Այլ

«Հրապարակ». Կիեւը սկսել է լրջորեն մտածել պատերազմը դադարեցնելու մասին

«Հրապարակ». Կիեւը սկսել է լրջորեն մտածել պատերազմը դադարեցնելու մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի ԱՊՀ երկրների ղեկավարներին «համոզի» գալ Շվեյցարիա՝ հունիսին կայանալիք «խաղաղության գագաթնաժողովին» մասնակցելու: Նրա խոսքով՝ այս հարցում ներգրավված է եղել «ծանր հրետանին». Զելենսկուն օգնության են հասել նաեւ Կիեւի արեւմտյան կուրատորները, որոնք նույնպես անձամբ են զանգահարել եւ կրկին ձախողվել են։ «Զելենսկին եւ նրա արեւմտյան «ընկերները» սկսել են անձամբ խնդրել ԱՊՀ երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք մասնակցեն այդ «հավաքին»... Ոչ ոք չի համոզվել»,- ասել է փոխնախարարը։

ԱՊՀ անդամ է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եւ, դատելով Գալուզինի հայտարարությունից, ենթադրվում է, որ Կիեւը նույն նպատակով կապ է հաստատել նաեւ պաշտոնական Երեւանի հետ: Այդ դեպքում, ինչպես պնդում է ռուս դիվանագետը, Հայաստանն է՞լ է մերժել Զելենսկու հրավերը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնեց Մալթա, որտեղ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձեւի» քննարկումներին։ Երկօրյա համաժողովը կրկին կազմակերպվել էր Կիեւի նախաձեռնությամբ: Ի դեպ, նույն ամսվա սկզբին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի էր ունեցել Փաշինյան-Զելենսկի ոչ ֆորմալ, ինչպես ասում են՝ «ոտքի վրա» հանդիպումը: Ուկրաինայի նախագահի խոսքով, քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային խնդիրները, ինչպես նաեւ Երեւանի ու Կիեւի փոխգործակցության հարցերը: ՀՀ վարչապետը, մեծ հաշվով, չմեկնաբանեց հանդիպումը՝ ասելով միայն, որ «կարճ զրույցներ» է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է Կիեւի նոր նախաձեռնությանը, ապա Երեւանում պաշտոնապես ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են շվեյցարական համաժողովին մասնակցությունը: Թեեւ լուրեր կան, որ Փաշինյանը մասնակցելու է: Նրա խոսնակն ու կառավարության լրատվականը երբեք չեն պատասխանում հեռախոսազանգերին: Ամենեւին զարմանալի չի լինի, եթե դեպի Արեւմուտք վերակողմնորոշված փաշինյանական ռեժիմը որոշի ընդունել Ուկրաինայի նախագահի հրավերը՝ իրեն չզրկելով Կրեմլին եւս մեկ դեմարշ ցույց տալու գայթակղությունից: Ուկրաինայի հարցով համաժողովը նախատեսված է հունիսի 15-16-ը՝ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ հանգստավայրում, Լյուցերն քաղաքի մոտ: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը (նախարարությունը) օրերս հայտնել է, որ Բեռնը հրավիրել է ավելի քան 160 պատվիրակություն, այդ թվում՝ «Մեծ 7-ից», «Մեծ 20-ից», եւ ԲՐԻԿՍ-ի երկրներից։

Ըստ շվեյցարական իշխանությունների՝ Ռուսաստանն այդ միջոցառմանը հրավիրված չէ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» եւ որեւէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը: Նրա խոսքով, Ռուսաստանը չի տեսնում Արեւմուտքի կողմից «խաղն ազնվորեն վարելու ցանկություն»։ ՌԴ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում Կիեւի հետ հակամարտության խաղաղ կարգավորումից: Ուշագրավ է նաեւ Զելենսկու հայտարարությունը, թե Շվեյցարիայի համաժողովի արդյունքներով կարող է նոր օրակարգ ի հայտ գալ, որտեղ բացառված չէ Ռուսաստանի մասնակցությունն այդ թեմայով մեկ այլ ձեւաչափի հանդիպմանը: Ասել է թե՝ Ուկրաինայի նախագահը դռները չի փակում Մոսկվայի հետ երկխոսության համար, ինչպես մինչ այժմ կտրականապես բացառում էր՝ նույնիսկ օրենքով արգելանք սահմանելով իր իսկ անձի վրա:
Հայտնի է նաեւ, որ ԱՄՆ-ն հաստատել է իր մասնակցությունը, սակայն ոչ նախագահ Բայդենի մակարդակով. համաժողովին ներկա կգտնվեն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Չինաստանն ու եւս մի քանի երկիր մերժել են Զելենսկու հրավերը: Այս ամենը, իհարկե, որոշակիորեն անլրջացնում է Զելենսկու նախաձեռնությունը, բայց մյուս կողմից ակնհայտ է դարձնում, որ Կիեւի իշխանությունները սկսել են լրջորեն մտածել պատերազմը դադարեցնելու եւ խաղաղության ուղիներ փնտրելու մասին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image