Քաղաքականություն

ԱՄՆ-ի Սպիտակ տանը նախաստորագված համաձայնագիրը վաղ թե ուշ արևելյան երկրի բռնապետի կողմից նետվելու է աղբարկղ

ԱՄՆ-ի Սպիտակ տանը նախաստորագված համաձայնագիրը վաղ թե ուշ արևելյան երկրի բռնապետի կողմից նետվելու է աղբարկղ

Մեկ շաբաթ առաջ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երևանում 0։5 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից: Ֆուտբոլասերները խնայեցին նորանշանակ գլխավոր մարզչին՝ մեղադրելով Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը: Բայց գլխավոր մեղավորը, բնականաբար, երկրի գլխավոր հեծանվորդն է: Ով հեծանվային արշավներով տարված՝ լրիվ աչքաթող է արել ֆուտբոլը՝ նախկինների նախկինների ժամանակ մեր հպարտության առարկան: Բայց դա բնական է, քանի որ, ինչպես պարզվեց, անցյալով հպարտանալու փոխարեն մենք պետք է հպարտանանք այսօրվա ձեռքբերումներով: Իսկ այսօրվա ձեռքբերումներից է, օրինակ, հեծանվավազքի գծով «Վարչապետի գավաթ» մրցաշարի օրը դպրոցականների հետ 40 կմ կտրելը: Քանի որ այլ ձեռքբերումներ հորիզոնում կարծես թե չեն երևում, իսկ մեր ունեցածն էլ ընդամենը հեծանվավազքն է՝ դա էլ գործող իշխանությունը փորձում է դարձնել այսօրվա մեր հպարտության առարկան:

Իհարկե, շատ վատ է, որ մրցաշարը կազմակերպվել էր հենց 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի օրը: Բայց դրանով հասարակությանն ուղղակի ուղերձ է հղվում, որ իր արժեքային համակարգում առկա չէ, նախ, Հայաստանի տարածքային կորուստների փաստը: Եվ երկրորդ՝ հանուն հայրենիքի զոհաբերության գաղափարը: Ու, ըստ այդմ, նշանակություն չունի, թե զոհերը չորսն են, քսանչորսը կամ 224-ը: Ճիշտ այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո, սկզբնական շրջանում զոհերի թիվը ներկայացվում էր ինչ-որ քանակից 50-ով ավելի կամ պակաս: Հետո, երբ գիտակցեց, որ «սիրելի» ժողովուրդը կրկնակի շոկի մեջ է ընկնում քանակի «պլյուս-մինուսից», փորձեց արձանագրել կոնկրետ թիվ, բայց շատ ավելի փոքր, քան դա ներկայացվում էր ընդդիմության կողմից:

Ասեմ, որ զոհերի կոնկրետ քանակի նկատմամբ անտարբերությունը երկրի՝ բռնապետության ճանապարհը բռնած կամ արդեն բռնապետի վերածված, ղեկավարի մտածողության դրսևորում է: Քանի որ նման անձի տեսակետից մարդկային զոհերն ընդամենը սեփական իշխանության պահպանման վարձն են, իսկ արժեքավորը հենց իր իշխանությունն է: Մեր խնդիրն այն է, որ թե՛ շուրջ հինգ և թե՛ երկու կամ երեք տարի առաջ և թե՛ այսօր մեր հասարակության մեծ մասն այդ հանգամանքի վտանգավորությունը չէր (նաև չի) գիտակցում:

Հասարակության մեծ մասը խորը մտածելու սովորույթ չունի, ու դա օգտագործվում է գործող իշխանության կողմից: Ով գեբելսյան (նացիստական) բազմաթիվ մեթոդներ օգտագործելով՝ ձգտում է հասարակության կիսագրագետ մասի շրջանում ձևավորել սեփական արժեքները՝ լինեն դրանք իսկապես արժեքներ (Արագած սարն, օրինակ), թե դրանց ձեռառնոցիներ (ինչպես նախկինում՝ պարտությամբ, կամ թեկուզ այսօր՝ հեծանվավազքով, հպարտանալը): Իսկ հասարակության կիսագրագետ հատվածը մեր օրերում մեծամասնություն է կազմում՝ չնայած ժամանակին հպարտանում էինք գիտնականների կամ ընդհանրապես բուհական կրթությամբ անձանց բարձր տեսակարար կշռով:

Այնպես որ 2022 թվականի այս օրերի ադրբեջական ագրեսիան ու դրա զոհերին հիշատակելու փոխարեն «Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացումը Նիկոլի դեպքում պետք է դիտարկել բնական գործընթաց: Ճիշտ այնպես, ինչպես համերգներ ու այլ միջոցառումներ կազմակերպելը, ինչը նպատակ ունի մոռացության մատնել պարտություններն ու զոհերը, քանի որ դրանք ինքն արդեն փոխարինել է, այսպես կոչված, խաղաղության նախաստորագված համաձայնագրով: Այդ պայմաններում հանրության գրագետն ու հայրենասեր հատվածի խնդիրը մարդկանց հիշեցնելն է զոհերի ու տարածքային կորուստների մասին: Ինչպես նաև շարունակ աճող ադրբեջանական պահանջների մասին: Այդ հանգամանքի առկայության պարագայում ԱՄՆ-ի Սպիտակ տանը նախաստորագված համաձայնագիրը վաղ թե ուշ արևելյան երկրի բռնապետի կողմից նետվելու է աղբարկղ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image