Հասարակություն

Իրանից արդեն գալիս են Հայաստան. Մեղրիում և Ագարակում հյուրատները գրեթե լցված են

Իրանից արդեն գալիս են Հայաստան. Մեղրիում և Ագարակում հյուրատները գրեթե լցված են

Վերջին օրերին նկատվում է Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի զգալի աճ։ Hraparak.am-ի տեղեկություններով` Սյունիքում` մասնավորապես Մեղրի և Ագարակ քաղաքներում գործող հյուրատների մեծ մասը գրեթե լեցուն է։

Տեղեկությունը հաստատեցին նաև Մեղրիի համայնքապետարանից` ասելով, որ այս օրերին քաղաքի հյուրատները սովորականից շատ են ծանրաբեռնված։ Տուրիստական գործակալություններից հաստատում են, որ հոսքը պայմանավորված է տարածաշրջանում աճող ռազմական լարվածությամբ։

Անվտանգության նկատառումներով Իրանի որոշ քաղաքացիներ նախընտրում են ժամանակավորապես լքել երկիրը։ Տարածվող տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի հետ չդադարող բախման հավանականությունը գնալով բարձրանում է, և այդ ֆոնին շատերը փնտրում են ժամանակավոր ապաստան՝ առավել ապահով վայրերում, այդ թվում՝ Հայաստանում։

Տուրիզմի ոլորտի մասնագետները նշում են, որ հատկապես Սյունիքի մարզում՝ մասնավորապես Մեղրիում և Ագարակում հյուրանոցային համարների ճնշող մեծամասնությունը արդեն ամրագրած է։ Ի դեպ, Գյումրիում ևս նկատվում է զբոսաշրջիկների շարժի աշխուժացում, բայց հանրապետության երկրորդ քաղաքում Իրանի քաղաքացիների թիվը զգալի չէ։

«Նման հոսք մենք տեսել էինք միայն տարածաշրջանային լուրջ լարվածության օրերին։ Մարդիկ գալիս են, որովհետև Հայաստանը համարվում է համեմատաբար հանգիստ գոտի, իսկ մեր երկիրը նրանց համար և՛ հասանելի է, և՛ մոտ», —hraparak.am-ի հետ զրույցում ասաց զբոսաշրջության ոլորտի մասնագետ Արմինե Մկրտչյանը։

Մեզ հետ զրույցում մաքսատան աշխատակիցներից մեկն էլ խնդրեց անունը չնշել, բայց հաստատեց, որ արդեն երկու օր է` օրական մոտ 200 իրանցի է հատում սահմանը և մուտք գործում Հայաստան՝ հիմնականում զբոսաշրջային և անձնական նպատակներով։ Այս ցուցանիշը, ըստ նրա, վերջին օրերին նկատելիորեն աճել է։

Իրանահայ Ռուբինան, որը կապ հաստատեց մեզ հետ Թեհրանից, պատմեց, որ ինքն էլ պատրաստվում է Հայաստան գալ՝ իր դստեր հետ․ «Ես գոնե Կոտայքի մարզում հայրական տուն ունեմ, մի առ ժամանակ կհյուրընկալվենք ծնողներիս։ Բայց եթե ամուսինս էլ որոշի դուրս գալ Թեհրանից, գա Հայաստան,  արդեն  կացության կամ բնակարան վարձելու խնդիր կառաջանա»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ թաղամասը, որտեղ իրենց տունն է, չի ռմբակոծվել, բայց ամենօրյա սարսափն ու վախը ստիպում են օր առաջ լքել տեղանքը։

Թե որքան կշարունակվի այս հոսքը և ինչ ազդեցություն կունենա տեղական շուկայի վրա, դեռ վաղ է ասել։ Սակայն ակնհայտ է, որ ռազմական լարվածությունը տարածաշրջանում արդեն անդրադառնում է ներգաղթի և տուրիզմի ոլորտների վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image