Հասարակություն

Արդեն երգում ա…

Արդեն երգում ա…

ՔՊ-ն պատրաստ չէր իրադարձությունների կտրուկ շրջադարձի: Այն, որ ժողովուրդը միանշանակ ու միաբերան մերժում է ՔՊ-ական իշխանությանը, հայտնի էր ավելի շուտ, բայց որ ընդդիմությունն արագ կկողմնորոշվեր եւ կգնար ուժերի խոշորացման ուղղությամբ, անսպասելի էր քաղաքական խարդավանքների վարպետ ՔՊ-շնիկների համար: ՔՊ-ական քարոզչամեքենան ակնհայտ «սբոյներ» է տալիս, երեկվա ասածը մոռացած՝ այսօր ուրիշ բան է ասում, մի ՔՊ-շնիկ՝ մի բան, մյուսը՝ մի ուրիշ բան, իրար են խառնել արտաքին քաղաքական բոլոր հնարավոր վեկտորները: Իսկ ամենածանր վիճակն էլ ստեղծվել է իրավապահ ոլորտում, որ մինչ այս համարվում էր ՔՊ-ի քաղաքական հրետանին: Դատախազությունն այստեղից-այնտեղից գործեր է «կպցնում», կարում-կարկատում, իսկ վնգստացող դատավորները տնային կալանքից այնկողմ բան չեն կարողանում որոշել: Ալամ ՔՊ-ի առաջնորդի կինն էլ էս թարս մոմենտին առաջնորդի հետ «պսակվելու» ժամանակ է գտել…

Խոսքը մեր մեջ՝ առաջնորդն էլ այլեւս չի կարող որեւէ բան փոխել քաղաքական ներքին վերադասավորումների մեջ: Նա ոչ միայն ժամանակ չունի իր շուրջը ընտրազանգված գեներացնելու, այլեւ հնարավորություն՝ մինչ այս իր հայտարարած քիչ թե շատ քաղաքական խնդիրների վրա կենտրոնանալու: «Խաղաղության խաչմերուկ», «տարանցիկ երկիր», TRIP, «սահմանազատում», «սահմանագծում», «պաշտպանության ոլորտի բարեփոխումներ», «օտարերկրյա ներդրումներ», «աշխատատեղեր», «IT հրաշքներ», «տիեզերագնացություն», «հայրենադարձություն», «ազգաբնակչության թվի կրկնակի աճ», «թոշակների բարձրացում», «ասֆալտ-ճանապարհաշինություն»… Ամեն ինչ տապալել է: Ամենահասարակ բանը վերցնենք՝ աշխատատեղերը: Իր իշխանության առաջին օրից մինչ օրս աշխատատեղեր է բացել միայն հնդիկների, աֆղանցիների, պակիստանցիների, ռուս եւ ուկրաինացի ռելոկանտների համար: ՔՊ-ն մի ոչ պակաս դդում էլ ԱԺ-ում ունի: Երկու օր առաջ նա էր հայտարարել, որ իրենք Հայաստանը վերածել են մի երկրի, ուր այլ երկրներից մարդիկ «խոպան» են գալիս: Առաջնորդի սրտից արյուն է կաթում, հասկանում ես, իսկ սա, տեսեք, ինչի վրա է ուրախացել:

Ինչեւէ, վերը թվարկված փուչիկները սկսել են պայթել լույսի արագությամբ, իսկ առջեւում ընտրություններն են: Ի՞նչ են ասելու ընտրողին, ինչպե՞ս են նայելու նրա աչքերի մեջ, ո՞ւր են 2021-ին նրան տված խոստումները: Կկարողանա՞ն գոնե մի մարդավարի հանդիպում կազմակերպել ընտրողի հետ, խոսել, բացատրել անհաջողությունների պատճառները: Խոսքը ոստիկաններով, «700 հազար դրամ» աշխատավարձ ստացող վարժապետներով ու սուտի մտավորականներով հանդիպումների մասին չէ: Ես նկատի ունեմ այն պարզ ու անմիջական հանդիպումները, որ այս օրերին կազմակերպում են ընդդիմադիր ուժերն ու հանրությանը հնարավորություն տալիս ազատ արտահայտվելու:

