Քաղաքականություն

Փաշինյանի համար պայքարը շարունակվում է

Փաշինյանի համար պայքարը շարունակվում է

Զելենսկու համար, օրինակ, ոչ ոք չի պայքարում: Բոլորը գիտեն, որ նա Արևմուտքի մարդն է և վերջ: Այդ մասին գիտի նաև Զելենսկին: Եվ դա է պատճառը, որ նա իր երկրի խորհրդարանին չի հրահանգում ԵՄ-ին անդամակցության լսումներ կազմակերպել, ԵՄ դրոշ փռել ամբիոնին, ռուսական «գալոշ» թափահարել և այլն: Փոխարենը ամեն ինչ նույնքան պարզ չէ Փաշինյան Նիկոլի պարագայում: Մոսկվայից մինչև Պեկին, Պեկինից մինչև Թեհրան և Թեհրանից մինչև Վաշինգտոն գովեստով են խոսում Փաշինյանի մասին, անգամ Բաքուն ու Անկարան են մեծարում նրա «ղեկավար» տաղանդը: Շշմելու բան է: Փաշինյանի պարագայում քաղաքագիտությունը, որպես «հավայի» գիտություն, ընկած է մի անկյունում: Այդ դիսցիպլինը Նիկոլի ֆենոմենի հետ կապված որևէ բացատրություն չունի:

Եվ ահա, Մոսկվայից մինչև Պեկին, Պեկինից մինչև Թեհրան, Թեհրանից մինչև Բրյուսել և Բրյուսելից մինչև Վաշինգտոն պայքարում են Նիկոլ Փաշինյանի համար: Պեսկովին քնից արթնացնում ես՝ ասում է Փաշինյանը մեր դաշնակիցն է, Պեկինից հայտարարում են, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ ընդհուպ անվտանգության և ռազմարդյունաբերության մակարդակով, Իրանի հոգևոր առաջնորդն ընդունում է Փաշինյանին որպես եղբայրական երկրի առաջնորդի: Մակրոնի մասին էլ չեմ խոսում, որովհետև նա Փաշինյանին թույլ է տվել իր հետ «դու»-ով խոսել և դիմել անունով՝ Էմանուել:

Ինձ հետաքրքրող հարցն էլ հենց սա է՝ այդ ինչի՞ց է, որ Զելենսկուն ընդունում է միայն Արևմուտքը, իսկ Փաշինյանին՝ բոլորը, ընդ որում մեկը մյուսից ավելի ջերմ: Ավելի խայտառակ բան ասեմ: Փաշինյանը նույն բովանդակությամբ երկու լուսանկար ունի, երկուսն էլ հովանոցի տակ: Լուսանկարներից մեկում նա Պուտինի հովանոցի տակ է, մյուսում՝ Մակրոնի: Սիրելի քաղաքագետներ, մեկնաբանեք, խնդրեմ:

Իսկ հիմա ավելի թարմ բաներից խոսենք: Բոլորը գիտեն, որ Փաշինյանն ուր գնում է, մի աղետ պատահում է: Մեկնել էր Թեհրան՝ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու: Նրա այցի կապակցությամբ էր, թե ինչ, Թեհրանում անխուսափելիորեն սպանվեց ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդը, և Իրանն ու Իսրայելը կրկին հայտնվեցին պատերազմի եզրին: Իրանի հոգևոր առաջնորդը, իմանալով հանդերձ, որ Փաշինյանը «բեխեր» ոտք ունի, այնուամենայնիվ, պատիվ արեց, ընդունեց նրան: Ասեմ, որ շատ լավ հանդիպում տեղի ունեցավ: Իրանի հոգևոր առաջնորդը ևս մեկ անգամ խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, Նիկոլին բացատրեց, որ դա վնաս է Հայաստանին և հավաստիացրեց աշխարհին, որ Իրանն այդ հարցում մնում էր իր դիրքորոշմանը: Փաշինյանին այլ բան չէր մնում անել, քան իր հերթին հավաստիացնելը, որ Հայաստանը արտատարածքային միջանցք տալու մտադրություն չունի: Եվ իրանի հոգևոր առաջնորդը, ինձ այդպես թվաց, այդ խոսքերից հետո սկսեց Փաշինյանին ավելի սիրել:

Փաշինյանի՝ Իրան կատարած այս աշխատանքային այցին (նա ընդհատել էր արձակուրդը և հեծանիվ քշելը), պարզվեց ուշիուշով հետևում էին ԱՄՆ-ում, և, բնականաբար, խանդում, որ Նիկոլն այդպիսի ընդունելության է արժանացել Թեհրանում: Եվ Վաշինգտոնում որոշեցին ավելի բարձր խոսել Նիկոլի հանդեպ իրենց սիրո մասին: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը ոչ դես, ոչ դեն՝ հայտարարեց. «ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը, դեպի որոնց առաջնորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: Ինչպես տեսնում եք՝ Վաշինգտոնի սերն առ Փաշինյան էականորեն տարբերվում է մյուսների սիրուց: Վաշինգտոնը Փաշինյանին միշտ ինչ-որ խիզախությունների է դրդում, ինչը չեն անում Մոսկվայից կամ Պեկինից: Եթե հիշում եք, ժամանակին Բոլթոնը դա արեց՝ Փաշինյանին դրդելով 2018թ. դեկտեմբերի արտահերթ ընտրությունների: Ասել է, թե Վաշինգտոնին ավելի դուր է գալիս Փաշինյանի խիզախ տեսակը: Խիզախիր և տուր տարածքները, խիզախիր և հանձնիր Ղարաբաղը, խիզախիր և բարեկամություն արա Էրդողանի և Ալիևի հետ, չվախենաս, Նիկոլ, խիզախիր, մի քիչ է մնացել, մի հատ էլ որ խիզախես ու միջանցքը տաս, ամեն ինչ OK կլինի: Այսքանով հանդերձ տարօրինակ կարող է թվալ՝ այդ ինչու է Վաշինգտոնը անդրօվկիանոսյան այդքան մեծ սիրով սիրում Փաշինյանին: Փաշինյանն ուր, Վաշինգտոնն ուր…

Բայց եկեք դարձյալ լսենք Ջեյմս Օ'Բրայենին. «2020-ի պատերազմից երկար տարիներ առաջ և դրանից հետո ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության երաշխավորն էր, սակայն նա ձախողեց, թիկունք դարձրեց, երբ Ադրբեջանը վերագրավեց Լեռնային Ղարաբաղի  շուրջ տարածքները: Դա հանգեցրեց հարաբերությունների խիստ խզման, Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռվանալ ՌԴ-ից: Իսկ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դա տեղի ունենա»: Սա էլ՝ Նիկոլի հանդեպ ամերիկյան սիրո գաղտնիքը:

Սերը, որպես կատեգորիա, միակողմանի լինել չի կարող: Սա աքսիոմ է: Հետևաբար պետք է ընդունել, որ Նիկոլն էլ փոխադարձաբար է սիրում բոլորին: Այլապես ոչինչ չէր ստացվի, և Նիկոլի «երկրպագուները» կուտեին իրար: Եվ Նիկոլը ոչ մեկին «չէ» չի ասում: Նա հիմար չէ, որ գնա Զելենսկու ճանապարհով ու երկու օրում բացահայտվի: Որ ասեմ՝ խորամանկ է, խորամանկ էլ չէ: Նա ավելի շուտ «ջոկող» է, նրան այս վիճակը դուր է գալիս. Հայաստանում բոլորը թքում-մրում են, իսկ դրսում՝ սիրում, փայփայում և պահպանում: Ուստի ո՞վ ենք մենք՝ հայերս, որ հանկարծ հանդգնենք խանգարել Նիկոլի մեծ սիրուն: Բա պարզ չէ՞, որ մեզ վրա ոստիկանությանն էլ քսի կտա, դատախազությանն էլ, ԱԱԾ-ին էլ, տեղը գա՝ բանակն էլ: Ո՞վ պետք է ձեռքը բռնի:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image