Քաղաքականություն

Մարդ, որ զգում է՝ «աջալը եկել է», կվատանա էլ, կդիվոտի էլ

Մարդ, որ զգում է՝ «աջալը եկել է», կվատանա էլ, կդիվոտի էլ

Կներեք, իսկ ապացույցներ կա՞ն, որ Նիկոլ Փաշինյանը բուժզննում է անցել «Նաիրի» ԲԿ-ում: Ապացույցներ՝ ինչպես բուժզննում անցնելու, այնպես էլ բուժզննումը հատկապես «Նաիրի» ԲԿ-ում անցնելու հետ կապված: Օրինակ, ես չեմ հավատում: Եթե ինձ ասեիք՝ Արարատ Միրզոյանը կամ Ալեն Սիմոնյանն են «Նաիրիում» բուժզննում անցել, գուցե հավատայի, բայց Նիկո՞լը… Ձեւ չի: Ոչ մի երկրի ղեկավարի այնպես չեն տանում հիվանդանոց, որ հետո էշ-էշ բռնվեն, տեսնող լինի եւ հազար ու մի բան մտածի իր երկրի ղեկավարի մասին: 

Սիրտն ա վատ, ճնշումն ա բարձրացել, լուծ ա, թունավորվել ա… Լավ բանի համար հիվանդանոց հո չե՞ն գնում: Նազելին, թե՝ վարչապետը տարեկան բուժզննում է անցել, անալիզները մաքուր են, իրեն լավ է զգում, շարունակում է աշխատել իր ռեժիմով: Սուտ է: Հնարավոր է, որ իրեն լավ է զգում, բայց դա «Նաիրի» ԲԿ-ում բուժզննում անցնելու «սլիվի» հետ կապ չունի: Նիկոլի համար ուրիշ բան են նախապատրաստում: Ես դա զգում եմ: Հակառակ պարագայում Նիկոլի բուժզննումը կարող էին իրականացնել կառավարության դաչաներում (չար աչքից հեռու), կամ դա աներ նրա անձնական բժիշկը (չար ականջից հեռու): Երբեւէ լսե՞լ եք, որ հայտարարեն, թե Ալիեւը բուժզննում է անցել: Պուտինը, Լուկաշենկոն… Բրեժնեւը մինչեւ իր կյանքի վերջին օրը գոնե մեկ անգամ Սկլիֆոսովսկու անվան ԲԿ չի այցելել: Ստալինի ատամնաշարը (պրոթեզ) պատրաստել, հետո փորձարկել են նրա աշխատասենյակում: Այդ մասին ոչ ոք չէր իմանա, եթե Ստալինը չհրամայեր գնդակահարել իր անձնական ատամնատեխնիկին, որ նեղ շրջապատում պատմել էր, թե որքան քմահաճ ու անհասկացող պացիենտ է առաջնորդը: «Ես նրա համար թեթեւ նյութերից ատամնաշար էի պատրաստել, իսկ նա պահանջեց, որ ատամները պողպատից լինեն: Պիտի տեսնեիք, թե կզակն ինչպես կախվեց պողպատի ծանրությունից»,- ասել էր հարիֆն ու երկրորդ օրը հայտնվել մայրաքաղաքից ոչ այնքան հեռավոր վայրերում, որտեղ էլ գնդակահարել էին: 

Հիմա եկել, ինձ պատմում եք, որ Նիկոլի նման մեկը օրը ցերեկով գնացել է հիվանդանոց եւ բուժզննո՞ւմ անցել: Կարող էիք ասել՝ «Նաիրի» ԲԿ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվել, կարող էիք ասել՝ իր աշխատակազմի եւ խոսնակի զգոնությունն է ստուգել, կարող էիք վերջապես ասել՝ մի ամիս հետո Մոսկվա պիտի գնա՝ պատճառ է փնտրում չգնալու… ամեն ինչ կարող էիք ասել, բայց երբ ասում եք` իր ոտով վեր է կացել գնացել բուժզննման՝ չեմ հավատում: Ե՞ս էի Արծրունի հետ հեծանիվ քշում… Եվ, ուրեմն, էդ ի՞նչ գրող կպավ նրան, որ վազեց բուժզննության:

Գյումրին ա ազդել… Գյումրու ընտրությունների արդյունքներից ով ասես՝ կվատանար: Բայց, արդյոք, այնքա՞ն վատ էր, որ չկարողացավ քաղաքական կամք դրսեւորել եւ պահել իր «շանսատակ» եղած թիմի պատիվը: Չգիտեմ, եղբայր, իմ ուղեղում չի տեղավորվում, որ երկրի վարչապետը վատանա, տանեն հիվանդանոց եւ այդ մասին հայտարարեն ամբողջ աշխարհին: Ով ասես՝ չիմացավ, որ Նիկոլը վատ ա: Պուտինն էլ իմացավ, Նիկոլի արեւմտյան տիկնիկավարներն էլ իմացան, Ալիեւը, Էրդողանը: Այս միջադեպով Նիկոլը մեսիջներ չի՞ հղում, արդյոք, ուր որ անկ է: Իմանալով Նիկոլի՝ հիվանդանոց ընկնելու մասին, անգլիացիներն իրենց քաղաքացիներին հորդորեցին չայցելել Ադրբեջանի արեւմտյան շրջաններ՝ Ֆիզուլի, Ջեբրայիլ, Լաչին… Ավելի ստույգ՝ Սյունիքի, Ջերմուկի, Վայքի հետ սահման, որը դեռ չի սահմանազատվել ու սահմանագծվել: «Նաիրի» ԲԿ-ում Փաշինյանը, պատահաբար, չի՞ խոստովանել, որ ինքնազգացողությունը վատացել է հայ-ադրբեջանական սահմանին լսվող կրակոցներից:

Մեկ էլ ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս «Ալմա-Աթայի հռչակագրով» հաստատված ՀՀ նոր քարտեզ է նվեր ստացել Ադրբեջանից: Խոսքն Արմավիրում «Կրթվելը նորաձեւ է» թոք-շոուի ժամանակ ցուցադրված քարտեզի մասին է, որի վրա Գեղարքունիքի մի մասը, Ջերմուկը, Վայքի մի հատված եւ ամբողջ Սյունիքը ներկված են տարօրինակ գույներով՝ ՀՀ մնացած մասի համեմատ շատ բաց, համարյա՝ սպիտակ: Կարո՞ղ էր, արդյոք, այդ քարտեզից վատանալ հայոց կրթապետ ռահվիրայի ինքնազգացողությունը: Կարող էր: Մարդ, որ զգում է՝ «աջալը եկել է», կվատանա էլ, կդիվոտի էլ, ումից ասես՝ փրկություն կաղերսի: Պարզապես խոսքն այստեղ սովորական մարդու մասին չէ, Նիկոլի մասին է՝ դավաճանի, կապիտուլյանտի, ստահակի, աճպարարի եւ համաշխարհային ստախոսի:
Իսկ դուք ասում եք՝ տարեկան բուժզննում… Չեմ հավատում: Վաղն էլ ասելու եք՝ մեկնել է արտասահման՝ հետազոտություն անցնելու... Կտանեք ու էլ չեք բերի: ԱԱԾ-ում կրթվելը միշտ նորաձեւ է: Ճիշտ չե՞մ ասում, պարոն Աբազյան: Դե կրթվեք, կրթվեք…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image