Քաղաքականություն

Փաշինյանը քաղաքակա՞ն հոգեվարքի մեջ է, թե՞ ֆիզիկական

Փաշինյանը քաղաքակա՞ն հոգեվարքի մեջ է, թե՞ ֆիզիկական

Մայիսի 28-ն Առաջին Հանրապետության տոնն է, բայց այս մայիսի 28-ին ես պատահաբար եւ առաջին անգամ տեսա մի լուսանկար, որ Երկրորդ Հանրապետության ժամանակներից է եւ իր բովանդակությամբ ու խորությամբ բոլոր հոդվածներից ավելին արժե։ Լուսանկարն արվել է 1978թ․ մայիսի 28-ին, երբ Հայաստանը նշել է Սարդարապատի հաղթանակի 60-ամյակը։ Այդ առիթով հերոսամարտի մասնակիցներին ու նահատակներին հարգանքի տուրք մատուցելու համար Հայաստան են ժամանել Ադրբեջանի եւ Վրաստանի առաջնորդներ Հեյդար Ալիեւը եւ Էդուարդ Շեւարդնաձեն։ 

Լուսանկարը հրապարակում ենք։ ՔՊ-ական խառնակույտը թող երկար նայի այս լուսանկարին եւ գիտակցի, որ իրենց համար որքան էլ անհասանելի ու անըմբռնելի՝ նման հասկացություններ գոյություն ունեն՝ «պետություն», «իշխանություն», «հեղինակություն», «առաջնորդություն», Հայաստանն այդ ամենն ունեցել է եւ հիշում է, դրա համար էլ տանել չի կարողանում ՔՊ-ական խաժամուժին՝ Փաշինյանի պարագլխությամբ։ Իսկ այն, որ Հայաստանում շատերի համար ընդունելի չէ պրոռուսական ուղղությունը, եւ գոհ են ներկայում վարվող պրոարեւմտյան քաղաքականությունից, ՔՊ-ականները թող իրենց չվերագրեն եւ չկարծեն, թե իրենք որեւէ մեկի համար ընդունելի են դառնում։

Միքայել արք․ Աջապահյանը Սարդարապատում մայիսի 28-ին մի հրաշալի հարցազրույց էր տվել ՔՊ-ական խառնակույտի մասին եւ ի մասնավորի ասել, թե Փաշինյանը Պապ թագավորի ոտնահետքն էլ չարժե։ Իրականում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 4500-ամյա պատմության մեջ եղած ոչ մի առաջնորդի ոտնահետքը չարժե՝ Հայկազունիների, Արարատյան, Երվանդունիների, Արտաշիսյանների արքայատներից եւ արքաներից մինչեւ Հայաստանի Առաջին, Երկրորդ, Երրորդ հանրապետությունների ղեկավարներ։ Նա կարող է ամենաշատը համեմատվել վերջին երկու նախագահների հետ, ինչն էլ օրնիբուն ու փրփրաբերան անում է, բայց չի երեւում, թե համեմատությունը հօգուտ իրեն է։ 
Այսքանը՝ մայիսի 28-ի նվիրական տոնի մասին, իսկ այժմ՝ երկու էական իրադարձությունների մասին, որ տեղի ունեցան 2024-ի մայիսի 28-ին։ 

Սուրբ Երկրում՝ ըստ Աստվածաշնչի

2024-ի մայիսի 28-ը միջազգային ասպարեզում նշանավորվեց նրանով, որ Արեւմտյան Եվրոպայի երեք ազդեցիկ պետություններ, այդ թվում՝ Նորվեգիան, որը 1990-ականներին տարիներ շարունակ միջնորդել եւ հյուրընկալել էր Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ գաղտնի շփումները, այնուհետ հաշտության բանակցությունները, որ ավարտվել էին Օսլոյի համաձայնությունների կնքումով, այսօր, ըստ Աստվածաշնչի, Ավետյաց երկրում՝ Իսրայել-Պաղեստինում ահագնացած ճգնաժամին եւ Գազայի գոտում Իսրայելի կողմից գործադրվող գազանություններին վերջ դնելու այլ ուղի չտեսավ, քան պաշտոնապես Պաղեստինի պետության ճանաչումը։ 2024-ի մայիսի 28-ին Պաղեստինի պետությունը ճանաչեցին նաեւ Իսպանիան եւ Իռլանդիան։ Ինչն ավելի ոգեւորիչ է՝ նրանց օրինակին հետեւելու մտադրության մասին բարձրաձայնեցին մի շարք այլ ԵՄ երկրներ։ Սա բեկումնային պահ է։ Այո՛, Պաղեստինի պետությունը ճանաչում է համարյա նույնքան պետություն, որքան Իսրայելը՝ 150-ի կարգի, սակայն Պաղեստինի պետությունը ճանաչողների ցանկից բացակայում էին Արեւմտյան Եվրոպայի երկրները, այժմ այդ դուռն էլ բացվեց։ Իսրայելի վայրագ եւ հակաօրինական արշավը Գազայում Արեւմտյան Եվրոպային էլ է թեքում ընդդեմ Իսրայելի։

