Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն արդեն երեք ամիս է կալանավորված է: «Այսօր լրացավ երեք ամիսը, ինչ հայրս անազատության մեջ է»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց նրա որդին՝ Վահագն Մախսուդյանը: Մախսուդյանը անցնում է Բագրատ սրբազանին եւ մյուսներին առաջադրված մեղադրանքով։ Գնդապետի տեսակցությունները փակել են, նրա հետ տեսակցել կարող են միայն ընտանիքի անդամները:
Միհրան Մախսուդյանը վերջին պատերազմի ժամանակ կոնտուզիա է ստացել, մեջքի շրջանում նյարդային բորբոքումներ ունի, սակայն հիմա միայն ներարկումներ են անում, հիվանդանոց չեն տեղափոխել:
«Զուտ սրսկում են ցավազրկելու համար: Դիմել ենք, որ հիվանդանոցային բուժում անցնի, բայց հավանաբար կմերժեն»,-ասում է Վահագն Մախսուդյանը: Իր հոր կալանավորումը որդու սպասելի է եղել, գիտեին, որ ինչ-որ շինծու հոդվածով Միհրան Մախսուդյանի հետևից էլ կգան:
«Ինձ կալանավորեցին, մտածելով, որ ինքը կլռի, բայց բան չփոխվեց, հասկացան, որ ինքը չի լռի, դրա համար էլ իրեն կալանավորեցին: Կոպիտ ասած, իմը փորձ էր, տեսան չի աշխատում՝ իրեն էլ կալանավորեցին»,-ասաց Վահագն Մախսուդյանը: Կրտսեր Մախսուդյանն էլ դեռևս վարչական կալանքի տակ է՝ մեղադրվում է մասսայական խուլիգանության կազմակերպման մեջ։ Կիրանցի ակցիաների ժամանակ ԵԿՄ-ի ավտոմեքենայով մարդկանց վրա քշելու միջադեպին գրեթե մեքենայի տակ է ընկել, բայց պատասխանողի դերում ոչ թե ԵԿՄ-ի մեքենան վարողն է, այլ ինքը:
Հայաստանում արդարադատության հանդեպ հավատն էլ են կորցրել․«Այս պարագայում ոչ մի արդարադատության չենք սպասում՝ 18 հոգի ենք, բոլորիս նույն հոդվածով, տարբեր իրավիճակներով, տարբեր հիմքերով ձերբակալել են, բայց ոչ մեկինը չեն ապացուցել՝ հիմք էլ չկա ապացուցելու: Իրենը իր որսորդական զենքն են պատճառ բերում: Քննիչին ասում եմ՝ 30 տարվա գնդապետ է՝ 15 տարեկանից պատերազմի մեջ է եղել, քո տարիքի չափ խրամատում է եղել, որսորդական զենքն ի՞նչ է, որ չունենա: Թուղթը բերեցինք այդ որսորդականի, ասեցին․ մեկ է, պետք է առգրավենք: Բայց հայրս ասում է, որ պայքարել է իր ժողովրդի համար, իր հողի հանձնելուն է դեմ գնացել, չի մտափոխվել, ով որ իմ հողը հանձնի՝ իրենց դեմ եմ կանգնելու, ամբողջ կյանքս պայքարել եմ այս պետականության, այս հողի համար՝ մինչև վերջին շունչս էլ պայքարելու եմ՝ սա ասաց ինձ այսօր հայրս»,- Միհրան Մախսուդյանի խոսքերը փոխանցեց որդին:
Մախսուդյանը շեշտել է՝ ազատության մեջ լինի, թե անազատության՝ իր դիրքորոշումը չի փոխելու:
«Ամբողջ կյանքը պայքարել է իր երկրի, պետականության, անկախության համար ու պայքարելու է մինչև վերջ: Մեզ համար էլ է վիրավորական, հորեղբայրս երիտասարդ տղա է եղել՝ այդ հողի համար է զոհվել, պապս երիտասարդ տղամարդ է եղել՝ այդ հողի համար է զոհվել, այսօր բռնում են Ադրբեջանի դրոշն են խփում այդ հողում ու ասում են՝ ադրբեջանական է: Բա էդ մարդիկ ինչի համար են զոհվել»,-հարցադրում է անում Մախսուդյանը: