Վերլուծություն

Հավելյալ 1 միլիարդ դոլարը Նիկոլ Փաշինյա՞նն է վճարելու, թե՞ Ալեն Սիմոնյանը

Հավելյալ 1 միլիարդ դոլարը Նիկոլ Փաշինյա՞նն է վճարելու, թե՞ Ալեն Սիմոնյանը

Եթե իշխանության ներկայացուցիչները գոնե մեկ-մեկ կարդան Հայաստանի սահմանադրությունը, կհամոզվեն, որ իրենց կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը եւ դրա հիմնավորումները ոչ միայն հակատրամաբանական են, այլեւ՝ նույնիսկ հակասահմանադրական: Կարդացեք Սահմանադրության 86-րդ հոդվածը, որը սահմանում է պետության քաղաքականության հիմնական նպատակները, այսինքն՝ սահմանում է, թե ինչի համար գոյություն ունի պետությունն ընդհանրապես:

Սահմանադրության այդ հոդվածում ասվում է. «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են․ 1) գործարար միջավայրի բարելավումը եւ ձեռնարկատիրության խթանումը, 2) բնակչության զբաղվածության խթանումը եւ աշխատանքի պայմանների բարելավումը»: Այս հոդվածում էլի կետեր կան, բայց տնտեսությանը վերաբերողը սրանք են, եւ դրանք համարվում են առաջնային նպատակ: Իսկ հաջորդ՝ 87-րդ հոդվածում, որը վերնագրված է՝ «Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը», ասվում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների եւ հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները»: Սահմանադրության 156 հոդվածը վերաբերում է կառավարության կողմից իր իրականացրած ծրագրերի եւ դրանց արդյունքների վերաբերյալ Ազգային ժողովին զեկույց ներկայացնելուն: Ինչ պետք է զեկուցի կառավարությունն ԱԺ-ին՝ 86-րդ հոդվածի պահանջների կատարման մասով, իրենց իրականացրած արտաքին քաղաքականության արդյունքում` գործարար միջավա՞յրն են բարելավել, ձեռնարկատիրությո՞ւնն են դրանով խրախուսել, թե՞ բնակչության զբաղվածությանը խթանել:

Իշխանությունն ասում է, որ իրեն հետաքրքրում են ոչ թե առանձին վերցրած մեկ կամ մի քանի ընկերությունների տնտեսական, բիզնես շահերը, այլ երկրի ինքնիշխանությունը, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ Ռուսաստանն օգտագործի իր տնտեսական լծակները եւ Հայաստանին պարտադրի իր շահերին դեմ քայլեր անել: Իսկ թե որն է այդ շահը, ոչ մեկը մինչեւ այսօր չի ձեւակերպել: Իշխանությունը Հայաստանի ինքնիշխանությունը եւ երկրի տնտեսական շահը հակադրում է իրար, այն դեպքում, երբ անկախությունը հենց երկրի տնտեսական շահերը պաշտպանելու կարողությունն է: Արդեն տեղեկություններ կան, որ Ռուսաստանը սկսել է պատժամիջոցներ իրականացնել Հայաստանի տարբեր ընկերությունների նկատմամբ, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքներ արտադրող Պռոշյանի կոնյակի գործարանը զրկվել է Ռուսաստան ապրանքներ արտահանելու արտոնագրից:

Դժվար չէ պատկերացնել, որ այդ նույն խնդրի առաջ կանգնելու են իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանող հազարավոր այլ ընկերություններ, որոնց տերերի մի մասը վարակված է հակառուսականությամբ, նրանք սիրում են փող աշխատել հետամնաց եւ վայրենի Ռուսաստանում, բայց այդ փողը ծախսել առաջադեմ եւ զարգացած Եվրոպայում: Ռուսաստանը հասկացնում է, որ եթե դուք այդքան առաջադեմ եւ լուսավորյալ եք, եթե պաշտպանում եք ձեր իշխանության եվրաինտեգրման քաղաքականությանը, ապա պետք է հրաժեշտ տաք ռուսական շուկային եւ ձեր արտադրանքը վաճառեք եվրոպական եւ ամերիկյան շուկաներում: Պատկերացնո՞ւմ եք՝ Պռոշյանի կոնյակը եվրոպական կամ ամերիկյան որեւէ շուկայում վաճառվելիս, չեք պատկերացնում, չէ՞: Համեմատության համար ասենք, որ նույնիսկ Երեւանի կոնյակի գործարանի արտադրած կոնյակն ԱՄՆ-ում վաճառվում է ավելի էժան, քան՝ Երեւանում, Հայաստանում: Այո, դուք ճիշտ լսեցիք, ԱՄՆ-ում «Ախթամարը» կամ այլ կոնյակներ ավելի էժան են, ոչ թե Ռուսաստանի, այլ Երեւանի գներից, որովհետեւ չեն կարողանում մրցակցել համաշխարհային բրենդների հետ:

Արդյոք կառավարությունը եւ նրա առանձին ստորաբաժանումներ, հանդիսանալով պետական կառավարման մարմին, առաջնորդվո՞ւմ են Սահմանադրության նշված պահանջներով, արդյոք ԵԱՏՄ-ից դուրս գալու շանտաժը, Ռուսաստանի հետ տնտեսական եւ այլ կապերի խզումը նպաստո՞ւմ են այս նպատակների իրականացմանը: Եթե Ռուսաստանը սպառնում է փակել իր շուկան եւ թույլ չտալ հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան, դա գործարար միջավայրի բարելավո՞ւմ է, թե՞ ձեռնարկատիրության խրախուսում, եթե տասնյակ եւ հարյուր հազարավոր հայ ֆերմերներ զրկվելու են իրենց արտադրանքն արտահանելու հնարավորությունից, իսկ վերամշակող ձեռնարկությունները մնալու են առանց պատվերի, արդյո՞ք դա բնակչության զբաղվածության խթանում է: Եթե գազի գինը կարող է 177,5 դոլարից դառնալ 600 դոլար, ինչո՞վ է դա նպաստելու սոցիալական վիճակի բարելավմանը: Հայաստանում հարյուրավոր եւ հազարավոր ջերմատնային տնտեսություններ կան, որոնք կառուցվել են էժան գազի եւ իրենց ապրանքը Ռուսաստանում իրացնելու հաշվարկով: Հայաստանը տարեկան Ռուսաստանից ներմուծում է 2 միլիարդ եւ ավելի խորանարդ գազ, ամենապարզ հաշվարկը ցույց է տալիս, որ գնի նման կտրուկ թանկացումը Հայաստանի տնտեսության վրա կարժենա հավելյալ 1 միլիարդ դոլարի ծախս, դա Նիկոլ Փաշինյա՞նն է վճարելու, թե՞ Ալեն Սիմոնյանը:

Հակադարձում են, որ եթե Ռուսաստանը մեզ որոշի պատժել, ԵՄ-ն կօգնի: Ուզում եմ մեջբերել ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դեն Յորգենսենին, որը երկու օր առաջ ԵՄ քաղաքացիներին կոչ է արել՝ խնայել վառելիքը․ աշխատել տնից, վարել ժամում 10 կիլոմետր ավելի դանդաղ եւ օգտագործել գնացքներ՝ ինքնաթիռների փոխարեն։ «Նույնիսկ եթե վաղը խաղաղություն գա, մենք շուտով չենք վերադառնա նորմալ կյանքի»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image