Այն, ինչից Իսրայելում անթաքույց սարսափում են՝ նախագահ Հերցոգից մինչեւ շարքային քաղաքացիներ, թե Իսրայելի պետությունն իր գոյության 80-ամյակին չհասած, կարող է կործանվել, Բենջամին Նաթանյահուի կառավարության հանցանքների արդյունքում միանգամայն հավանական սցենար է թվում։ Որ 20-րդ դարում Իսրայելի նոր պետություն կհիմնադրվի եւ գոյության 80-ամյակին չհասած՝ այդ պետությունը կկործանվի, գուշակել է Թալմուդը հեղինակած անվանի ռաբբիներից մեկը դեռ միջնադարում։ Սակայն ավելի չարագուշակ իրողությունն այն է, որ պատմության ընթացքում հրեաների ստեղծած երկու պետություններն էլ, գոյության 80 տարին չբոլորած, կործանվել են, հետեւաբար գուշակությունները, թե երրորդն էլ կարող է կործանվել՝ ճակատագրի եւ պատմության կրկնություն է թվում։ 

Ինչեւէ, մինչեւ Իսրայելի գոյության 80-ամյակը չորս տարի է մնացել (Իսրայելի պետությունը հռչակվել է 1948-ի մայիսի 14-ին), 2028-ին Իսրայելի պետություն գոյություն կունենա, թե ոչ՝ ամենքս կտեսնենք, բայց որ պաղեստինցիները, հույսը պատմության կրկնության եւ Թալմուդի գուշակությունների վրա չդնելով, սպասումներին զուգահեռ սեփական պետությունն են ջանում կայացնել, փաստ է, եւ 2024-ի մայիսի 28-ին այդ ճանապարհին դարակազմիկ նվաճումներից մեկն արձանագրեցին։ Սկիզբ առավ Արեւմտյան Եվրոպայի երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը։ 

Իսկ նույն այդ ժամանակ Սուրբ երկիր համարվող Իսրայել-Պաղեստինից ոչ այնքան հեռու, Աստվածաշնչի գրվելուց հազարամյակներ առաջ, դեռ «Գիլգամեշի պոեմը» ստեղծողների կողմից Սուրբ Երկիր անվանված ու երկրպագության վայր ու առարկա եղած Հայաստանում, ավելի ստույգ՝ Մեծ Հայքի 15 աշխարհներից հազիվ 3-4-ի տարածքում բարձրացող մերօրյա Հայաստանի Հանրապետությունում վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն այնպես է ահաբեկված իր մոտալուտ վախճանից, ինչպես հրեաներն անգամ երեւի չեն սարսափում իրենց պետության 80-ամյակ չբոլորելու հեռանկարից։ Մայիսի 28-ին Սարդարապատում բեմադրված հոգեգարության այդ տեսարանը, երբ ոստիկանական համազգեստ հագած խաժամուժը խոչընդոտում էր Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, Փաշինյանի քաղաքական վախճանի ազդարարումն էր՝ ի տես աշխարհի։

Աստվածաշնչից էլ առաջ Սուրբ Երկիր համարված Հայաստանում 

Առանց այն էլ հոգեկան առողջության եւ մտքի սթափության հետ անքողարկելի խնդիրներ ունեցող Փաշինյանն ինքնատիրապետումը բոլորովին կորցրել է այն իրողությունից, որ իր հրաժարականի պահանջով համարյա նույնքան մարդ է հավաքվում Հանրապետության հրապարակում, որքան 2018-ին։ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն ավելի մեծ զանգվածներ չի ընդգրկում լոկ այն պատճառով, որ կամա-ակամա Հայաստանում առկա պրոռուսական մարգինալ ուժերի կողմից՝ սրբազանի շարժմանը միանալու արդյունքում շարժումը պրոռուսական շահերին ծառայելու վտանգ է ստեղծվել, եւ դա էլ բավական է, որ շատերն այդ շարժմանն առանձնապես չաջակցեն։ Պրոռուսական որեւէ շարժում երբեւէ Երեւանում հաջողության չի հասել եւ չի հասնի։ Եվս մեկ անգամ այս իրողությունն այսօր տեսնում են թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը։

Սակայն, մյուս կողմից, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը՝ իր մարող-ուժգնացող ռիթմիկայով, այնուամենայնիվ, ցույց է տալիս, թե որքան մերժված եւ ատելի է Փաշինյանը Հայաստանում։ Պրոարեւմտյան ուղղություն որդեգրելը որքան էլ ճիշտ է, Փաշինյանին չի փրկում, մինչդեռ կա իրական վտանգ, որ Փաշինյանի անձը կարող է երկրի պրոարեւմտյան կողմնորոշումն ու ընթացքը վարկաբեկել։ Ռուսաստանում, երեւում է, գիտակցել են, որ ռուսամետությունը Հայաստանում չունի աջակցություն, ինչի արդյունքում էլ որեւէ կերպ չեն աջակցում մարգինալ պրոռուսական ուժերին, որոնք այսօր հրապարակում են։ 

