Քաղաքականություն

«Իդեալական» թակարդ

«Իդեալական» թակարդ

Թվում է՝ Փաշինյանն իդեալական թակարդ է լարել ինչպես Հայաստանի ընդդիմության, այնպես էլ հասարակության համար: Նա ասում է, որ կա՛մ հասարակությունը պետք է ընտրի իր առաջարկած խաղաղությունը, կա՛մ՝ եթե իրեն չի ընտրում, ընտրում է ոչ խաղաղությունը: Ընդ որում՝ Փաշինյանը միտումնավոր «խաղաղությանը» չի հակադրում «պատերազմ» բառը, այլապես կկրկնի 1996 թվականի Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի «Խաղաղություն, թե պատերազմ» թեզը, որով Տեր-Պետրոսյանը հայ հասարակությանը դարձյալ սպառնում էր պատերազմով, եթե չընտրեն իր առաջարկած խաղաղության փուլային տարբերակը: Այն ժամանակ Տեր-Պետրոսյանի առաջարկած խաղաղությունը մերժվեց, եւ նա ստիպված եղավ հրաժարական ներկայացնել: Փաշինյանին թվում է, թե ինքն ավելի շահեկան վիճակում է. նախ կազմակերպեց Հայաստանի պարտությունը, հետո նոր խաղաղության առաջարկ արեց՝ մտածելով, որ պարտված հասարակությանն ավելի հեշտ է խաղաղություն պարտադրելը: Բաց վերադառնանք Փաշինյանի սարքած թակարդին:

Փաշինյանի տրամաբանությամբ՝ ինքն ընդդիմության եւ հասարակության համար մի այնպիսի իդեալական թակարդ է լարել, որից հնարավոր չէ խուսափել, անպայման ընկնելու ես մեջը: Եթե ընդդիմությունը քննադատի իրեն, ինքը դա կարող է ներկայացնել որպես հասարակությանը նոր պատերազմի տանելու կոչ: Իսկ եթե ընդդիմությունն արդարանա եւ ասի, որ կողմ են խաղաղությանը, ինքն էլ կպատասխանի, որ դա հնարավոր է միայն իր իշխանության դեպքում, որովհետեւ խաղաղության գաղափարախոսն ինքն է, ինքն է, որ ամեն ինչ անում է՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար, իր ձեռքին է Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը: Իրեն պետք է հասարակության աջակցությունը, որ այդ նախաստորագրությունը դառնա ստորագրություն: 
Փաշինյանին թվում է, թե սրանով ինքը դառնում է անխոցելի, հասարակության ճնշող մեծամասնությունը, նույնիսկ նրանք, ովքեր մերժում եւ ատում են իրեն, նոր պատերազմի հանդեպ ունեցած վախի ազդեցության տակ գնալու եւ քվեարկելու են իր օգտին, մտածելու են, որ եթե Փաշինյանը չընտրվի, ապա հաջորդ օրը պատերազմ է սկսվելու: Բայց արդյո՞ք իրականում հայ հասարակության շարժիչ ուժը եւ կողմնորոշիչը լինելու է վախը: Եթե մարդիկ իսկապես ուզում են խաղաղություն եւ դեմ են նոր պատերազմին ու պարտությանը, բանականությունը հուշում է, որ դրա համար առաջին հերթին պետք է ազատվել հենց պատերազմի եւ պարտության խորհրդանիշ Փաշինյանից:

Փաշինյանը ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի եւ պարտության խորհրդանիշն է: Նրա իշխանության օրոք Հայաստանի մասնակցությամբ առնվազն երեք խոշոր պատերազմ է եղել, եւ երեքում էլ Հայաստանը խայտառակ պարտություն է կրել: Նրա վերընտրվելու դեպքում պատերազմները շարունակվելու են, շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանն ի վերջո դադարի գոյություն ունենալուց:
Չնայած Փաշինյանը հասարակությանը համոզում է, որ եթե մենք համակերպվենք մեր կրած պարտության հետ եւ չձգտենք հետ վերադարձնել կորցրածը, նոր պատերազմներ եւ նոր կորուստներ չեն լինի, դա բացարձակ անհեթեթ թեզ է: Նորից հիշենք, թե նրա պաշտոնավարման օրոք Հայաստանն ինչպիսի խայտառակ պարտություններ է կրել: Սա պետք է ոչ թե այն պատճառով, որ մենք մազոխիստներ ենք եւ հաճույք ենք ստանում մեր կրած պարտությունները հիշելով եւ հիշատակելով, այլ այն, որ հնարավոր չէ ուղղակի մոռացության մատնել սեփական պատմությունը եւ ազատվել դրա պատասխանատվության բեռից, մանավանդ որ այդ պատմությունը կարող է կրկնվել:

