Տնտեսություն

«Հրապարակ»․ Նոր շուկա մտնելը դյուրին գործ չէ, կարող է տարիներ տեւել

«Հրապարակ»․ Նոր շուկա մտնելը դյուրին գործ չէ, կարող է տարիներ տեւել

Հայկական ալկոհոլային խմիչքների՝ Ռուսաստան արտահանման շուրջ ամիսներ առաջ սահմանված սահմանափակումները շարունակում են ազդեցություն ունենալ ոլորտի վրա՝ լուրջ խնդիրներ ստեղծելով արտահանողների համար։ Կառավարությունն ընկերությունների համար աջակցության ծրագրեր է նախատեսում` հայտարարում է, որ կսուբսիդավորի արտահանված ապրանքները, սակայն արտահանման նոր շուկա գտնելու հարցում արտադրողը ռեալ աջակցություն չի ստանում։

«Հրապարակի» հետ զրույցում ՄԱՊ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը հայտնեց, որ այս պահին իրենց ընկերությունը դեպի Ռուսաստան կարողանում է գինի եւ կոնյակ արտահանել։ «Մենք խոչընդոտ չունենք, կան որոշ ընկերություններ, որոնք ունեն նման խնդիրներ, այսինքն՝ խնդիրը ոլորտային չէ։ Նախորդ տարի մենք Վրաստանի հետ կապված խնդիր ունեինք, որ վրացական կողմն անտեղի կանգնեցնում էր, ստուգումներ իրականացնում, հետո Լարսի հետ կապված խնդիրներ կային, սակայն դրանք մանիպուլյատիվ խնդիրներ էին եւ ոլորտի հետ կապված չէին, այսինքն՝ մեր դեպքում քաղաքական կոմպոնենտ չկար եւ հիմա էլ չկա մեր ընկերության գինու եւ կոնյակի մասով»։
Պետրոսյանը նշեց, որ պետական բոլոր ծրագրերից օգտվում են․ «Ես եկել էի էկոնոմիկայի նախարարություն` աջակցման ծրագիր ունեն, եկել էի դրա մասով ծանոթանալու։ Մեր գործառույթներով մենք համապատասխանում ենք պետական աջակցության բոլոր ծրագրերին, ինչ ծրագիր կա՝ ոլորտին պետք եկող, մենք շահառու ենք։ Հիմա նոր ծրագիր ունի պետությունը, որ ամեն արտահանում սուբսիդավորում է։ Ծրագիրը մեկ ամսով էր՝ հունիսին էր վերաբերում եւ ավարտվում էր արդեն։ Այսինքն, հունիսին որքան արտահանում իրականացնում ես, հաշվետվություն ես տալիս նախարարություն եւ ստանում ես համապատասխան չափով աջակցություն։ Սա նաեւ Ռուսաստան արտահանմանն է վերաբերում»։

Նրա խոսքով, նոր շուկաների փնտրտուքը միշտ եղել է ու կա․ «Էնպես չէ, որ մեզ հորդորում են, նոր մենք նոր շուկաներ ենք փնտրում, բայց նոր շուկա մուտք գործելը դյուրին գործ չէ, կարող է տարիներ տեւել՝ մինչեւ առաջին պայմանագիրը, դրանից հետո տարիներ տեւի այդ պայմանագիրը մեծացնելը, ընդլայնելն ու զարգացնելը ե՛ւ տեսականիով, ե՛ւ քանակով։ Այսինքն, դա անվերջ պրոցես է, բայց պետության վերջին ծրագիրը եթե լինի երկարաժամկետ, թույլ կտա մեզ, որ մենք էլ մեր հերթին ավելի ճկուն գնային քաղաքականություն վարենք մեր ապագա գործընկերների հետ։ Հիմա ծրագիրը 1 ամսով է, պատկերացրեք՝ 1 ամսով օժանդակություն կա, մինչեւ դու զանգես մեկին, ամիսը, կոպիտ ասած, վերջանում է, այսինքն՝ դու չես էլ հասցնում ինչ-որ բան անել, բայց եթե գիտես, որ մոտակա վեց ամիսը կամ մի տարին նման ծրագիր կա, որից կարող ես օգտվել, սկսում ես դրան համապատասխան քո առաջարկները ձեւավորել նոր շուկաներում։ Իմ տեղեկություններով, ուզում են այս ծրագիրը եւս մեկ ամսով երկարացնել, բայց դեռ չի երկարացվել»։

Հարցին, թե այս տարի խաղողի մթերում իրականացնելո՞ւ են, Պետրոսյանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ ես նույն ծավալս կկարողանամ պահպանել, ինչ ծավալով որ մթերել եմ նախկինում, իհարկե, մի քիչ վաղ է այդ մասին խոսելը, բայց կարծում եմ, որ 10-15 տոկոսի չափով ավել կամ պակաս, բայց մթերում կիրականացնենք։ Տարեկան 18-27 հազար տոննա խաղող ենք մթերել տարբեր տարիներին եւ մթերում իրականացնում ենք անմիջապես գյուղացուց՝ առանց միջնորդ կազմակերպությունների»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image