Այժմ Արեւմուտքի հերթն է՝ գիտակցելու, որ հեղինակազուրկ, մերժված, ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը պետք է փոխարինվի նոր անձով։ Պրոարեւմտյան դաշտից պետք է գտնվի նոր անձ՝ Փաշինյանին փոխարինելու, որովհետեւ որքան էլ ճիշտ է ասացվածքը, թե «ընթացքի ժամանակ ձիերին չեն փոխում», Փաշինյանին փոխարինող ադեկվատ եւ առողջ անձ գտնելն օր-օրի հրամայական է դառնում՝ հենց Հայաստանի պրոարեւմտյան ընթացքը չվտանգելու համար։ Նման անձ երբ գտնվի եւ եթե արդեն կառավարությունում չլինի, կարող է վարչակազմ մտցվել որեւէ նախարարական, փոխվարչապետի կամ այլ պաշտոնով, այնուհետ Փաշինյանի հրաժարականի եւ հեռացման հարցը լուծվի։

Երեւում է՝ Փաշինյանը գիտակցում է, որ իր ժամը հնչել է, ինքը հեռանալու է, հնարավոր է ամիսների հարց լինի նոր անձի գտնվել, ասպարեզ գալը։ Կամ գուցե երկյուղում է, թե կարող է հեռանալուն բանը չհասնել, այլ Պապ թագավորի ճակատագիրն ունենալ, դրա համար էլ խորհրդարանում ճչում է․ «Պապ թագավորը չի սպանվելու․․․», երբ Պապ թագավորը վաղուց է սպանվել՝ հույների ձեռամբ։ Իհարկե, Փաշինյանն այնքան անգրագետ է, որ Հայոց 4500 տարվա պատմությունից հազիվ Պապ թագավորին առնչված 4,5 տարվա հատվածն է ունակ եղել սովորելու, այդուհանդերձ, զարմանալի չի լինի, եթե այդ 4,5 տարվա պատմությունն էլ կարգին սովորած չլինի եւ չիմանա, որ Բյուզանդիայի Վասիլ կայսրն է խնջույքում Պապին թունավորել եւ սպանել։ Քրիստոնեությունը, հոգեւորականությունը, Հայաստանյայց առաքելական եկեղեցին Պապի վախճանի հետ որեւէ առնչություն չեն ունեցել։ Այլ բան, որ եկեղեցուց Պապին նախատել են, որովհետեւ, ինչպես Խորենացին է գրում, «ամոթալի ախտով գարշելի կյանք էր վարում»։  

Հավանաբար, Փաշինյանի ուղեղում պտտվում է նախազգացումը, թե ինքն էլ կարող է Պապ թագավորի ճակատագիրը կիսել, դրա համար է ճչում, թե Պապը չի մահանա։ Հակառակ պարագայում կմնա կարծել, թե Պապ թագավորի «ամոթալի ախտով վարած գարշելի կյանքն» է Փաշինյանին այդպես գերել, որ ցանկանում է, որ դա չվերջանա։ Փաշինյանն իր ֆիզիկակա՞ն վախճանից է անքողարկելի ահաբեկված, թե՞ քաղաքական, դա էլ ինքը կիմանա։ 

Ամեն պարագայում, որ տարբերակն էլ լինի, քանի դեռ Փաշինյանը ողջ է եւ ի դժբախտություն թե´ իրեն, թե´ Հայաստանի՝ զբաղեցնում է ՀՀ վարչապետի աթոռը, ճիշտ կվարվի՝ դադարեցնի բարբաջանքները Հայաստանյայց առաքելական եկեղեցու, քրիստոնեության եւ խաչի դեմ։ Փաշինյանը թող հույս չունենա, թե հրեական Tanakh-ից մի-երկու սաղմոս կարդալով քրիստոնեության եւ Հայոց առաքելական եկեղեցու դեմ գործած իր մեղքերին թողություն է լինելու՝ այս աշխարհում կամ հանդերձյալ։ Մանավանդ նրանից հետո, երբ 2024-ի մայիսի 28-ին ոստիկանական համազգեստ հագած իր կենդանիները փորձեցին խոչընդոտել Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատ։ Դրա համար ոչ միայն այդ կենդանիներին ու դրանց հարազատներին արժե, որ առհավետ եկեղեցու որեւէ ծես մերժվի՝ կնունք լինի, պսակադրություն, հուղարկավորություն, խոստովանություն, թե այլ, հատկապես այդ կենդանիներին վարժեցնողները՝ ՆԳ նախարարից սկսյալ պետք է պաշտոնանկ արվեն։ Հաջորդ իշխանությունը կարող է նրանց արդեն արդարադատության առջեւ կանգնեցնել՝ հայոց բարձրագույն խորհրդանիշներից ու Աթոռներից մեկի նկատմամբ պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image