Որքա՞ն մարդ է այսօր ՔՊ-ում լուռ դատապարտում իր առաջնորդի հակաեկեղեցական արշավը… Հաշվե՞լ են: Կեղծ ու պիղծ պատարագները հրաշալի առիթ էին, որ իրենք իրենց հաշվեն: Թիվը՝ դեռ մի կողմ… Բա դրանց բովանդակության ու «խորքի» մասի՞ն ինչ ասեմ: Թե բա՝ կաթողիկոսի անունը զեղչել ենք պատարագից: Այդքան բա՞ն: Իսկ որ հանրության «սրտից» ամեն կեղծ պատարագի զեղչվում էր ոստիկանական գնդերով շրջող վարչապետի անունը, դա ոչի՞նչ, էն, որ ամեն պղծության առիթով տասնյակներով ՔՊ-շնիկներ էին խայտառակվում, ոչի՞նչ: Էն, որ ամեն մի հակաեկեղեցական արշավից հետո հայ էր թշնամանում հայի հետ, ոչի՞նչ: Էն, որ այդ ամենի արդյունքում այսօր մի դյուժին տիրադավ հոգեւորականներ ունենք, ոչի՞նչ: Այստեղ են ասել՝ բա ձեզ պե՞տք էր՝ բաց քամակներիդ կատու շալակել… Եվ պատկերացրեք, որ այսօր շատ ՔՊ-շնիկներ են լռելյայն այս հարցը տալիս իրենց առաջնորդին:

Ասում է՝ իմ դարդն ինձ քիչ էր, հարեւանս էլ  «Iphon» (այֆոն) է առել: Սրանցն է հիմա՝ այսքանը քիչ էր, ընդդիմությունն էլ սկսել է միավորվել, դաշինքներ կազմել, խոշորանալ: ԱԺ-ում ՔՊ-ն մի դդում էլ ունի, որ օժտված է վտանգն զգալու բացառիկ ունակությամբ: Բառաչել էր, թե՝ հասեք, օլիգարխները միավորվում են, իսկ որ ընտրություններում հաղթեն, էլ՝ վերջ, կոռուպցիայի դեմ պայքարը կավարտվի: Հավանաբար, նկատի ուներ Գագիկ Ծառուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի գլխավորած քաղաքական թիմերի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շուրջ համախմբումը: Տո այ դդում, տո այ քաղաքական դհոլ, էն, որ ալամ ՔՊ-ի շեֆն ու քո անմիջական ղեկավարն ասել էին, թե իրենց օրոք ՀՀ-ում այլեւս օլիգարխ չկա, դա հե՞չ: Էն, որ ալամ ՔՊ-ի շեֆը կմկմում էր ու չէր կարողանում բացատրել, թե ինչ են արել պարտքով վերցված 8,5 միլիարդ դոլարը, դա՞ էլ հեչ: Այ տղա, ՔՊ-ի կեսն այսօր օլիգարխ է, դուք ուրիշ տե՞ղ եք օլիգարխ ման գալիս, 8,5 միլիարդով 3 հատ հնդկական «պիստալետ» առել, անորակ ասֆալտ եք փռել եւ ուրիշ տե՞ղ եք կոռուպցիա փնտրում… Իսկ գուցե ավելի ճիշտ կլիներ խոստովանե՞լ, որ վիճակներդ ծանր է, որ հարցումները խայտառակ պատկեր են ցույց տալիս, որ մեկ ճակատով, այն է՝ ձեզ վռնդելու օրակարգով հանդես եկող ընդդիմության դեմ խաղ չկա, որ իշխանությունը պահելու հավանականությունը միայն տեսական է…

ՀԳ. Նահանջը երկու տեսակ է լինում՝ երգով եւ առանց երգի: ՔՊ-ն, կարծես, ընտրել է առաջին տարբերակը՝ երգում ա… Արդեն երգում ա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image