Թեեւ ներկայիս Երկրապահ կամավորականների վարչության անդամների մեծ մասը եւ «Ազատամարտիկների դաշինքը» ժամանակին պայքարում էին հանուն իշխանափոխության, ունեին նույն հայացքները, սակայն ԵԿՄ համագումարից առաջ ԵԿՄ-ի առաքելության, գործունեության, կառավարման ձեւերի մասին նրանց պատկերացումները տարբեր էին, եւ «Ազատամարտիկների դաշինքը» նախընտրեց չձուլվել ԵԿՄ-ին։
Ինչո՞վ է զբաղվում հիմա դաշինքը։
Մի քանի հարց ուղղեցինք «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանին։
-Պարոն Մելքոնյան, ԵԿՄ համագումարից անցել է որոշ ժամանակ, հետեւո՞ւմ եք ԵԿՄ-ի աշխատանքներին, նոր վարչությունն ի՞նչ փոփոխություններ է հասցրել անել։
-Թող աշխատեն, ապացուցեն, որ կարող են լավ աշխատել։
-Դուք համագործակցո՞ւմ եք ԵԿՄ-ի հետ։ Ժամանակին կողմ էիք, որ ԵԿՄ-ն կառավարվի կոլեգիալ սկզբունքներով։
-Եթե հարցեր լինեն, ապա կհամագործակցենք, ի՞նչ է եղել, որ․․․
-«Ազատամարտիկների դաշինքը» ժամանակին արմատական ընդդիմություն էր, իշխանափոխությունից հետո ո՞րն եք համարում Ձեր առաքելությունը։
-Փառք Աստծո, եղավ իշխանափոխություն, որի համար մենք երկար պայքարել ենք։ Հիմա մենք զբաղված ենք զոհված, վիրավոր ազատամարտիկների, նրանց ընտանիքների հոգսերով։
-Բայց նույն հոգսերով զբաղվում է նաեւ ԵԿՄ-ն, հնարավո՞ր չէ, որ միավորվեիք մեկ կառույցում։ Կարծես թե քաղաքական տարաձայնություններ չկան Ձեր միջեւ։
-Ոչ մի տարաձայնություն չկա։ Իրենք էլ են պայքարել իշխանափոխության համար, մենք էլ։ Մենք ուզում ենք աշխատել այնպես, որ կարողանանք իշխանությունների մատից թեկուզ մի փուշ հանել։
-Իսկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ համագործակցո՞ւմ եք։
-Այո՛։
-Սամվել Բաբայանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի Հանրապետության նախագահի առաջիկա ընտրություններում։ Աջակցելո՞ւ եք նրան։
-Այո, անձամբ ես աջակցելու եմ Սամվել Բաբայանին, որ նա ընտրվի Արցախի Հանրապետության նախագահ։ Արցախին պետք է ուժեղ նախագահ, ուժեղ մարդ է պետք, որ ղեկավարի։
-Եթե նա տարաձայնություններ ունենա Հայաստանի իշխանությունների հետ, կրկին պատրա՞ստ եք սատարել նրան։
-Ինքը Հայաստանի իշխանությունների հետ չունի տարաձայնություններ։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում պետք է բանակցային սեղանի շուրջ վերադարձնի նաեւ Արցախի Հանրապետությանը, որը երկու տասնամյակ դուրս էր մղված բանակցություններից։ Իրատեսակա՞ն գաղափար է դա։
-Գաղափարը ողջունելի է, բայց ոչ իրատեսական։ Դժվար ճանախարհ է դա, որը պետք է հաղթահարվի Արցախում ուժեղ նախագահ ընտրելու դեպքում։ Արցախում պետք է լինի ուժեղ նախագահ, որին ժողովուրդը կընդունի եւ կտա իր քվեն այնպես, ինչպես Հայաստանում տվեց իր քվեն։ Այդ դեպքում Արցախի Հանրապետության նախագահը կլինի ուժեղ, լեգիտիմ նախագահ։ Եվ ուժեղ նախագահի միջոցով էլ հնարավոր կլինի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։