Վերլուծություն

Հրահանգ՝ ամենաշատ ձայն սահմանի գյուղերից, որ ասեն՝ «իրենց հասնում է»

Հրահանգ՝ ամենաշատ ձայն սահմանի գյուղերից, որ ասեն՝ «իրենց հասնում է»

Այսօր իշխանությունը գտնվում է շատ թույլ վիճակում։ Այդպես լինում է այն ժամանակ, երբ այլևս չի վայելում ժողովրդի վստահությունը, բայց պետական և վարչական ռեսուրսների միջոցով շարունակում է պահպանել իշխանությունը։ Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները հենց այդ մասին են վկայում։

Սակայն կա մի հանգամանք, որն արժանի է առանձնահատուկ և լուրջ ուշադրության։ Նախորդ և այս ընտրություններում այս իշխանությունը, կարծես, առաջնորդվում է մի սկզբունքով՝ հնարավորինս շատ ձայներ հավաքել հենց սահմանամերձ բնակավայրերից։ Այն բնակավայրերից, որոնք պատերազմի և հետպատերազմյան իրողությունների ամենածանր բեռը կրողներն են։ Այն գյուղերից, որոնց բնակիչները կորցրել են իրենց տները, հայտնվել են հակառակորդի անմիջական վերահսկողության կամ շրջափակման պայմաններում, զրկվել են արոտավայրերից, ջրի աղբյուրներից, երբեմն նույնիսկ՝ իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։
Պատկերացնո՞ւմ ենք արդյոք, թե ինչ հոգեբանական վիճակ է ձևավորվում նման պայմաններում ապրող մարդու մեջ։ Մարդու, որն ամեն օր արթնանում է մշտական անորոշության, վախի, կորստի և անպաշտպանության զգացողության հետ։ Հոգեբանության մեջ հայտնի է, որ երկարատև սթրեսը, անընդհատ վտանգի զգացումը և սեփական ճակատագրի նկատմամբ վերահսկողության կորստի զգացումը կարող են փոխել մարդու որոշումների տրամաբանությունը, խաթարել իրականության ընկալումը և ձևավորել գոյատևման հոգեբանություն։ Այդ պայմաններում մարդու ընտրությունը միշտ չէ, որ քաղաքական համոզմունքի արտահայտություն է․ հաճախ այն դառնում է անվտանգության որոնման, հարմարվելու կամ հուսահատության հետևանք։

Սակայն խնդիրը միայն այդ մարդկանց հոգեբանական վիճակը չէ։ Խնդիրն այն է, թե ինչ ազդեցություն է դա ունենում ամբողջ հասարակության վրա։

Ես դա զգացի, երբ տեղեկություններ տարածվեցին, որ երեք կողմից շրջափակման մեջ գտնվող Ներքին Հանդը, Կիրանցը կամ այլ սահմանամերձ բնակավայրեր Փաշինյանի օգտին են քվեարկել։ Զգացի՝ մարդկանց արձագանքները լսելով։ Դրանք միայն քաղաքական գնահատականներ չէին։ Դրանք վիրավորվածության, հիասթափության և երբեմն նույնիսկ զայրույթի արտահայտություններ էին։ Ընդհանրացնելով՝ դրանք կարելի է ամփոփել մեկ դաժան նախադասության մեջ․ «Եթե իրենց Սյունիքը պետք չէ, մեզ էլ պետք չէ»։
Ես այս միտքը հնարավորինս մեղմ եմ ձևակերպում, որովհետև չեմ ցանկանում ցավ պատճառել Սյունիքի բնակիչներին։ Սակայն հենց այստեղ է թաքնված ամենավտանգավոր հոգեբանական հետևանքը։ Երբ հասարակության մի հատվածը սկսում է մյուս հատվածին դիտարկել ոչ թե որպես նույն ճակատագրի կրող, այլ որպես սեփական դժբախտության պատճառ, սկսվում է ներքին օտարացում։ Քայքայվում է համերաշխությունը, թուլանում է փոխադարձ վստահությունը, և ձևավորվում են փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքի խորացող շերտեր։

Կիրանցի մի բնակչուհու արձագանքը շատ խոսուն էր։ Նա չէր ցանկանում, որ իր գյուղի մասին այդպես մտածեն, որ Երևանում ասեն․ «Եթե ձեզ համար լավ է, մեզ համար օխայ է»։ Հետո տեղեկություններ տարածվեցին, որ քվեարկությանը մասնակցել են սահմանապահներ կամ վաղուց գյուղից դուրս եկած մարդիկ, որոնք բերվել էին ընտրության օրը։ Սակայն, անկեղծ ասած, սա արդեն երկրորդական է։

Էականը հոգեբանական այն հարվածն է, որը հասցվում է հենց սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց։ Երբ քաղաքական նպատակների համար օգտագործվում է նրանց խոցելի վիճակը, հասարակության աչքում աստիճանաբար աղճատվում է նրանց կերպարը։ Նրանք այլևս չեն ընկալվում որպես պատերազմի և սահմանային ճնշման զոհեր, այլ սկսում են դիտարկվել որպես քաղաքական գործընթացի գործիքներ։ Սա ծանր բարոյահոգեբանական բեռ է, որը ստիպված են կրել այն մարդիկ, ովքեր առանց այդ էլ ապրում են ամենածանր պայմաններում։

Նախորդ ընտրությունների ժամանակ, երբ «Հրապարակ»-ի աղբյուրը հայտնել էր, թե Փաշինյանը հրահանգել է ամենաշատ ձայներն ապահովել հենց սահմանամերձ բնակավայրերից, ես չէի հավատում այդ սարսափելի տեղեկությանը։ Այն չափազանց ցինիկ էր թվում իրական լինելու համար։ Այսօր, սակայն, տեսնելով նույն երևույթի շարունակականությունը, ակամա վերադառնում եմ այդ հիշողությանը։

Ամենամեծ վտանգն այստեղ նույնիսկ ընտրական արդյունքը չէ։ Ամենամեծ վտանգն այն է, որ քաղաքական շահի համար օգտագործվում է հասարակության ամենախոցելի հատվածը՝ դրանով խորացնելով մարդկանց հոգեբանական տրավման, խաթարելով նրանց բարոյական կերպարի հանրային ընկալումը և սերմանելով փոխադարձ անվստահություն ողջ հասարակության մեջ։ Իսկ երբ ժողովուրդը սկսում է ցավի մեջ բաժանվել իրարից, այդ վերքը շատ ավելի երկար բուժում է պահանջում, քան ցանկացած քաղաքական ճգնաժամ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image