումներ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Ամեն դեպքում, ռուսական կողմից նման մտադրություն հաստատ կա: Մինիմում երկու դրվագ եղավ, երբ Մոսկվայից խոսում էին այն մասին, որ պաշտոնական Երեւանն ինչ-որ բան այն չի անում: Մեկ անգամ դա եղավ ավելի ուղիղ տեսքով՝ Օվերչուկի կողմից, երբ Հայաստանում ընդունում էին Եվրամիությանը միանալու մասին օրենքը, իսկ երկրորդ անգամ՝ ավելի փափուկ եւ անուղղակի ձեւով, երբ Վաշինգտոնում պայմանավորվեցին բացել «Թրամփի ուղին»: Այդ ժամանակ ռուսական ԱԳՆ-ից նրբանկատորեն հիշեցրին, որ որտեղ պատրաստվում են բացել այդ ճանապարհը, այդտեղով անցնում է ԵԱՏՄ-ի մաքսային արտաքին սահմանը, եւ դա պետք է ուշադրության առնել: Մյուս հանգամանքը, որ վերջերս եղավ, ռուսական ոսկու՝ Հայաստանի միջոցով ռեէքսպորտի կտրուկ կրճատումն էր, ինչը, իհարկե, ոչ թե շուկայական մեխանիզմների պատճառով եղավ, այլ՝ լրիվ այլ պատճառներով: Քանի որ դա Ռուսաստանի համար տնտեսական օգուտ էր, դրա համար էլ այդ ռեէքսպորտը կրճատվեց: Թե չէ՝ ճնշում գործադրել Եվրամիությանը միանալու գործընթացի մասով, որի անդամ Հայաստանը չի հանդիսանում, կամ «Թրամփի ուղու» հետ կապված, որի հետ կապված ամեն ինչ այնքան անորոշ է, որ այդ մասին դեռեւս իմաստ էլ չկա քննարկում անել։ Բայց եթե ԵԱՏՄ-ի մաքսային արտաքին սահմանը խախտվի, ապա մաքսային պաշտպանության այլ մեխանիզմներ կսկսեն կառուցվել արդեն այլ սահմանի վրա: Ընդ որում, ես կարող եմ ենթադրել, որ Ռուսաստանը դա կարող է անել միակողմանի՝ առանց ԵԱՏՄ մեխանիզմներին նայելու:

- Ոմանց մոտ տպավորություն կա, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ավելի շատ գնում են դեպի Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության ոլորտ, քան թե ԵՄ:

- Այո, կա նման բան: Խնդիրն այստեղ է, եւ դա ավելի լայն է, քան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները, հայկական ազգայնականությունը բազմաթիվ տասնամյակներ եղել է աշխարհաքաղաքական ֆակտոր թե՛ Օսմանյան կայսրության, թե՛ Ռուսական կայսրության, թե՛ Սովետական Միության, թե՛ հայկական սփյուռքի եւ թե՛ հետխորհրդային տարիների առաջին տասնամյակներին, եւ հարցը, որ տեղին է հիմա տալ, հետեւյալն է․ այդ հայկական ազգայնականությունը, որը երկար ժամանակ եղել է աշխարհաքաղաքական ֆակտոր, հիմա գնո՞ւմ է, դադարեցնո՞ւմ է իր գործունեությունը: Այն հստակ չկա նույնիսկ Հայաստանում, որովհետեւ, այո, մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունների կողմից շատ ակտիվ փորձ կա՝ հայերի ազգային իդենտիֆիկացիան, ազգային հիշողությունը փոխելու, ազգային պատկերացումները՝ Հայաստանի շուրջ տեղի ունեցողի մասին, սակայն դժվար է գնահատել, թե որքանով է այդ փորձը հաջողվել: Եթե այն հաջողվի, ու իշխանությունն իսկապես հասնի նրան, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը համաձայն լինի, որ Հայաստանը դառնա Ադրբեջանի ու Թուրքիայի պրոտեկտորատի ինչ-որ մաս, այս դեպքում ի՞նչ կարող են անել արտաքին ուժերը: Նրանք կարող են միայն դա ի գիտություն ընդունել եւ դրանից որոշակի եզրահանգումների գալ՝ իրենց քաղաքականության համար: Իսկ եթե այդպես չէ, ապա պետք է համոզվել, որ դա այդպես չէ: Ինձ թվում է, որ ընտրությունները, որոնք Հայաստանում տեղի են ունենալու մյուս տարի, այս առումով կարող են որոշիչ լինել:

- Իհարկե, այդ տեսանկյունից ընտրությունները շատ հակասական են, որովհետեւ երբեմն ընտրություններին չի մասնակցում բնակչության այն մասը, որը դժգոհ է իշխանությունների քաղաքականությունից, այնպես որ՝ միշտ չէ, որ ժողովուրդն է որոշում:

- Այո, նրանք երեւի համաձայն չեն եկեղեցու վրա գործադրվող ճնշումներին, երեւի դեմ են ազգային հիշողության վերանայմանը, բայց եթե չկա այն թեկնածուն, որի օգտին նրանք պատրաստ են քվեարկել եւ այդ պատճառով չեն մասնակցի ընտրություններին, նշանակում է՝ լինելու է այն արդյունքը, որը կլինի առանց իրենց:

- Դրա հույսը նաեւ իշխող կուսակցությունն ունի:

- Փաստորեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image