Հայաստանը սկսեց տարածքներ կորցնել Փաշինյանի պաշտոնավարման սկզբի առաջին իսկ օրերից, 2018 թվականի մայիսին, երբ Երեւանում տոնում էր, այսպես կոչված, համաժողովրդական շարժման հաղթանակը, Երեւանի հարեւանությամբ գտնվող Վայոց Ձորի մարզում ադրբեջանցիները տարածքներ էին գրավում հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում: Բայց մենք չենք ուզում կենտրոնանալ նման «մանր» կորուստների վրա: Առաջին խոշոր պարտությունը 44-օրյա պատերազմն էր եւ դրա արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված առաջին կապիտուլյացիան: Երկրորդը 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ին ադրբեջանական լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ, որի արդյունքում Հայաստանը կորցրեց ռազմավարական նշանակության բազմաթիվ բարձունքներ, տարբեր հաշվարկներով՝ 200-500 քառակուսի կիլոմետր տարածք: Դրանից հետո Հայաստանի վարչապետ կոչվող անձը հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրեց երկրորդ կապիտուլյացիան՝ դե յուրե հրաժարվելով Արցախից: Դե ֆակտո հրաժարումը եւ հանձնումը տեղի ունեցան երրորդ պատերազմի եւ երրորդ պարտության արդյունքում:

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը նոր հարձակում իրականացրեց Արցախի դեմ՝ վերջնականապես հայաթափելով եւ բռնազավթելով Արցախը: Կարող են ասել, թե Հայաստանն այդ պատերազմում չի պարտվել, քանի որ դրան չի մասնակցել: Մարտական գործողություններին չմասնակցելն ամենեւին չի նշանակում պատերազմում չպարտվել, եթե թշնամին հարձակվում է քեզ վրա, իսկ բանակը հրաման է ստանում՝ չարձագանքել հարձակմանը, դա դեռ չի նշանակում, որ դու պատերազմի մասնակից չես կամ չես պարտվել պատերազմում: Դա ընդամենը նշանակում է կամավոր հանձնվել թշնամու ողորմածությանը, միանգամից ճանաչել քո պարտությունը, ինչը եւ արեց Փաշինյանը՝ իր հայտնի ուղերձում միանգամից ճանաչելով Հայաստանի պարտությունը: 1940 թվականին Գերմանիան հարձակվեց Դանիայի վրա եւ մի քանի ժամում գրավեց այդ երկիրը, երկրի իշխանությունները բանակին չդիմադրելու հրաման տվեցին, բայց դա չէր նշանակում, թե Դանիան չպարտվեց Գերմանիային կամ չմասնակցեց պատերազմին: Երբ 2023 թվականին ադրբեջանական բանակը հարձակվեց Արցախի վրա, Հայաստանն Արցախի տարածքում ուներ կանոնավոր բանակի զորամիավորումներ, որոնց հրաման է տրվել՝ չմասնակցել պատերազմական գործողություններին, թե ինչ հիմքով է դա արվել, կարող է պարզվել միայն Հայաստանում օկուպացիոն իշխանության հեռացումից հետո: Դրանից հետո փաշինյանական իշխանությունը եւս մեկ կապիտուլյացիոն ակտ ստորագրեց՝ հանձնելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ Տավուշի մարզից:

Այնպես որ, երբ Փաշինյանն ասում է, թե պարտությունը կարող է մեկ հատ լինել, եւ կապիտուլյացիան եւս մեկ հատ է լինում, ինքն ընդամենը մեկ անգամ է պարտվել եւ ընդամենը մեկ անգամ է կապիտուլյացիայի մասին հայտարարություն ստորագրել, նա ուղղակի ստում է: Ստում է նաեւ, երբ փորձում է հասարակությանը համոզել, թե միայն հաղթանակն է լինում մեկ, երկու, երեք, հինգ կամ 10, իսկ պարտությունը լինում է մեկ անգամ եւ վերջնական: Քանի դեռ հայ հասարակությունը չի հանձնվել եւ դիմադրում է, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, նոր պատերազմի վտանգը միշտ լինելու է: Փաշինյանի դեպքում այդ պատերազմի ելքը կանխորոշված է, քանի որ նրա իշխանության օրոք հնարավոր չէ հաղթել, նա պարտության մեծագույն տեսաբան եւ պրակտիկ է: Իսկ հաղթել ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է, բայց նախ՝ Փաշինյանին: Պարտության տեսաբանին եւ պրակտիկին, պարտության խորհրդանիշին պարտվելն ուղղակի զավեշտ կլինի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image