ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հերթական ասուլիսն էր հրավիրել, որի գլխավոր նպատակը թերեւս ընդդիմադիր դաշտում առաջնորդության պահպանումն ու բոլորից առաջ նախընտրական գործընթացներին իր մասնակցության ձեւաչափի եւ այլ հարցերի պատասխանելն էր։ Այսպիսով, ամռանը` հունիսի 7-ին սպասվող հերթական համապետական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը կրկին կմասնակցի Հայ հեղափոխական դաշնակցության հետ դաշինքով: Թեեւ ընդգծեց, որ նոր, թարմ դեմքեր էլ կներգրավվեն թիմում։
«Այո, ես համարում եմ, որ բարենպաստ պայմաններ են՝ նախընտրական խոշոր բլոկներ ձեւավորելու համար»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց երկրորդ նախագահը, հիշեցնելով, որ նախորդ ընտրություններին մասնակցել է մոտ 25 քաղաքական ուժ. «Հիմա հնարավորություն կա, որ մասնակցեն 8-10-ը, ոչ ավել։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը` 4 խոշոր բլոկներով»։
Նա այս անգամ ավելի կոշտ էր իր գնահատականներում։ «Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է մարդ, որն իրավունք ունի վերանայել հայ ժողովրդին եւ փոխել նրա ինքնությունը։ Գուցե նա իրեն համարում է Քրիստոսի «զապասկա», չգիտեմ։ Սակայն նման վարքագիծը լայն հնարավորություններ է բացում ընդդիմության միավորման համար»,- ասաց երկրորդ նախագահը։ Անդրադառնալով հարցին, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Քոչարյանն ասաց, որ փետրվարի սկզբին սոցհարցում են անցկացնելու եւ դրանից ելնելով` որոշելու են, թե ով է առաջնորդը լինելու. «Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Եթե հայտնվել է մեր դաշինքում մեկը, որ կարող է ավելի մեծ ձայներ ապահովել, ուրեմն նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն»։
Քոչարյանն ասաց նաեւ, որ այսօր լրատվամիջոցներում հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ դեռ` «այո, ես եմ առավել հավանական թեկնածուն, որը կգլխավորի ցուցակը»։ «Այսօրվա դրությամբ այդպես է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021-ին»,-ասաց նա՝ հավելելով, որ հարցումը պատվիրելու են պրոֆեսիոնալ սոցիոլոգիական ընկերության։ Բայց Քոչարյանը շեշտեց, որ իրենց ցուցակում որոշակի թարմացում լինելու է. «Նաեւ կյանքը ցույց տվեց, որ պետք է դա անել։ Մենք ունենք ակտիվ ձեւավորված թիմ, բայց, անկասկած, նաեւ նոր մարդիկ են հայտնվելու ցուցակում եւ թիմում»։
Արդյո՞ք այս ընտրությունները նրա մասին են, որ «կա՛մ լինի Հայաստան, կա՛մ լինի Նիկոլ Փաշինյան», երկրորդ նախագահը պատասխանեց. «Հայաստանը բոլոր տարբերակներով լինելու է, ուղղակի հարցն այն է, թե Հայաստանի Հանրապետության բովանդակությունն ինչպիսին է լինելու։ Հայաստանը լինելու է առանց Սյունիքի՞ կամ Հայաստանը լինելու է առանց Հայ առաքելական եկեղեցո՞ւ։ Իմ տպավորությամբ, այս ընտրություններն ունիկալ են լինելու, որովհետեւ լինելու են Հայաստանի Հանրապետության էության մասին։ Իրեն թվում է, թե եթե մենք մեր ամբողջ ազգային բովանդակությունը մի կողմ դնենք, եթե Թուրքիան, Ադրբեջանը մեզ սկսեն ընկալել որպես ամորֆ մի ժողովուրդ, որը ո՛չ անցյալ ունի, ո՛չ ներկա, մեզ չեն դիտելու որպես սպառնալիք ու մեզ հանգիստ են թողնելու։ Ոչ, հանգիստ չեն թողնելու, դու այդ վիճակում լավ աշխարհաքաղաքական ուտելիք ես դառնալու՝ կուլ տալու համար։ Միջազգային հարաբերություններն այդպես չեն աշխատում։ Այդ վիճակում դու բարեկամ էլ չես ունենալու, դու աշխարհաքաղաքական մուրացկան ես դառնալու։ Ռեմբո է եղել, Գիքոր է դառել, հիմա էլ Գիքորի վիճակում է, «էստի համեցեք» է անում»։
Հարցին՝ ունե՞ք վերլուծություն, թե ինչու են գործող իշխանությունները Ձեզնից վախենում, որ կարող եք վերադառնալ իշխանության, Քոչարյանը հեգնանքով պատասխանեց. «Շատ են սիրում»։ Նա համաձայն չէ, որ ինքն ու իր թիմն այժմ ավելի վատ դիրքերում են, քան 2021 թվականին, եթե, իր խոսքով, Փաշինյանին հաջողվեց պատերազմի պարտությունն այն ժամանակ Ռուսաստանի, նախկինների եւ այլոց վրա գցել ու քվե կորզել, ապա անցած հինգ տարիները ցույց տվեցին, որ Փաշինյանն իր նախընտրական խոստումներից որեւէ մեկը չի կատարել։ «Ես չեմ տեսնում կառավարությունում ինձ` որպես նախարար աշխատելիս, բայց մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ մարդիկ, որ այդ գիտելիքներն ունեն ու կարող են: Չեմ տեսնում նաեւ, որ մանդատը վերցնեմ ու դառնամ պատգամավոր, անցած անգամ մանդատը չեմ վերցրել։ Եթե մեր քաղաքական ուժն առաջին տեղը չունենա, ես որեւէ հավակնություն չեմ ունենալու»,- կրկին պնդեց երկրորդ նախագահը: Ինչ վերաբերում է, թե հետո ով կլինի վարչապետը միասնական ընդդիմության հաղթանակից հետո, ապա, ըստ Քոչարյանի, կա շատ պարզ տարբերակ՝ ով ավելի մեծ տոկոս է հավաքում, նրա առաջնային իրավունքն է` վարչապետ առաջադրել: