Հայերը կամ առնվազն նրանց մի մասը սիրում են հավատալ հեքիաթների, որքան հեքիաթն անիրական է, որքան ֆանտաստիկ է, այնքան լավ: Քանի որ մենք սիրում ենք լսել հեքիաթներ եւ հավատալ դրանց, սիրում ենք նաեւ հեքիաթասացներին: Սա մի պարզ բացատրություն ունի. մարդկանց մի մասի համար հաճելի է հավատալ ինչ-որ հրաշքների, որ կարող են նաեւ իրենց հետ տեղի ունենալ, դրա համար ոչինչ պետք չէ անել` պետք է ընդամենը հավատալ եւ սպասել:
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ լրացուցիչ տուրքեր է սահմանում արտասահմանյան երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա`բազային տուրքը 10 տոկոս է, բայց, կախված երկրից, կարող է ավելանալ: Օրինակ, ԱՄՆ առեւտրային հիմնական գործընկերներից մեկի` Չինաստանի հետ առեւտրում սահմանվում է 32 տոկոս ներմուծման տուրք, ԱՄՆ դաշնակից ԵՄ երկրների նկատմամբ` 20 տոկոս, Վիետնամի հետ առեւտրում` 37 տոկոս: ԱՄՆ-ի հետ ակտիվ ապրանքաշրջանառություն չունեցող Հայաստանի մաքսատուրքի չափը 10 տոկոս է: Այս 10 տոկոսը խիստ ոգեւորել է որոշ խոշոր, ինչ-որ իմաստով՝ փայլուն, հանճարեղ տնտեսական գործիչների: Արամ Սարգսյանը, որը նրանց մեջ բացառիկն է, առաջարկում է առիթը բաց չթողնել եւ օգտվել այդ հնարավորությունից: Ահա թե ինչ է գրում մեր օրերի քաղտնտեսության մտքի տիտանը. «ԱՄՆ-ն ՀՀ-ի վրա 10% մաքսատուրք է սահմանել։ ՀՀ-ն ԱՄՆ-ից մոտ է, աշխատուժն էլ՝ ավելի էժան... Սպասարկման ոլորտի կողմնակից մեր իշխանության ուշադրությունն եմ հրավիրում փաստին, որ նշված օրենքի բանալի բառը արտադրությունն է: Ժամանակն է՝ այդ ուղղությամբ բանակցային խումբ ստեղծել ու փորձել բարձր տուրքերով երկրներից դուրս եկող արտադրությունը բերել Հայաստան։ Վստահ եմ, որ Ադրբեջանը եւ Վրաստանն այդ ուղղությամբ արդեն աշխատում են, եւ շատ լավ կլինի, որ մենք առաջ ընկնենք»:
Մարդ կարդում է ու հիանում, կարդում է ու զարմանում, թե որտեղից նման խորաթափանցություն, որտեղից նման փայլուն տնտեսական գիտելիք մեկ առանձին վերցված մարդու գլխում: Բայց, անկախ մեր զարմանքից ու որոշների հիացմունքից, փաստը մնում է փաստ` Արամ Սարգսյանի այս գրառումը հավանել է 1500 մարդ: Նշանակում է, որ սա ոչ թե առանձին վերցված մեկ մարդու մտասեւեռման արդյունք է, այլ հանրային բանականության դեգրադացման համաճարակ, որը խիստ վտանգավոր է, եւ չնկատելու տալ հնարավոր չէ:
Միացյալ Նահանգների նախագահը ներմուծման տուրքեր է սահմանում, որ ոչ թե վերաբաշխի արտադրությունը, ասենք` ԵՄ-ից, Չինաստանից, Հնդկաստանից կամ Վիետնամից այն տեղափոխվի Հայաստան կամ Վրաստան, այլ արտադրությունը տեղափոխվի Միացյալ Նահանգներ: ԱՄՆ իշխանությունը մեծ տուրքեր է սահմանել այն երկրների հետ, ում հետ առեւտրում ունի առեւտրի բացասական հաշվեկշիռ` օրինակ, ԵՄ-ն 400 միլիարդով ավելի է արտահանում ԱՄՆ, քան՝ ներմուծում, Չինաստանը 300 միլիարդով է ավելի արտահանում, քան` ներմուծում: Թրամփի ասածը հետեւյալն է. եթե ուզում եք, որ ձեր ապրանքներն էժան գնով վաճառվեն ԱՄՆ շուկայում, ձեր արտադրությունը տեղափոխեք Միացյալ Նահանգներ, արտադրությունը կազմակերպեք մեր տարածքում` այդ դեպքում կազատվեք տուրքերից: Այլապես ձեր կողմից արտադրված ապրանքները կհարկվեն բարձր տուրքերով, դրանց գինը բարձր կլինի, եւ դրանք մրցունակ չեն լինի ԱՄՆ շուկայում: ԱՄՆ-ն Հայաստանի նկատմամբ ցածր տուրք է սահմանել ոչ թե այն պատճառով, որ Հայաստանին խնայել է, բարի աչքով է նայում, այլ որովհետեւ Հայաստանը, բացի հոնի ու թզի մուրաբայից ու լեչոյից, ոչինչ չունի ԱՄՆ արտահանելու` ո՛չ էլեկտրոնիկա, ո՛չ մեքենաշինության, ո՛չ քիմիական արդյունաբերության եւ ո՛չ էլ այլ տեխնոլոգիական արտադրանք: Թրամփը Ռուսաստանի, Բելառուսի կամ ԿԺԴՀ-ի նկատմամբ ընդհանրապես տուրքեր չի սահմանել, որովհետեւ համարել է, որ այդ երկրները գտնվում են պատժամիջոցների տակ, դրանց հետ առեւտուրը գրեթե զրոյական մակարդակի վրա է, եւ իմաստ չունի չեղած առեւտրի վրա հավելյալ տուրք սահմանել: Չնայած Ռուսաստանի հետ առեւտուր, այնուամենայնիվ, կա, ճիշտ է` Չինաստանի նման 700 միլիարդ չէ, այլ՝ 5 միլիարդ, բայց նույնիսկ այդ 5 միլիարդի վրա նոր տուրք չի սահմանել: Պատճառն էլ այն է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանից ներկրում է հարստացված ուրան՝ իր ատոմակայանների համար, ինչո՞ւ պետք է հարստացված ուրանի վրա տուրք դնի, որ դրա գինը թանկանա` թանկացնելով դրանից արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքը, իջեցնելով ամերիկյան տնտեսության մրցունակությունը: Հիմա պատկերացրեք, որ որեւէ մեկը Ռուսաստանում, Բելառուսում կամ Հյուսիսային Կորեայում հայտարարի` քանի որ ԱՄՆ նախագահը մեր երկրների նկատմամբ տուրքեր չի սահմանել, եկեք Չինաստանում արտադրվող ապրանքները մենք արտադրենք ու հիմա էլ մենք գրավենք ԱՄՆ շուկան:
Նման բան հիշյալ երկրներից որեւէ մեկում տեղի չի ունենա, ոչ մեկը նման բան չի հայտարարի, քանի որ այդ երկրներից որեւէ մեկում չկա Արամ Սարգսյանի խելքի ու մտքի տեր մարդ, չի ծնվել եւ, ի բարեբախտություն այդ երկրների ու դրանց հասարակությունների, չի էլ ծնվի: Եթե ծնվի էլ, ապա հաստատ հանրային դեմք չի դառնա եւ, դրանով հանդերձ, հանրային վտանգավորություն չի ներկայացնի:
Ինչո՞ւ ենք գրում սրա մասին. ինչպես գիտեք, Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը ՔՊ-ի կոալիցիոն գործընկերն է, այս երկու կուսակցությունների համագործակցության արդյունքում է, որ Երեւան քաղաքի ավագանիում մեծամասնություն է ձեւավորվել, եւ «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է փոխքաղաքապետի պաշտոն, որը զբաղեցնում է Արամ Սարգսյանին ոչնչով չզիջող` գուցե գերազանցող Արտակ Զեյնալյանը: «Հանրապետությունն» ունի նաեւ թաղապետեր, համոզված ենք` նույն խելքի տեր մարդիկ: Մի խոսքով, Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատուն նաեւ «Հանրապետություն» կուսակցությունն է: Եվ երբ կարդում եք Արամ Սարգսյանի մտքերը, մի՞թե ձեզ մոտ վախ ու տագնապ չի առաջանում մեր մայրաքաղաքի ճակատագրի նկատմամբ, մի՞թե չեք մտածում, թե ինչ հրաշք է, որ Հայաստանն այսքանից հետո դեռ կա, Երեւանը դեռ գոյություն ունի: Բա այսքանից հետո ո՞նց չհավատաս՝ եթե ոչ հեքիաթին, ապա գոնե՝ հրաշքին: