Քաղաքականություն

Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Աշխարհը կանգնած է նոր համաշխարհային պատերազմի շեմին։ Գուցե այդ պատերազմն արդեն ընթանում է՝ առանց պաշտոնական հայտարարության։ Խելագարված աշխարհի տարբեր ծագերում պատերազմները հերթով բռնկվում են, մարում, ապա նորից բորբոքվում՝ ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական, հնդկա-պակիստանյան... Կարճատեւ, բայց աղմկոտ ռմբակոծումներ, մշտական լարվածություն։ Աշխարհը կարծես խելագարվել է։ Կանգ առնելու կոչերը չեն լսվում կամ խլանում են զենքերի աղմուկի մեջ։ Միջազգային կառույցները կորցնում են իրենց ազդեցությունը, աշխարհակարգը ճաք է տալիս։ «Խաղաղության խորհուրդ» անունով արհեստածին կազմակերպություն է ստեղծվում, մինչդեռ պատերազմները շարունակվում են։ Մեծերը վերաձեւում են աշխարհը, ժողովուրդները՝ տառապում, տնտեսությունները՝ կործանվում:

Հայ ժողովուրդն էլ դիտորդի դերում չէ։ Աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր պատերազմ առաջին հերթին անդրադարձել է մեզ վրա։ Մեզ համար պատերազմը տեսական հասկացություն չէ, այլ ապրած պատմություն՝ ցեղասպանություն, հայրենազրկում, կոտորածներ, կիսված հայրենիք, Արցախ։ Աշխարհն օր-օրի նոր, վտանգավոր փուլ է մտնում՝ համաշխարհային քաոսի փուլ։ Պատերազմները մե՛կ մարում են, մե՛կ նոր ուժգնությամբ բռնկվում, առանց հստակ սահ­մանների։ Աշխարհը կարծես կորցրել է ինքնապահպանման բնազդը։ Իսկ փոքր ազգերի համար ամենամեծ վտանգը ոչ միայն պատերազմն է, այլեւ սխալ կողմնորոշումը։ Միջազգային կառույցները քայքայվում են։ ՄԱԿ-ը թուլացել է, եվրոպական միասնականությունը ճաք է տալիս, առաջ են մղվում արկածախնդիր, անհասկանալի նախաձեռնություններ։ Այդ ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս «խաղաղություն» անունով ծրագրերով, որոնք ոչ միայն խաղաղություն չեն բերում, այլեւ խորացնում են քաոսը։ Գրենլանդիա, Կանադա, Պանամայի ջրանցք, Վենեսուելայի հարստություններ… ցանկությունների անվերջ ցանկ՝ կայսրական մոլուցքով։

Եվ ահա՝ այս խելագարության մեջ Հայաստանը ոչնչով չարդարացված, մինչեւ վերջ չհստակեցված նպատակներով, փորձում է հայտնվել Թրամփի գրկում՝ դառնալ նրա Խաղաղության խորհրդի անդամ։ Խորհուրդ, որի անդամ 200 պետություններից մոտ 20-ն են երկրորդական, կախյալ, ավտորիտար ռեժիմներով կառավարվող երկրներ։ Սա ոչ թե դիվանագիտություն է, այլ՝ քաղաքակրթական շեղում, շփոթ։ Սա եվրոպական արժեքներից փաստացի հրաժարում է՝ այն նույն Եվրոպայից, որը, որքան էլ թերի ու երկիմաստ, այնուամենայնիվ, կառուցված է իրավունքի, հավասարակշռության, կայուն զարգացող ժողովրդավարական սկզբունքների ու մտածողության վրա։ Եվ Եվրոպան չի ընդունում Թրամփի ձեռնածությունները՝ լավ հասկանալով դրանց կարճ կյանքն ու վտանգավոր հետեւանքները։
Մենք ինչի՞ ենք ձգտում։ Ի՞նչ ենք շահելու՝ կանգնելով մեկի կողքին, որի ծրագրերն այսօր կան, վաղը չկան։ Ինչպե՞ս ենք ապահովելու մեր երկրի անվտանգությունը՝ «փակուղում հայտնված» մի խումբ պետությունների շարքում։

Աշխարհը պատերազմի թոհուբոհի մեջ է։ Բայց հայ ժողովուրդը միշտ առաջինն է զգացել մեծերի խաղերի հետեւանքները՝ ցեղասպանությամբ, հայրենազրկմամբ, պետականության կորստով։ Այսօր էլ այդ օրենքը չի փոխվել։ Ռուս-ուկրաինական պատերազմն այս քաոսի միայն մի դրսեւորումն է։ Առանցքն այն է, որ աշխարհում ուժի լեզուն կրկին դառնում է որոշիչ։ Եվ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ թեթեւամտություն, կողմնորոշման խառնաշփոթ, կարճաժամկետ քաղաքական շահարկումներ։ Մենք դրա հետեւանքները տեսանք Արցախում։ Դա պիտի դաս լիներ։ Բայց արդյո՞ք դարձավ։

Այսօր Հայաստանի գլխավոր վտանգը ոչ միայն արտաքին ճնշումն է, այլեւ ներքին անլրջությունը, երբ երկրի ղեկավարը պատերազմի ու գոյության այս կռվում ոչ թե բանակն է ուժեղացնում, անվտանգության համակարգը վերակառուցում, փորձառու ու իմաստուն մարդկանց լսում, այլ անիմաստ ու պիղծ պատերազմ է սկսում Եկեղեցու դեմ։ Պատերազմը դռան առաջ է, իսկ նա մեր խորհրդանիշների դեմ է կռվում։ Աշխարհը վերաձեւվում է, իսկ մենք թմբուկ ենք զարկում։ Ինչո՞ւ պետական որոշումները չեն ծնվում խորքային վերլուծությունից, այլ՝ պահի տրամադրությունից։

Պատերազմները ոչ մի ժողովրդի օգուտ չեն բերել։ Առավել եւս՝ փոքր, խոցելի, թշնամիներով շրջապատված ազգերին։ Հայ ժողովրդի համար խաղաղությունը ոչ թե կարգախոս է, այլ՝ գոյության պայման, բայց խաղաղությունը չի կառուցվում խաբուսիկ դաշինքներով, «կարճաշունչ» առաջնորդների ծրագրերով, աշխարհաքաղաքական արկածախնդրությամբ։ Այո, Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Դա ընտրություն է ոչ թե Արեւմուտքի կամ Արեւելքի, այլ՝ խելքի եւ անմտության, իմաստնության եւ մոլուցքի, պետականության եւ ինքնախաբեության միջեւ։ Այսօրվա աշխարհում հայերիս ամենից առաջ հարկավոր են Խելք, Բանականություն, Պատասխանատվություն, Միասնականություն։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image