Այս կիրակի` դեկտեմբերի 28–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատարագի մասնակցել Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին հարցրեցինք, Փաշինյանի հետ կմասնակցի՞ արդյոք պատարագի. «Այո մասնակցելու եմ, քանի որ արդեն 2 տարի է, 2024-25թթ.-ին ես Գառնի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորն եմ: Երկրի վարչապետն է մասնակցում, բնականաբար, որպես Կոտայքի մարզպետ կդիմավորեմ եւ կմասնակցեմ պատարագին մեծ սիրով»:
Եթե Փաշինյանի կողմից հրահանգ իջեցվի` գնալ Էջմիածին եւ Վեհարանը ազատել կաթողիկոսից, կգնա՞ք. «Մեր իշխանության յուրաքանչյուր անդամ, կարող եմ ասել, որ բոլորը կփաստեն սա, բայց ես իմ անունից խոսեմ, անկեղծ` իմ համար Վեհափառ չի, որովհետեւ ես համարում եմ, որ երկար ժամանակ մենք կաթողիկոս չունենք, քանի որ իր գործողություններն են դա ապացուցում: Այո՛, ցանկացած գործողություն օրենքի շրջանակներում, որը կնպաստի կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող մարդու գնալուն, հեռանալուն կմասնակցեմ, օրենքի շրջանակներում, առանց որևիցէ այլ բան մտածելու»:
Ձեր երեխաները կնքվա՞ծ են. «Այո, իմ երեխաներ կնքվել են Գառնի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Բանակ գնալուց առաջ տղաս կնքվել է, բնականաբար, աղջիկս էլ՝ հետը: Այդ ժամանակ եկեղեցին, թե հիմա եկեղեցին նույն արժեքը ունի, բայց եկեղեցու սպասավորներին, այն ժամանակ էլ չեմ ընդունել, հիմա էլ՝ չեմ ընդունում»:
Նախկինում` համայնքապետ աշխատած տարիներին էլ չե՞ք ընդունել եկեղեցու սպասավորներին. «Որոշ սպասավորների ընդունել եմ, որոշ սպասավորներին, անկեղծությամբ եմ ասում` նույնիսկ բարեւն եմ ափսոսել տալ: Շփում ունեցել եմ, եւ հասկացել եմ, որ իրենց մեջ էլ կան նորմալ հոգեւոր սպասավորներ: Քանի որ մենք Հայաստանյայց Առաքելական եկեղեցին համարում ենք մեր սրբությունը, կարծում եմ նաեւ դրա մեջ գտնվող արատավոր երեւույթների մաքրմանը մասնակցություն ունենանք»:
Ի՞նչ ձեւով. «Այս պայքարով, իրերն իրենց անուներով կոչելով: Օրինակ, որ բարձրաստիճան հոգևորականը կարող է սպասարկի այլ պետության շահերը: Կաթողիկոսի եղբայրը, ով թեմի առաջնորդ է, ու ակնհայտ է, որ օտարերկյա գործակալ է` փաստաթղթեր էլ հրապարակվեց, եւ իրենց գործողություններից էլ այդ ամեն ինչը պարզ, հստակ երեւում է: Ի պաշտոնե չի, որ այս դիրքորոշումը ունեմ, այս դիրքորոշումը միշտ եմ ունեցել, ուղղակի պահն է եկել բարձրաձայնելու»: